Լրահոս

25.01.2011 13:52


Շառլ Ազնավուրը պատրաստ է դեմ գնալ Սարկոզիին

Համաշխարհային ճանաչում վայելող հայ շանսոնիե Շառլ Ազնավուրը պատրաստ է դեմ գնալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին, եթե վերջինս չկատարի հայ համայնքին տված իր նախընտրական խոստումը։  «Հիմա ես շատ մտահոգված եմ հայկական հարցով։ Նախագահ Սարկոզին որոշակի իմաստով հրաժարվել է ընտրությունների ժամանակ տրված խոստումից»,-ասել է շանսոնիեն «Le Dauphiné Libéré» հրատարակությանը տված հարցազրույցում։

Խոսելով Սարկոզիի մասին՝ Ազնավուրը նշել է, թե Ֆրանսիայի նախագահը սխալ քաղաքականություն է վարում, քանի որ այդ երկրի հայ համայնքն ավելի մեծ է, քան թրքականը։ «Հայ ժողովուրդը պատասխանատու է և խիզախ։ Նա իր արյունն է տվել հայրենիքի համար։ Սա առաջին դեպքն է, որ ես այսպես եմ ասում, բայց եթե նախագահը չփոխի իր տեսակետը, ես մեր ձայները կօգտագործեմ, երբ ժամանակը գա»,- ընդգծել է Շառլը։

Ըստ նրա՝ Ֆրանսիայի հայ համայնքն առնվազն 400-500 հազ. մարդուց է բաղկաված, և իրեն կաջակցի հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր քաղաքացի։ «Եթե այսպես շարունակվի, ես ինձ լիովին կնվիրեմ այդ գործին։ Ես քաղաքական գործիչ չեմ, սակայն քաղաքական նշանակալի ուժ ունեմ։ Ես գիտեմ, որ նման բան ասելով՝ կյանքս եմ վտանգում։ Բայց իմ տարիքում, վերջիվերջո, ի՞նչ է նշանակում կյանքը վտանգել»,-նկատել է նա։

Հիշեցնենք, որ 2007թ. նախագահի թեկնածու Նիկոլյա Սարկոզին խոստացել է աջակցել հայերի ցեղասպանությունը հերքողներին դատապարտող օրենքի ընդունմանը։ Սակայն «Wikileaks»-ի վերջին հրապարակումների համաձայն՝ նախագահ Սարկոզին Թուրքիային խոստացել  է, որ հայերի ցեղասպանությունը հերքողներին դատապարտող օրենքը Սենատում չի անցնի, ինչը և Ազնավուրի զայրույթն է հարուցրել։

Այս խորագրի վերջին նյութերը