Լրահոս

25.01.2011 11:35


Գագիկ Գինոսյան. «Եթե իշխանությունը կարողանում է փոշիացնել մտավորականությանը, դա արդեն մտավորականության թուլության մասին է խոսում»

Գագիկ Գինոսյան. «Եթե իշխանությունը կարողանում է փոշիացնել մտավորականությանը, դա արդեն մտավորականության  թուլության մասին է խոսում»

«Կարին» ազգագրական համույթի ղեկավար, ազգագրագետ Գագիկ Գինոսյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով այն տեսակետին, թե հայ ազգը երկար տարիներ պետականությունից զուրկ լինելով' դարձել է հարմարվող և իր բնավորության գիծն է դարձրել ստրկամտությունն ու քծնանքը, ասել է, թե ինքը նժդեհական է, իսկ նրա գաղափարախոսության մեջ նման բան չկա։

-Նժդեհն ասում է. «Ստրկական երկյուղից, այդ ամոթալի արատից, այդ չարիքից զերծ է հայի էությունը, որովհետև օտար իշխանության  լուծը կրելով հանդերձ՝ նա չի դադարել իրեն զգալ ավելի բարձր իր երկրին բռնորեն տիրողից»։ Եթե ազգի մեջ  կամ իշխանության մեջ կան նման մարդիկ, որոնք հարմարվողական քաղաքականություն են տանում, դա ազգին  չի վերաբերում։ Եթե ազգը 600 տարվա ստրկությունից ու պետականություն չունենալուց հետո ծնում է Նժդեհներ ու Անդրանիկներ, 70 տարվա սովետական լծից հետո ծնում է Մոնթե Մելքոնյան, Մովսես Գորգիսյան, ապա ստրկության մասին խոսելն ավելորդ է։ Նժդեհն ասում է. «Իմ հայրենիքը դա մարդկայնորեն այն լավագույնն է, որ կա Հայաստանում»։ Այսօր ես իմ հայրենիքում եմ, և ես՝ որպես մտավորական, իմ հայրենիքի զավակն եմ,  և եթե իշխանավորների մեջ կան սրիկաներ կամ ստրկամիտներ, դրանով չի որոշվում։ Հայրենիքը սկսվում է Եռաբլրից, այլ ոչ թե Բաղրամյան պողոտայից,-ասել  է նա։

Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է, որ մենք հանդուրժում ենք այդ իշխանավորներին ու լուռ ընդունում ամեն որոշում, Գագիկ Գինոսյանն ասել է.

-Իսկ ո՞վ է ասում, թե հանդուրժում է։ Իսկական մտավորականը միշտ  էլ պայքարել է։ Դուք նայեք լուրջ մտավորականությանը։ Տեսեք՝ իրենք համակերպվո՞ւմ են, թե՞ ոչ։ Ամենավատ բանը, որ այսօր արվում է, մտավորականության և երիտասարդության քաղաքականացումն է, որը չպետք է լինի։ Իմ կարծիքով՝ իրական մտավորականները երբեք քաղաքական գործիչ չեն դառնում։ Մտավորականը գաղափարական մարտիկ է։ Երկրում կան լուրջ մտավորականներ, որ պայքարում են  ազգային արժեքների, մտավոր արժեքների բարձրացման համար։ Ես չեմ բացառում հարցերի լուծման հեղափոխական ճանապարհը, սակայն ես դրան այնքան էլ կողմանակից չեմ, որովհետև կյանքը ապացուցել է, որ հեղափոխական վիճակը ետ է նետում պետությունները։ Ավելի ճիշտ է երկրում ճիշտ ազգային մտավորականության հզորացումը, որը կպարտադրի ազգային մոտեցում իշխանություններին։ Մեր թերությունները չպետք է բարդել իշխանավորի վրա և պետք է լինել այնքան ուժեղ, որ պետությունը հաշվի նստի մտավորականության  հետ։ Եթե իշխանությունը կարողանում է փոշիացնել իսկական ազգային մտավորականությանը, դա արդեն մտավորականության  թուլության մասին է խոսում, այլ ոչ թե՝ իշխանության ուժի։ Կո՛չ եմ անում պատվով կրել մտավորականի կոչումը և չվերածվել, Նժդեհի բառերով ասած, ստամտավորականի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը