Հարցազրույց

08.05.2014 17:05


Արամ Հարությունյան. « Հայաստանն արդեն ոչ թե դարձել է ֆուտբոլի գնդակ, այլ ֆուտբոլի ծա՛կ գնդակ»

Արամ Հարությունյան. « Հայաստանն արդեն ոչ թե դարձել է ֆուտբոլի գնդակ, այլ ֆուտբոլի ծա՛կ գնդակ»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–ԼՂ–ի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարություններն ինչի՞ հետևանք եք համարում։

Սա, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այս իշխանությունների վարած արտաքին դիվանագիտության հետևանքն է։ Ընդ որում, Հայաստանն արդեն ոչ թե դարձել է ֆուտբոլի գնդակ, այլ ֆուտբոլի ծա՛կ գնդակ, երբ խփողը նաև խրվում է այդ գնդակի մեջ։ Բնական է, որ միակ լուծումը պետք է լինի իշխանափոխությունը։ Ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակի լուծումը ոչ թե դրսում է, այլ հենց Հայաստանո՛ւմ։

–Կարծում եք՝ իշխանափոխությունն այլևս դարձել է Հայաստանի անվտանգության խնդի՞ր։

–Իհա՛րկե. իշխանափոխությունն իրոք դարձել է Հայաստանի անվտանգության խնդիր, և ոչ թե կեղծ, այլ անկե՛ղծ ընդդիմադիրների համախմբման հարցը հիմա պետք է լուծվի։ Հիշենք, թե ինչպես էր իշխանությունը ցնցումների մեջ ընկել Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր–Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Ստեփան Դեմիրճյանի հանդիպման ընդամենը մեկ լուսանկարից։

–Ձեր կարծիքով ինչո՞ւ հենց ա՛յս պահին ամերիկացի համանախագահողն ու դեսպանը նման կտրուկ հայտարարություններով հանդես եկան։

–Դա հիմնականում պայմանավորված է Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելու մտադրությամբ և Հայաստանի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականությամբ։ Արևմուտքը փորձում է մտրակի քաղաքականություն վարել հայաստանյան իշխանությունների նկատմամբ։

–Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը հանգեցրեց ղարաբաղյան պատերազմի վերսկսմանը, որի շեմին ենք հիմա։

Միանշանա՛կ. արցախյան պատերազմում մեր ժողովրդի հաղթանակը զրոյացրեցին այն մարդիկ, ովքեր որոշակի դեր են ունեցել այդ պատերազմում, նկատի ունեմ Երկրապահին, հիմա Սերժ Սարգսյանի ձեռքին դարձել են գործիք։ Տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը և՛ մեր հաղթանակը զրոյացրեց, և՛ զրկում է անկախ պետությունից։ Այսինքն, իշխանությունը պահելու համար նա պատրաստ է զոհաբերել ամե՛ն ինչ՝ ոչ միայն իր թիմակիցներին, նախկին համախոհներին, այլ անգամ պետությունը, միայն թե, ինչ կարգավիճակով էլ լինի, ինքը մնա երկրի ղեկավար։ Ի դեպ, տեսնում ենք, որ 21–րդ դարում ամեն կերպ իշխանությունը պահելու պատրաստ ոչ լեգիտիմ ռեժիմները շատ վա՛տ են վերջացնում։

–Իսկ ինչո՞վ եք բացատրում այն իրողությունը, որ սեպ խրելու ՀԿ–ների գործունեության մասին ՌԴ դեսպանի հայտարարությունը մեծ արձագանք ստացավ «անկախ»–ների կողմից, իսկ ահա Ուորլիքի և Հեֆերնի հայտարարությունների վերաբերյալ բառ անգամ չեն արտաբերում։

–Այդ հայտարարությամբ ՌԴ–ի դեսպանությունը, կարծես, ընդունում է իր և նախորդ դեսպանների կատարած աշխատանքի թերությունը։ Նման մտքերը բարձրաձայն չեն հայտարարում, քանի որ սա խոստովանություն էր, որ Ռուսաստանը մտածել է գործ ունենալ հենց Սերժ Սարգսյանի հետ։ Բայց Յանուկովիչի դեպքը ցույց տվեց, որ հասարակությանը չի՛ կարելի անտեսել։ Գիտենք նաև, որ Հայաստանում հակառուսական հիստերիայի պատվիրատուն հայաստանյան իշխանությունն է։ Հիմնականում բոլոր կայքերն ու ՀԿ–ները, որոնք հակառուսական քարոզչություն են իրականացնում, ֆինանսավորվում են Բաղրամյան 26–ից։ Նույնիսկ կան կայքեր, որոնք ռուսական օլիգարխներն են ֆինանսավորում, բայց քանի որ պատվերն անցնում է Բաղրամյան 26–ով, բնական է, որ նրանք էլ պետք է հակառուսական հիստերիա դրսևորեն և ծառայեն Սերժ Սարգսյանին։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը