Հարցազրույց

24.08.2009 11:11


Արամ Մանուկյան

Արամ Մանուկյան

Հարցազրույց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի հետ

-Օգոստոսի 23–ը  Հայաստանի Հանրապետության հռչակագրի ընդունման 19-րդ տարեդարձն է։ Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրավիճակը։ Կարողացե՞լ ենք այս 19 տարիների ընթացքում հետամուտ լինել հռչակագրում տեղ գտած կետերին։

-Իշխանություն կար որ հետամուտ էր և իշխանություն կա, որ հետամուտ չի։ 1990-96թթ.-ին գրեթե բոլոր կետերը կատարվեցին։ Այն ինչ որ անկախության հռչակագրում որպես ծրագիր ամրագրված էր (այն իր մեջ պարունակում է մոտավորապես 40-45 դրույթ, մասնավորապես, սեփական դրամը, բանկային համակարգը, ազատ մամուլի ստեղծումը, սեփական անձնագիր ունենալը), այդ դրույթների ճնշող մեծամասնությունն այդ 5-6 տարիների ընթացքում կատարվեցին։ Հաջորդ տարիները դրանց ամրացման տարիները պետք է լինեին։ Հռչակագրի մեջ կային նաև, այսպես կոչված, չգրված կետեր, հոգեբանական գործոն։ Օրինակ՝ Հռչակագիրը յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է դառնար պաշտպանող փաստաթուղթ, կյանքի գործունեության ծրագիր։ Դա մինչ այսօր ամբողջապես կատարված չէ։ Օրինակ, օգոստոսի 23–ը տոն է և ՀՀ փողոցներում, բայց հեռուստատեսությամբ կամ թերթերում դուք դա չեք զգա, որովհետև պետական քաղաքականության մեջ պետական տոնը մատուցելու խնդիր չկա։ Իրենք այդ արժեքը որպես գերակա արժեք չեն ընկալում։ Ավելին, այսօրվա իշխանությունները մտածում են, որ ավելի լավ է լինել որևէ երկրից կախված և ապրել ավելի հանգիստ ու անպատասխանատու։ Այսինքն, անկախության  հոգեբանական գործոնը մինչ այսօր կատարված չէ։ Ավելին, այն հակառակ ընթացքով է տարվում։

-Կարո՞ղ եք մատնանշել, թե որ կետերն այսօր իրականացված չեն։

-Այդպիսի կետ չկա։ Միայն ցեղասպանության ճանաչման գործընթացն է, որ ընթացքի մեջ է։ Մնացած կետերը կատարված են։

-Այդ դեպքում ի՞նչն է խոչընդոտում Ձեր մատնանշած խնդիրների իրականացմանը։

-Կամքը։ Կամքը, ցանկությունն ու սերը անկախության նկատմամբ։ Վերջին տարիներին ես չեմ հիշում որևէ գիրք, լուրջ հաղորդում կամ ֆիլմ, որը նվիրված լինի ՀՀ անկախությանը։ Այդ արժեքը բացարձակապես չի գնահատվում։ Մեր ամբողջ պատմության մեջ մենք չունենք որևէ փաստաթուղթ, որն առավելագույնս պարունակի մեր ժողովրդի ուզածը, մեր ազգի, պետության ցանկությունները։

-Արդյո՞ք դա միայն ներկայի և միայն իշխանությունների խնդիրն է։

-Ոչ։ Եվ՛ անցյալինն է, և՛ այսօրվանն է, և՛ վաղվանն էլ է լինելու։  Դա թուղթ չէ, որ փակում ես և վերջանում է։ Նպատակն այնքան բարձր և գեղեցիկ է, որ նա երբեք չի կարող ավարտական փուլին հասնել։ Անկախացման գործընթացն անընդհատ գործընթաց է, առավել ևս մեր նման երկրի համար։ Եթե անգամ այսօրվա իշխանությունները չեն գնահատում այդ արժեքը, վաղվա իշխանությունը դա անպայման անելու է։

-Ստեղծված իրավիճակի մեղավորությունը միայն իշխանությունների՞նն եք համարում, թե՞ ուրիշ գործոններ էլ եք տեսնում։

-Շատ անկեղծ եմ ուզում լինել։ Մի քիչ ժողովրդի մեջ էլ կա այդ օտարի հովանու տակ ապրելու զգացումը, շատերի մոտ կա։ Սովետական դրոշմն այնքան ուժեղ և ծանր է եղել, որ դրանից ազատումը մինչև այսօր ամբողջապես իրականացված չէ։ Օրինակ հիմա Հայաստանում ռուսականացման և ռուսաց լեզվի ներխուժման վտանգ կա, ի դեպ, հայերի համաձայնությամբ և իշխանությունների կամոք։

-Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ իրավիճակը շտկելու համար։

-Առաջին հերթին այդ գաղափարն անընդհատ մատուցել է պետք։ Մատուցելու ձևերն են դասագիրք, հոդված, հաղորդաշար, ֆիլմ, միջոցառումներ և այլն։ Դա քաղաքականություն է, որը կարող է իրականացվել նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, իշխանությունների կողմից։ Սա որ լինի, ժողովուրդն ինքնըստինքյան մտնում է այդ խաղի մեջ, դառնում է մասնակից։ Այսօր ժողովուրդը մասնակից չէ, որովհետև իշխանությունը դա չի մատուցում։ Պետք է կամք, և ժողովուրդը մասնակից կլինի այդ կամքի արտահայտմանը՝ անկախության գաղափարի տարածմանը և անկախության դրույթների կերտմանը։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը