Հարցազրույց

21.05.2014 10:40


Վաչե Գաբրիելյան. «2009թ. մարտի 3-ին հանցագործություն չի՛ եղել»

Վաչե Գաբրիելյան. «2009թ. մարտի 3-ին հանցագործություն չի՛ եղել»

Հարցազրույց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, 2008-2010թթ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանի հետ

–2009թ. մարտի 3-ին ԿԲ–ն հայտարարեց, որ այլևս ավարտվում է դրամի ֆիքսված քաղաքականությունը, և անցնում եք լողացող կուրսի քաղաքականությանը։ Արդյունքում դրամը արժեզրկվեց 25%–ով։

Երբևէ չի ասվել, որ ֆիքսված կուրսի քաղաքականություն է իրականացվում։

–Ինչպե՞ս թե՝ չի ասվել։ Նույնիսկ հատուկ ասուլիս հրավիրվեց այդ թեմայով։

–Կուրսը եղել է կայուն, բայց որ քաղաքականությունը փոխվել է, և մենք իրականացնում ենք ֆիքսված քաղաքականություն, դուք այդպիսի փաստաթուղթ չեք գտնի։ (Զարմանալի է, որ Վ. Գաբրիելյանը չի հիշում, որ «լողացող» փոխարժեքի քաղաքականությանն անցնելու վերաբերյալ ԿԲ–ն հայտարարություն էր տարածել, ինչպես նաև Ա. Ջավադյանն էր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել, որ անցնում են «լողացող» կուրսի քաղաքականության, ինչը նշանակում է, որ մինչև այդ «լողացող» չի եղել կուրսը, այլապես անիմաստ կլիներ հատուկ հայտարարություն տարածել այդ թեմայով– Ա. Մ.):

–Մարտի 3–ին պաշտոնապես հայտարարվեց, որ այդուհետ իրականացնելու եք լողացող կուրսի քաղաքականությունը, իսկ մինչև այդ գործնակում ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն էր, որը օրենքի կոպիտ խախտում էր:

Լողացող կուրսի քաղաքականությունը եղել է մինչ այդ ևս ամրագրված օրենքում։

–Դե հենց դա եմ ուզում հարցնել։ Արդյոք մեկ տարի շարունակ օրե՞նք է խախվտել՝ ֆիքսված պահելով դրամի կուրսը։

Օրենք չէր խախտվում, որովհետև լողացող քաղաքականությունը երբևէ չի ենթադրում չմիջամտել: Դուք որևէ երկրում, որևէ ժամանակահատվածում չեք կարող տեսնել ԿԲ, որը լողացող քաղաքականության ժամանակ երբևէ չի միջամտում շուկային: Այն ժամանակ, երկարաժամկետ հատվածով, շուկայի միջամտությունը եղել է, սակայն քաղաքական կուրսի փոփոխություն չի եղել: Եղել է այն, որ ֆինանսական կայունությանը ժամանակավորապես տրվել է առաջնահերթություն: Դրա մասին հայտարարվել է և ըստ դրա էլ արվել է:

Իսկ Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցվա՞ծ էր, որ պետք է միջամտել լողացող կուրսի քաղաքականությանը և մարտի 3-ից հետո բաց թողնել լողացող կուրսը:

–Դուք կարող եք դա հարցնել պ-ն նախագահին:

–Դուք տեղյա՞կ չեք:

–Ես տեղյակ եմ, որ, ընդհանուր առմամբ, քաղաքականությունը որոշում է ԿԲ-ն, և ընդհանուր նախաձեռնությունները՝ գլոբալ կերպով, բնականաբար, միշտ արվել են օրենքներին համապատասխան:

–Մինչ մարտի 3–ը՝ մեկ տարվա ընթացքում, երբ ֆիքսված էր պահվում դրամի կուրսը, Հայաստանի պահուստներից 700 մլն դոլար նետվեց շուկա։ Մարտի 3–ից մեկ–երկու օր առաջ ևս 30 մլն դոլար վաճառվեց։ Փաստորեն, գիտեիք, որ անցնելու էիք լողացող կուրսի, բայց պահուստից ևս 30 մլն դոլար վաճառեցիք վերջին օրով։ Այս քայլի համար չպե՞տք է պատասխանատվություն կրեն դրա հեղինակները:

–Գիտեք, ես ինքս եղել եմ ԿԲ-ում այդ ժամանակ, շատ լավ հիշում եմ, և դա եղել է լիազորությունների մեջ, և դա խոսվել է, այդ թվում՝ միջազգային պարտնյորների հետ, տրամաբանությունը քաղաքականության՝ ինչո՞ւ պետք է լիներ ֆինանսական կայունություն այդ պահին, պարզ է եղել։ Ինչո՞ւ պետք է այդ ժամանակ անցնի, ևս պարզ է եղել: Դա կապված չի եղել որևէ ամսաթվի հետ. դա կապված է եղել ֆինանսական պարտավորությունների դոլարացման հետ բանկային համակարգում: Երբ որ հասել է այնպիսի մակարդակի, երբ որևէ վտանգ չի սպառնացել ֆինանսական համակարգի կայունությանը, այդ ժամանակ կրկին արդեն միջամտությունը շուկային գնացել է, և լողացող քաղաքականության ժամանակավոր ակտիվ միջամտությունը վերացվել է:

–Այսինքն, դուք մարտի 3-ից մեկ–երկու օր առաջ, երբ 30 մլն դոլար էիք նետում շուկա, տեղյա՞կ չէիք, որ մի քանի օր անց վերացնելու եք դրամի ֆիքսված քաղաքականությունը:

Տեղյակ էինք գրաֆիկին, բայց գրաֆիկը վերաբերում էր ոչ թե ամսի 3-ին կամ 4-ին, այլ մի՛ բանի՝ ֆինանսական համակարգի պարտավորությունների դոլարացմանը և ֆինանսական համակարգի վրա եղած պահանջներին: Հիմա դուք ուզում եք դնել դա բավականաչափ այլ կտրվածքով և հարցը դնել՝ արդյոք ամսի 3-ին կամ 4-ին գիտեի՞ք, կամ դրանից առաջ անո՞ւմ էիք, թե ոչ: ԿԲ-ն դա անում էր զուտ ֆինանսական համակարգի պարտավորություններից ելնելով, որը հետևում էր օրական կտրվածքով, և երբ որ դատողություն եղավ, որ ֆինանսական պարտավորությունների և բանկային համակարգի նկատմամբ պահանջներն այնպիսին են, որոնք վտանգ չեն կարող ներկայացնել, այդ պահին դադարեցվեց:

–Այսինքն, որևէ մեկը պետք է պատասխանատվություն չկրի՞:

Հանցագործության համար պատասխանատվություն պե՛տք է կրի, բայց հանցագործություն չի՛ եղել, որովհետև տեղի է ունեցել ֆինանսական համակարգին աջակցում: Ֆինանսական համակարգը պետությունից որևէ կոպեկ չի ստացել՝ ի տարբերություն այլ երկրների, ու Հայաստանում չի եղել ֆինանսատնտեսական ճգնաժամ. եղել է տնտեսական ճգնաժամ: Ֆինանսական համակարգն ունեցել է վնասներ, սակայն վնասներն այնպիսին չեն եղել, որ կայունությանը խաթարեն: Եվ երբ որ դուք ուզում եք՝ ինչ-որ մեկը պատասխանատվություն կրի, պատասխանատվությունը նշանակում է սխալներ անել, դուք վստա՞հ եք, որ սխալ է եղել:

–Վստահ եմ, իսկ դո՞ւք։

Ցավոք սրտի, դուք մասնագիտական դատողություն չեք անում այս պահին։ Ես պետք է հակադարձեմ ձեզ, որ դա եղել է շատ անհրաժեշտ քայլ:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը