Հարցազրույց

15.05.2014 15:34


ՀՀԿ–ական գործարար–պատգամավորը Տիգրան Սարգսյանին ոչ կոմպետենտ ու տնտեսական խնդիրները չընկալող է համարում

ՀՀԿ–ական գործարար–պատգամավորը Տիգրան Սարգսյանին ոչ կոմպետենտ ու տնտեսական խնդիրները չընկալող է համարում

Հարցազրույց ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, «ՄԱՊ» ՓԲԸ–ի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի հետ

–Դուք էլ էիք երեկ մասնակցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և գործարարների հանդիպմանը, որի ժամանակ խոսվեց ստվերից դուրս գալու մասին։ Նշանակում է՝ գործարարները մինչ այժմ ստվերո՞ւմ էին գործում։

–Խոսքը ոչ թե նրա մասին էր, որ բոլոր գործարարները կամ սեփականատերերը ստվերի դաշտում են աշխատում, այլ ստվերը մաքսիմում կրճատելու։ Վարչապետը նաև շեշտեց, որ եթե օրենքներ կան, որոնք խանգարում են նման աշխատանքի որակին, մենք կարող ենք վերանայել դրանք։ Ի դեպ, ես որքան հիշում եմ, նման հանդիպումներ, նման ազնիվ պահվածք, գործարարներին նման ազնիվ աջակցություն ՀՀ ոչ մի վարչապետ չի ցուցաբերել։ Չմոռանանք նաև, որ վարչապետը նշեց՝ եթե կլինեն չինովնիկներ, բյուրոկրատներ, պետական մարմնի աշխատողներ, ովքեր կխանգարեն միջին, փոքր ու մեծ բիզնեսին, ինքը անձամբ պատրաստ է կանգնելու այդ գործարարների կողքին՝ պարզ հասկանալով, որ այս ամբողջ երկրի բյուջեն ձևավորում են այդ գործարարները, և պե՛տք չէ իրենց խանգարել։

–Նշվեց նաև խաղի կանոնները փոխելու մասին։ Ի՞նչ է դա նշանակում։

–Խաղի կանոններ փոխել ասելով՝ Հովիկ Աբրահամյանը նկատի ուներ, որ ոչ մի գործարար մեկը մյուսի նկատմամբ պետք է արտոնյալ չլինի։ Այսինքն, եթե մարդն ինչ–որ մի բիզնեսի համար մուծում է շատ, մյուսը՝ քիչ, ուրեմն հիմա բոլորի համար պետք է լավ լինի, և, միևնույն ժամանակ, նշեց, որ ոչ մի չինովնիկ իրավունք չունի իր պաշտոնն օգտագործել իր բիզնեսի զարգացման համար։

–Կարո՞ղ ենք եզրակացնել, որ նախորդ վարչապետի օրոք Ձեր նշած անհավասարության տարբերակն էր գործում։

–Եթե այսօր վարչապետն առաջ է քաշում այդ խնդիրը, ուրեմն այդ խնդիրը կա՛։ Ես չգիտեմ՝ առաջ ոնց է եղել, բայց եթե այսօր մենք խոսում ենք այդ խնդրի մասին, նշանակում է՝ դա առկա՛ է։

–Տարբերություն տեսնո՞ւմ եք ներկա կառավարության և վարչապետի ու նախորդ կառավարության և վարչապետի միջև։

–Եկեք չքննադատենք, բայց ազնիվ լինենք. տարբերություն ոչ թե տեսնում ենք, այլ տարբերությունը մե՛ծ է։ Խոսել վարչապետի հետ, ով հարյուր տոկոսով պատկերացնում է տնտեսությունը, և խոսել վարչապետի հետ, ով անձամբ ոչ մի օր չի աշխատել տնտեսությունում, և չգիտի տնտեսության պրոբլեմները, դուք էլ կարող եք պատկերացնել, թե ինչ մեծ տարբերություն կարող է լինել։ Երբ որ մարդը խնդիր է առաջ քաշում, թեկուզ հենց երեկվա հանդիպման ժամանակ, վարչապետը միանգամից ընկալում է այդ մարդու խնդիրը և տեղում լուծում է տալիս։ Բայց եթե չե՛ս ընկալում, ասում ես՝ կգնամ, կքննարկեմ, կհարցնեմ, այսինքն՝ ձգվեց։

–Տիգրան Սարգսյանը չէ՞ր ընկալում։

–Ոչ թե չէր ընկալում, այլ Տիգրան Սարգսյանը հարցերի լուծումը միշտ թողնում էր հետո քննարկելուն։ Գիտեք ինչ, մենք անուններ ենք տալիս, ես չեմ ուզում խիստ տարբերեմ մարդկային արժեքներով, բայց ես վերցնում եմ երկու բան՝ մարդ, ով իր ամբողջ կյանքը շատ լավ գիտի տնտեսությունը, և մարդ, ով չի աշխատել տնտեսությունում։ Իհարկե, երկուսի միջև տարբերությունը մեծ է։ Այն մարդը, ով աշխատում է տնտեսությունում, նրան քո խնդիրը ներկայացնելը և նրա կողմից ընկալելը շատ ավելի դյուրին է լինում, քան այն մարդը, ով չի աշխատել տնտեսությունում։

–Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման օրոք ինչո՞ւ չէիք ասում այս ամենը։

–Բարձրացրե՛լ ենք, շա՛տ ենք բարձրացրել։

–Որտե՞ղ։

–Տարբեր առիթներով, հենց իրեն ենք ասել, որ այս կամ այն խնդիրը կա։ Տիգրան Սարգսյանն էլ ասում էր՝ կնայենք, կհաշվենք, կասենք, այ սենց։

–Սերժ Սարգսյանի մոտ չէիք բողոքում, որ Տիգրան Սարգսյանը տնտեսությունից չի հասկանում և չի կարողանում զարգացնել։

–Գիտեք ինչ, դրա իրավունքը, ես չգիտեմ, ունե՞մ, որ հանրապետության նախագահին նման բան ասեմ։

–Իհա՛րկե ունեք։

–Մենք ընդհանուր խնդիրներն ենք ներկայացնում, մնացածն իրենց որոշելու խնդիրն է։ Այսօր Հովիկ Աբրահամյանի մասին ես կարող եմ վստահ ասել. զրուցում ենք շատ մարդկանց հետ, երևի ՀՀ–ում միակ վարչապետն է, ով դեռ ծրագիր չներկայացրած, իր պաշտոնավարման հարյուր օրը չլրացած՝ բոլոր մարդիկ հավատում են, որ ինչ–որ մի լավ բան կլինի։ Այսինքն, ինքն իր ապրած կյանքով մարդկանց մեջ...գյուղացիներն էլ մտածում են, որ եթե Հովիկ Աբրահամյանը եկել է վարչապետ, ուրեմն իրենց վիճակը լավ կլինի։

–Խաղի կանոնները փոխվելու դեպքում օրինակ կոնկրետ Դուք ի՞նչ օգուտ կստանաք։

–Մեր գործի առավելությունը նրանում է, որ մեզ պետք է՝ երկրի բյուջեն շատ փող լցվի։ Եթե շատ փող լինի, դուք աշխատանք կունենաք, ձեր աշխատավարձը բարձր կլինի, մարդիկ էլ քիչ կգնան Հայաստանից։ Եթե այսօր Հայաստանից, ձեր ասած թվերով, 5-6 տարում 240 հազար մարդ է գնացել, նշանակում է՝ 240 հազար սպառող է, չէ՞, գնացել։ Դա վնաս է տվել ինձ էլ, ձեզ էլ, բոլորին էլ։ Տնտեսությունը կենդանի օրգանիզմ է, մարդու վրա հազար ձև մարմնի մասեր կան, չէ՞, բայց որտեղ ցավում է, ցավ է, չէ՞, հո չե՞ս ասի՝ թող ձեռքս ցավա, աչքս չցավա։

–Իսկ եթե հարկային օրենսդրությունը չի բարեփոխվում, խաղի նոր կանոններն ինչպե՞ս են գործելու։

–Ինձ թվում է, որ պե՛տք է բարելավվի և փոխվի։ Արդեն ինչ–որ քայլեր նախաձեռնվում են, որ բարելավեն, փոխեն։ Երեկ վարչապետը ֆիքսեց, որ ամեն ինչ պետք է անել, որ հարկատուն հարկային աշխատողի հետ քիչ շփվի և այլն։ Գիտեք ինչ, Հովիկ Աբրահամյանի առավելությունը ո՞րն է. երբ որ ինքն ինչ–որ բան ասում է՝ արեք, դրան համարժեք ինքը դաշտ է ստեղծում, որ արվի։ Ասում է՝ դուք այսպես աշխատեք, մենք էլ այս բարեփոխումները կանենք, բոլորիս համար լավ կլինի;

–Այսօր մատնանշեցիք նախորդ կառավարության թերությունները, իսկ չե՞ք կարծում, որ Տիգրան Սարգսյանն իր ձախողումների և տնտեսությունը կործանելու համար պետք է պատասխան տա, ոչ թե, պատկերավոր ասած, ավերի ու թողնի հեռանա, մի բան էլ պաշտոն ստանա։

–Ես չեմ կարող ձեր այդ հարցին պատասխանել։ Շատ խիստ քաղաքական հարց է։ Ոչ թե չեմ կարող, այլ չեմ ուզում պատասխանել։ Ես չեմ ուզում խաբել։

–Վախենո՞ւմ եք ճշմարտությունն ասել, խնդիրնե՞ր կունենաք։

–Ոչ մի խնդիր էլ ոչ մեկի հետ չունեմ, որովհետև ես ոչ մեկից ո՛չ կախման մեջ եմ, ո՛չ պարտք եմ։ Ուղղակի կա բարոյական խնդիր։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը