Լրահոս

21.08.2009 17:34


Նվեր Մնացականյանին աղջկա հարցով են ծեծել, պատահաբար

-Նվեր Մնացականյանի գործով ներկայացել են երկու անձինք (մեկը նույնիսկ համալսարանի ուսանող), որոնք դեպքի վայրն են ցույց տվել ու մանարամասն պատմել ամեն ինչ։ Առերեսումները կավարտենք շուտով և լրացուցիչ կհաղորդենք այդ դեպքի մանրամասները,-խոսելով «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի ծեծի մասին՝ ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ Նվեր Մնացականյանը ծեծի է ենթարկվել թյուրիմացաբար։ Պարզվել է, որ մի աղջկա հետ կապված անհեթեթ պատմություն է եղել, ու պատահաբար Նվեր Մնացականյանին շփոթելով աղջկա հոր հետ՝ տղաները որոշել են ծեծել նրան։ Ալիկ Սարգսյանը հերքել է այն լուրերը, թե «Գրանտ Հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանի որդին՝ ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանն է պատվիրել ծեծել հեռուստահաղորդավարին։

-Հրանտ Վարդանյանի որդու հետ կապված, ինչ թաքցնենք, մենք ահագին զբաղվել ենք։ Այդ վարկածը մեզ մոտ ի սկզբանե ընդունված է եղել։ Մենք փորձել ենք բացահայտել։ Նույն Նվեր Մնացականյանն էլ կասկած չունի Հրանտ Վարդանյանի և նրա որդու հետ կապված, իսկ քրեորեն նրանց առնչությամբ ոչ մի փաստ չի հիմնավորվել, և կապ չկա Հրանտ Վարդանյան գործարարի և Նվեր Մնացականյանի միջև։

Ոստիկանապետը նշել է, որ մեծ աշխատանքներ են տարվում նաև մյուս լրագրողների (Արգիշտի Կիվիրյան և Էդիկ Բաղդասարյան) գործերը բացահայտելու ուղղությամբ և ասել. «Համարեք, որ բոլորն էլ բացահայտված են»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը