Տնտեսական

25.08.2009 16:53


2009 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2009 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի  կատարման ամփոփ բնութագիրը

2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթանցքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 359 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 426.5 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված իննամսյա ծրագրի համապատասխանաբար 67.17 և 70.3 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով' 39.9%-ով, ծախսերի գծով' 47.6%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները  նվազել են  13.3%-ով  կամ 55 մլրդ դրամով: Մասնավորապես' 18.1%-ով (61.5 մլրդ դրամով) նվազել են հարկերն ու տուրքերը եւ 3.1%-ով՝ պաշտոնական դրամաշնորհները, որոնք կազմել են ավելի քան 2.7 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 1.7 մլրդ դրամով (3.2%-ով) եւ 4.8 մլրդ դրամով (31.5%-ով):

Պետական բյուջեի եկամուտների 77.8%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 15.8%-ը' պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.6%-ը' այլ եկամուտների եւ 0.8%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին: □Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 9.6 մլրդ դրամ' նախորդ տարվա  9.1 մլրդ դրամի դիմաց:

2009 թվականի հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 279.2 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր' 65.2%-ով կատարելով իննամսյա ծրագիրը եւ  38.1%-ով' տարեկան ծրագիրը:

Հարկերի ու տուրքերի 45.8%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 127.8 մլրդ դրամ եւ  25.1%-ով կամ 42.8 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 84.9 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, շուրջ 42.9 մլրդ դրամը' ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են եւ՛ ներմուծումից, եւ՛ ներքին շրջանառությունից ստացվող գումարները:

Պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 8.1%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով շուրջ 22.6 մլրդ դրամ: Մասնավորապես' հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 14.9 մլրդ դրամ, որից 7.1 մլրդ դրամը' բենզինի եւ դիզելային վառելիքի, 5.9 մլրդ դրամը՝ ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 7.6 մլրդ դրամ, որից 4.4 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 7.7%-ով կամ 1.9 մլրդ դրամով: Ընդ որում, նվազել են միայն հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 18.6%‑ն ապահովվել է շահութահարկի հաշվին՝ կազմելով ավելի քան 51.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 3%-ով կամ 1.6 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների եւ ոչ ռեզիդենտների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ զգալի աճ է արձանագրվել ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վճարված շահութահարկի գծով' 48.9% կամ 2.5 մլրդ դրամ: Ավելացել են նաեւ պետական ձեռնարկությունների կողմից վճարված, մեկ տոկոս դրույքաչափով, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտից աղբյուրի մոտ վճարված շահութահարկի մուտքերը' համապատասխանաբար 16.1, 9.3 եւ  84.2 տոկոսով:

2009 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 32.4 մլրդ դրամ եկամտահարկ' ապահովելով հարկերի ու տուրքերի 11.6%‑ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 12%‑ով կամ 3.5 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքը կազմել է շուրջ 13.7 մլրդ դրամ՝ 29.6%-ով կամ 5.7 մլրդ դրամով զիջելով 2008 թվականի նույն ցուցանիշը եւ ապահովելով պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 4.9%-ը:

Պետական տուրքի գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 10.2 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրված մուտքերի 56.8%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքը նվազել է 16.1%-ով կամ 1.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, պետական գրանցման եւ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար գանձվող տուրքերի նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են շուրջ 13 մլրդ դրամ' 22.2%-ով կամ 2.4 մլրդ դրամով գերազանցելով 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման, տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպման եւ hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման համար գանձվող հաստատագրված վճարների աճով:

Պարզեցված հարկից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 378.2 մլն դրամ, որը 90.1%-ով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը' պայմանավորված 2009 թվականի հունվարի 1‑ից □Պարզեցված հարկի մասին□ ՀՀ օրենքի գործողության դադարեցմամբ:

2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 2.8 մլրդ դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 49%‑ով կամ ավելի քան 2.6 մլրդ դրամով' հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու եւ ՀՀ ներմուծվող' շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող բնապահպանական վճարների նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում այլ հարկերից պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 4.7 մլրդ դրամ: Մասնավորապես' 153.9 մլն դրամ է կազմել □Կոնցեսիայի մասին□ ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին եւ կոնցեսիոն վճարը (որից 10.2 մլն դրամը կազմել է □Կոնցեսիայի մասին□ ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 143.7 մլն դրամը' կոնցեսիոն վճարը), 1.6 մլրդ դրամ' ճանապարհային վճարները, 578.5 մլն դրամ' հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 858.3 մլն դրամ' հարկային օրենսդրությունը խախտելու համար □Հարկերի մասին□ ՀՀ օրենքով սահմանված տույժերն ու տուգանքները, 674 մլն դրամ' ՀՀ հարկային մարմինների կողմից ՀՀ պետական կառավարման մարմիններում եւ պետական հիմնարկներում կատարված ստուգումների եւ վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային եւ մաքսային պարտավորությունները եւ  822.9 մլն դրամ' ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերը նվազել են 61%-ով կամ 7.3 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է □Կոնցեսիայի մասին□ ՀՀ օրենքով սահմանված ռոյալթիի ու կոնցեսիոն վճարի եւ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարի նվազմամբ:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 56.9 մլրդ դրամ եւ իննամսյա ծրագիրն ապահովել 72.8%-ով: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 3.2%-ով կամ 1.7 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են ավելի քան 2.7 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ եւ 53.2%-ով ապահովել իննամսյա ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 1.3 մլրդ դրամը ստացվել է Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար, շուրջ 1.2 մլրդ դրամը' Եվրամիության պարենային ապահովության  ծրագրի շրջանակներում, 120 մլն դրամը' □Պարենային արտադրության աճ□ ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված ապրանքանյութական արժեքների դրամայնացումից, իսկ 148.7 մլն դրամը մուտքագրվել է պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին' նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար:

Պետական բյուջեի այլ եկամուտները 2009 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել են շուրջ 20.2 մլրդ դրամ եւ 86.7%-ով կատարել իննամսյա  ծրագրային ցուցանիշը: Այլ եկամուտների համեմատաբար բարձր կատարողականը պայմանավորված է նրանով, որ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները եւ  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերն արդեն իսկ գերազանցել են իննամսա ծրագիրը' կազմելով համապատասխանաբար 743.3 մլն դրամ եւ 214.4 մլն դրամ եւ 4.6 եւ 3.6 անգամ գերազանցելով իննամսյա ծրագրային ցուցանիշները: Բացի այդ, ծրագրի համեմատաբար բարձր կատարողական է ապահովվել բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով' 92.2% կամ 2.4 մլրդ դրամ, եւ իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերի գծով' 90.2% կամ 3.1 մլրդ դրամ: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 31.5%-ով կամ 4.8 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ռադիոհաճախականության օգտագործման վճարի եւ իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի աճով, ինչպես նաեւ ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման 3-րդ օպերատորի մրցույթի հաղթողի կողմից կատարված վճարումներով:

2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ավելի քան 426.5 մլրդ դրամի ծախսեր, որից շուրջ 8 մլրդ դրամը' պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես' 386.6 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 39.9 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 5.2%-ով կամ 20.9 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, նպաստների և աշխատավարձի ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 386.6 մլրդ դրամ' 72.5%-ով կատարելով իննամսյա ծրագիրը և 8.1%-ով կամ 29.1 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ընթացիկ ծախսերից 36.7 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, շուրջ 2.7 մլրդ դրամը' պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, կազմելով իննամսյա ծրագրի  համապատասխանաբար 72.4%-ը եւ 67.9%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են համապատասխանաբար 18.1%‑ով եւ 21.6%-ով: Ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է 82.9 մլրդ դրամ' 15.5%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ապահովելով իննամսյա ծրագրի 75.2% կատարում: Հաշվետու ժամանակահատվածում 6.3 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը' կազմելով իննամսյա ծրագրի 52.8%-ը: Մասնավորապես' նշված գումարից 4.4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 1.9 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի սպասարկմանը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 6.6%-ով կամ 391.2 մլն դրամով, որը պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների գումարը կազմել է 10.8 մլրդ դրամ, որն ապահովել է իննամսյա ծրագրի  72.3% կատարողական եւ 18.5%-ով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածի պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 10.7%-ը կամ 41.3 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որից 16.0 մլրդ դրամը տրամադրվել է համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ֆինանսավորմանը' 77.8%-ով ապահովելով իննամսյա ծրագրի  կատարումը: Դրամաշնորհների իննամսյա ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 68.5%-ով:

 Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 35.6%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են 137.5 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի  75.7%-ը: Մասնավորապես' 102.4 մլրդ դրամ տրամադրվել  է կենսաթոշակներին, 35.1 մլրդ դրամ' նպաստներին: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն աճել են 14%‑ով, իսկ նպաստներինը' 22.4%-ով:

2009 թվականի հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 39.9 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի  54.4%-ը, որից 45.9 մլրդ դրամ  կազմել են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը եւ 6 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 16.8%-ով կամ 9.3 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը' 14.8%-ով կամ 1.1 մլրդ դրամով:

          2009 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 67.5 մլրդ դրամ պակասուրդով՝ իննամսյա ծրագրով նախատեսված 71.8 մլրդ դրամի փոխարեն: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր ավելի քան -8.4 մլրդ դրամ հավելուրդով:

Հաշվետու ժամանակահատվածում պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են   -151.9 մլրդ դրամ' իննամսյա ծրագրով  նախատեսված շուրջ -81.5 մլրդ դրամի դիմաց: Ֆինանսավորման ներքին աղբյուրներում գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը կազմել են շուրջ 13.7 մլրդ դրամ' իննամսյա ծրագրով  նախատեսված 17.0 մլրդ դրամի դիմաց: Անցած ժամանակահատվածում շարունակվել է նաև ՀՀ ներքին շահող փոխառության պարտատոմսերի հետգնման գործընթացը, որը կազմել է 594.8 հազար դրամ: Մուրհակների մարման նպատակով իննամսյա ծրագրով  նախատեսված 61.9 մլն դրամի վճարումները կատարվել են 99.4%-ով, կազմելով 61.5 մլն դրամ: Նշենք նաև, որ 607.4 մլն դրամն ուղղվել է □ՎՏԲ-Հայաստան□ ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը: Հունվար-հուլիս ամիսների ընթացքում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են շուրջ -164.9 մլրդ դրամ' կազմելով իննամսյա ծրագրի 168.7%-ը:

        2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 79.0 մլրդ դրամի վարկեր' կազմելով իննամսյա ծրագրի 86.2%-ը: Մասնավորապես' 75.1 մլրդ դրամ է տրամադրվել արտաքին աղբյուրներից ստացված նպատակային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներումը: 3.0 մլրդ դրամի վարկ է տրամադրվել □Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ□ ՓԲԸ-ին: Ավելի քան  75.9 մլն դրամի վարկեր են տրամադրվել բռնադատված քաղաքացիներին' անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով: Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված միջպետական վարկի հաշվին 684.0 մլն դրամ բյուջետային վարկեր են հատկացվել □Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն□ հիմնադրամին: Նշենք նաև, որ 70.0 մլն դրամն ուղղվել է □Կանազ□ ԲԲԸ-ի ֆինանսական պարտավորությունների մարման նպատակով: Տրամադրված վարկերի վերադարձից առաջին կիսամյակում բյուջե է վերադարձվել շուրջ 4.7 մլրդ դրամ, որից 3.7 մլրդ դրամը' □Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ□ ՓԲԸ-ից:

       Անցած ժամանակահատվածում 90.7 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները: Ազատ բյուջետային միջոցների ավելացումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված 185.1 մլրդ դրամ պետական վարկի միջոցները ներդրվել են գանձապետարանում բացված կայունացման դեպոզիտային հաշվին, որից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարության համապատասխան  որոշումներով ինն ամիսների ընթացքում նախատեսվել է  օգտագործել 107.4 մլրդ դրամ, որի շրջանակներում կայունացման դեպոզիտային հաշվից հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 85.7 մլրդ դրամ, որն էլ օգտագործվել է        34.1 մլդ դրամի չափով:

           Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրները կազմել են ավելի քան 219.4 մլրդ դրամ կամ ինն ամսվա ծրագրով նախատեսվածի 143%-ը: Մասնավորապես' ավելի քան 19.4 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 61.9 մլն դրամի վճարում, որից 29.5 մլն դրամը 2008 թվականի պարտավորությունն է, որը Վրաստանի կողմից վճարվել է սահմանված ժամանակացույցին համապատասխան 2008 թվականի դեկտեմբերին, սակայն միասնական գանձապետական հաշվին մուտքագրվել է 2009 թվականի հունվարին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 99.2 մլն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում արտաքին դոնորների կողմից տրամադրվել են 242.5 մլրդ դրամի վարկային միջոցներ, որից 185.1 մլրդ դրամը' ՌԴ կառավարության, իսկ 57.4 մլրդ դրամը' Արժույթի միջազգային հիմնադրամի:

 Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 3.6 մլրդ դրամ, որից շուրջ 2.6 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 110.6 մլն դրամ' Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 349.5 մլն դրամ' ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 17.2 մլն դրամ' ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, 427.5 մլն դրամ' էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը եւ շուրջ 91.3 մլն դրամ' բարձր լարման ցանցերի համակարգերի վերանորոգման ծրագրի գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


[1] Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում եւ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները

Այս խորագրի վերջին նյութերը