Հարցազրույց

11.04.2014 12:46


Մանրամասներ եռակողմ հանդիպումից

Մանրամասներ եռակողմ հանդիպումից

Եռակողմ հանդիպումից մանրամասներ ԳԱԼԱ-ի հետ զրույցում ներկայացնում է Ստեփան Մարգարյանը:

-Պարո՛ն Մարգարյան, ՀՅԴ-ն հայտարարեց, որ նման ֆորմատով հանդիպման անհրաժեշտություն չկա, եւ քառյակի ղեկավարների հանդիպումը կայացավ առանց նրանց: Ինչպե՞ս եք գնահատում:

-Հանդիպման պայմանավորվածությունը մենք արեցինք այսպես. իրենք են որոշում՝ ով կգա: Եվ նախապես պայմանավորվել էինք, որ որեւէ մեկի չգալը չեն դիտի դուրս գալ քառյակից, եւ չեկողը չի համարի, որ լավ չեն արել, որ հանդիպել են: Դրա համար պատճառ չեմ համարում կարծելու, որ դուրս կգան, եւ այլ պատճառ այս պահին որեւէ քաղաքական ուժի դուրս գալու վերաբերյալ եւս հայտնի չէ: Իսկ հանդիպումը բավականին նորմալ եւ արդյունավետ է անցել:

-Ի՞նչ հարցեր էիք քննարկում:

-Հետագա ռազմավարության խնդիր ենք քննարկել: Համագործակցության խնդիր կա, եւ արդեն երկար ժամանակ խորհրդարանական խմբակցությունները համագործակցում են, բայց ուժերի ղեկավարները դեռ չէին հանդիպել այսպես: Խնդիր կար հանդիպման, որոշեցինք կազմակերպել այս անգամ, հատկապես որ կառավարության հրաժարականի հետ կապված՝ ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, եւ հետագա համագործակցության խնդիրները պետք է վերանայվեին:

Մենք հիմնականում քննարկել ենք այն հարցերը, ինչ որ կան խմբակցությունների համագործակցության օրակարգում: Ունենալով կուսակցություններ, որոնք տարբեր կարծիքներ ունեին, մենք գտել ենք ընդհանուրը: Եվ կարեւորեցինք, որ այսուհետ եւս կարող ենք առանձին վերաբերմունք ունենալ այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց գործողություններն անել այն հարցերի շուրջ, որոնք համարում ենք ընդհանուր:

-Հետագա համագործակցությունն ինչպե՞ս ենք տեսնում:

-Մենք քննարկել ենք այս հարցերը՝ մեր հետագա անելիքները կառավարություն ձեւավորելու ընթացքում եւ դրանից հետո:

-Այսինքն, կարելի՞ է կարծել, որ երեք քաղաքական ուժերն էլ տեսնում են կառավարություն ձևավորելու հարցում իրենց անելիքը:

-Կառավարություն ձեւավորելու հարցում իրենց անելիքը մի քիչ ընդհանուր է ասված, մենք վաղը անցկացնելու ենք տնտեսական ֆորում Ծաղկաձորում, որտեղ քննարկվելու են տեսակետներ կառավարման համակարգի, Հայաստանի ապագա տնտեսական քաղաքականության խնդիրները:Քանի որ դա քառյակն է կազմակերպում, բնականաբար, եթե ընդհանուր որոշում կլինի կամ կլինեն ելույթներ, դա կլինի բոլորինը: Մենք կարծում ենք, որ այդ շրջանակներում Հայաստանի տնտեսական քաղաքականության վարումը բերելու է նորմալ իրավիճակի: Սա կառավարության ձեւավորման գործընթացում ոչ թե անելիք է, այսինքն, ոչ թե մենք մասնակցում ենք կառավարության ձեւավորմանը, այլ տնտեսական քաղաքականության մեր տեսակետները մշակում եւ հրապարակելու գործընթաց ենք իրականացնելու:

-Այսինքն, դուք ծրագիր եք մշակել եւ ծրագի՞ր եք ներկայացնելու:

-Այո՛, մեր օրակարգում դա կար մինչեւ կառավարության հրաժարականը: Հիմա եթե ծրագիրը կվերցնեն, փառք ու պատիվ իրենց, եթե չեն վերցնի,մենք կշարունակենք այն գործընթացը, ինչ որ անում էինք: Մենք ձեռնամուխ կլինենք դրանց իրականացմանը, դրանց չընդունման դեպքում եթե շարունակեն աշխատել Տ. Սարգսյանի ծրագրով եւ ոճով, այդ ժամանակ հասարակական ընդվզումը բավականին մեծ կլինի:

-Այսինքն, կոնսոլիդացված ուժերը չեն ուզում կառավարությունում աշխատել իրենց ծրագրով, մենակ ծրագիր են գրում երկրի բարօրության համար, այդպե՞ս հասկանանք:

-Մենք հայտարարել ենք, որ բոլորս որոշել ենք, որ որեւէ մեկը չի մտնում կոալիցիա կամ կառավարություն, մենք այդ որոշումը ունենք: Գոյություն ունի խորհրդարանական մեծամասնություն, դու չես կարող իրականացնել այլ ծրագիր, քան խորհրդարանական մեծամասնությունն ունի: Մենք հորդորում ենք խորհրդարանական մեծամասնությանը ավելի լավ ծրագիր իրականացնել: Այսինքն, եթե մեզ առաջարկում են՝ եկեք դուք արեք, գոյություն ունի խորհրդարանական ծրագիր, որը թույլ չի տա, որ մենք մեր ծրագիրն անենք:

Մենք բազմաթիվ լավ տնտեսության վերաբերյալ մետեցումներ ունենք մշակած եւ նախկինում էլ այդ փորձը ունենք: Ժամանակին մենք մշակել ենք, շրջանառության մեջ ենք դրել, բայց մերժել են: Մենք հիմա մեր տնտեսական ֆորումը հրապարակելու ենք, որ ամեն ինչ պարզ լինի բոլորի համար: Այնպես որ, դա անիմաստ է մտածելը՝ վերցնենք ու անենք. ձեւավորված խնդիր կա, քաղաքական մեծամասնություն կա: Ուրիշ բան, որ խնդիր առաջանա խոհրդարանական ընտրությունների:

-Իսկ եթե հրաժարվու՞մ են:

-Այդ դեպքում մենք շարունակում ենք մեր մոտեցումները պնդել եւ նոր իրավիճակ կլինի:

-Հնարավո՞ր է նոր իրավիճակում Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջեք:

-«Եթե»-ներով խոսելը հիմա իմաստ չունի: Ես ասում եմ՝ եթե շարունակվի նույն ծրագրով, առնվազն քաղաքական լուրջ ընդվզում տեղի կունենա: Պահանջները կլինեն շատ ավելի ռադիկալ:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը