Հարցազրույց

19.05.2014 10:35


Արամ Հարությունյան. «Ծառուկյանի գնահատականները վերաբերում էին ոչ միայն նախկին վարչապետին, այլ նաև գործող նախագահին»

Արամ Հարությունյան. «Ծառուկյանի գնահատականները վերաբերում էին ոչ միայն նախկին վարչապետին, այլ նաև գործող նախագահին»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Ծառուկյանն իր հարցազրույցով անդրադարձավ ներքաղաքական մի շարք հարցերի։ Ինչպե՞ս կգնահատեք այն։ Հատկապես ո՞ր շեշտադրումները կառանձնացնեք։

–Այդ հարցազրույցը շատ կարևոր էր, հատկապես այն իմաստով, որ Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց համագումարում հնչեցրած իր դիրքորոշումը երկրի վիճակի հետ կապված։ Գագիկ Ծառուկյանն իշխանությունների գործունեության ողբալի արդյունքները մի քանի նախադասությամբ ներկայացրեց՝ երկրի տնտեսական ծանր վիճակը, ներդրումներ չկան, մանր և միջին բիզնեսը մահացած է, կապիտալի արտահոսք և այլն։ Եվ այս ամենն այն հստակ պատկերն է ժառանգության, որը ստացել է Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանից։

Ծառուկյանի մեսիջները հատկապես ո՞ւմ էին ուղղված։

–Մեկը հենց Հովիկ Աբրահամյանին, որ պետք է ճիշտ գնահատել քաղաքական վիճակը։ Շատ կարևոր է նաև, որ Ծառուկյանը, կարծես, ակնարկում էր՝ եթե վիճակը չփոխվի, ապա ավելի լուրջ փոփոխության պետք է ձգտել։ Հիշենք նաև այն նախադասությունը, որ մի քանի հոգու պատճառով չպետք է տուժի ողջ ժողովուրդը։ Իսկ դա կարելի է հասկանալ որպես մեսիջ՝ ուղղված նաև Սերժ Սարգսյանին։ Այսինքն, եթե հստակ գնահատական չտրվի Տիգրան Սարգսյանի ժառանգությանը, իրավիճակի փոփոխություն չլինի, ապա այլ զարգացումներ կլինեն։ Իսկ իրավիճակի փոփոխություն կլինի այն ժամանակ, երբ գողացված գումարների տեղը նշվի։ Հովիկ Աբրահամյանի առաջին քայլը հենց դա պետք է լինի, և, կարելի է ասել, Ծառուկյանը հենց դա՛ էր ակնարկում։ Կառավարության նոր ծրագիրը նաև պետք է անդրադարձ կատարի ստացած ժառանգությանը, քանի որ հնարավոր չէ այդ ծրագիրը կազմել՝ հստակ չնշելով, թե ինչ ժառանգություն է ստացվել։ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով ողբալի արդյունքներին, նաև ասում էր, որ կեղծ թվերով խաբել են ժողովրդին։ Այսինքն, նրա գնահատականները վերաբերում էին ոչ միայն նախկին վարչապետին, այլ նաև գործող նախագահին։ Եթե ամփոփենք, Ծառուկյանը հստակ գնահատական է տվել ներկա վիճակին և հետագա քայլերի ճանապարհային քարտեզն է մատնանշել՝ վերջում ավելացնելով, որ շարունակվելու է քառյակի հետ համագործակցությունը։

–Ձեր կարծիքով ի՞նչ էր ենթադրում «ոչիշխանական չորս ուժերի հետ միասնական կերպով գալիք համապետական ընտրություններին մասնակցելը՝ հաղթելու վճռականությամբ» միտքը։

–Ծառուկյանն ասաց, որ ինքը հավատարիմ է մնալու իր խոստումներին, և խնամիական կապերը քաղաքական կատեգորիա չեն։ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ստիպված՝ չուզելով նշանակեց վարչապետ, որովհետև վախենում էր, որ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն, ի վերջո, վերածվելու էր Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելուն, և իշխանությունից նրա հեռացման հարցն էր դրվելու։ Առավել ևս, եթե այդ պահանջին մասնակից դառնար ժողովո՛ւրդը, քանի որ այժմ ժողովուրդը ընդամենը սպասում է դրան։ Այսօր քաղաքական իրավիճակի բացերից մեկն էլ այն է, որ ժողովուրդն առայժմ, կարծես, ձևակերպված օրակարգի հետ կապված, «խաղի» մեջ չէ։ Ծառուկյանը, ըստ էության, նաև այդ ակնարկն արեց՝ մի քանի հոգու պատճառով չպետք է տուժի ողջ ժողովուրդը։ Ոնց նայում ենք, տեսնում ենք՝ այդ մի քանիսից մեկը գնացել է, մե՛կն է մնացել միայն։ Այս հարցազրույցը նաև մեծ հարված էր իշխող կուսակցությանը, շարունակությունն էր Ծառուկյանի այն արտահայտության, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք–Ադամյան փողոցը։ Ծառուկյանն ասաց, որ լուրջ համախմբման միջոցով, լուրջ թիմով գնալու են իշխանափոխության, եթե իր բարձրացրած հարցերը չլուծվեն։

–Այդ հարցերը միայն իշխանափոխությա՞ն միջոցով կարող են լուծվել։

–Դրանք միայն մի ճանապարհով կարող են լուծվել՝ եթե հստակ գնահատական տրվի նախորդ կառավարությունից ստացված ժառանգությանն, ու համակարգային փոփոխություններ լինեն։ Գնահատականը նշանակում է՝ ի՞նչ ունենք, ինչո՞ւ այսքան ունենք, և ո՞ւր են այդ գումարները։ Տարբեր առիթներով ասել եմ՝ կա՛մ Հովիկ Աբրահամյանը դառնում է մահապարտ, կա՛մ Տիգրան Սարգսյանը հայտնվում է ճաղերի հետևում՝ Դավիթ Սարգսյանի և այլոց հետ միասին։ Եթե մենք դա չանենք, պատմությունը մեզ չի ների։ Նրանց կատարած գործարքներին Սերժ և Տիգրան Սարգսյաններից հետո հիմա ամենաշատը պետք է որ ծանոթացած լինի Հովիկ Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է համակարգային փոփոխությանը, ապա այդ համակարգի բանալին գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում։ Այնպես չի, որ Սերժ Սարգսյանը պետք է վերևում մնա և փորձի համակարգը փոխել։ Կարիճներն են իրենց կծում, բայց այստեղ այդ տարբերակը չէ. Սերժ Սարգսյանն ինքն իրեն չի «կծի»։ Միակ տարբերակը պետք է այն լինի, որ Սերժ Սարգսյանը հեռանա։

–Ի՞նչ գործընթացներ եք կանխատեսում։

–Այստեղ շատ մեծ դերակատարություն պետք է ունենա քառյակը։ Ի դեպ, արդեն ժամանակն է, որ չասենք քառյակ, որովհետև բոլոր քաղաքական ուժերի մեծ հանդիպումը պետք է լինի։ Այն ուժերի, որոնք ընդունում են ճանապարհային քարտեզը, որ օր առաջ պետք է ազատվել այս իշխանությունից։ Համոզված եմ՝ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը նաև վերահաս կոչ էր քաղաքական ուժերին, քառյակի առանձին անդամներին, որովհետև Բաղրամյան 26–ը, նրա վերահսկողության տակ գտնվող մամուլը, կայքերը, նախկին վարչապետի կայքերը (որոնց երևի դեռևս ֆինանսավորում են. ինչ–որ կոպեկներ մնացել են) փորձում են ամեն կերպ սեպ խրել քառյակի գործունեության մեջ և վարկաբեկել։ Կարծես այդ «լրագրողներն» ուրիշ երկրում են ապրում, և այնքան ծախու են, որ իրենց հարևանի կամ նույնիսկ իրենց բարեկամի վիճակը նրանց վրա չի ազդում, և ընդամենը նախկին վարչապետի կամ Բաղրամյան 26–ի նետած կրճոններով փորձում են սեպ խրել և վարկաբեկել քառյակին։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը