Լրահոս

26.11.2010 11:06


Ադրբեջանի բախտը չի բերել

Հասարակության շրջանում վերջին ժամանակներս,  սոցիալական թեմաների հետ զուգահեռ, լայնորեն քննարկվում են  նաև Արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետերազմի վերսկսման հավանականությունը: Գյումրիի քաղաքագետներն ու քաղաքական-հասարակական գործիչները հաղորդակցության բոլոր հնարավոր միջոցներով թմբկահարում են, թե խնդիրը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա՝ դրա տակ հասկանալով Ադրբեջանին զիջել ազատագրված եթե ոչ բոլոր տարածքները, ապա դրանց մի մասը։

Քաղաքագետ Մհեր Աթյանը խնդրի լուծումը տեսնում է փոխզիջումային տարբերակով, իսկ զուջումների չափը թողնում է դիվանագետների հայեցողությանը.

«Զիջումներ պետք է լինեն։ Թե ինչ աստիճանի կլինեն այդ փոխզիջումները, այդ ազատագրված 7 տարածքներից քանիսը կհանձնենք, քանիսը չենք հանձնի, դա արդեն այլ հարց է, մեր դիվանագիտության խնդիրն է: Բայց որ առանց փոխզիջման հնարավոր չէ, սա միանգամայն պարզ է, առավել ևս, որ քաղաքական գործընթացները, ցավոք սրտի, այդքան էլ հօգուտ մեզ չեն զարգանում»:

Բացարձակապես նույն քարոզչությունն են իրականացնում նաև ՀՀԿ տեղական ներկայացուցիչները, որոնք հրապարակայնորեն հայտարարում են, թե Արցախին հարակից տարածքները ազատագրվել են՝ հետագայում Արցախի հետ փոխարինելու համար, և խնդիրը պետք է լուծվի այդ տրամաբանության մեջ:

Սակայն հակառակ նմանատիպ քարոզչությանը՝ Ադրբեջանի ռազմատենչ պահվածքի և մեր դիվանագետների ապաշնորհության պատճառով Գյումրիում հասարակական կարծիքը սկսել է այլ կերպ տեսնել հակամարտության կարգավորման հեռանկարը:

-Ադրբեջանն ուզում է պատերազմ անել, բայց իրա բախտ չի բերել, ինքը կյանքում չի կարող պատերազմել Հայաստանի հետ, կջախջախվի: Հարձակվող երկիրը չի կարող հաղթել,-ասել է գյումերցի Վաչագան Հախվերդյանը:

Մեկ այլ գյումրեցի՝ Գրիգոր Հակոբյանը, թեև խաղաղություն է ուզում, սակայն պատերզմի դեպքում կոչ է անում պայքարել.

-Ուզում եմ, որ խաղաղ ճանապարհով լուծվի Արցախի հարցը։ Ցանկալի չէ, բայց եթե պատերազմ լինի, պետք է ազգովին ոտքի կանգնենք ու պայքարենք: Ինչքան խաղաղ ձևով երկարացնենք, էդքան՝ հօգուտ մեզ:

Ռուբեն Գալստյանն էլ, տեսնելով Ադրբեջանի պահվածքը, հակվել է այն մտքին, որ ոչ մի թիզ հող չպետք է վերադարձվի.

-90-ական թվականներին մտածում էին, որ էդ տերիտորիաները պետք է փոխանակվեն «խաղաղության» հետ: Բայց հիմա, երբ որ մենք թշնամական կոնֆրոնտացիայի մեջ ենք Ադրբեջանի հետ, և դրանց նախագահն էլ ամեն օր ապուշ-ապուշ դուրս է տալիս, ոչ մի թիզ հող պետք չէ հետ վերադարձնել:

Նշենք, որ հասարակական կարծիքի նման փոփոխություն տեղի է ունեցել վերջին շրջանում, մինչ այդ Գյումրիում շատերը հակված էին հակամարտության կարգավորման «փոխզիջումային» տարբերակին և գտնում էին, որ խաղաղության համար ազատագրված տարածքները պետք է հետ վերադարձնել:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը