Տնտեսական

19.08.2009 18:53


Բագրատ Ասատրյան. «Ազգային ժողովը մատը մատին չխփեց բյուջեն վերանայելու համար»

Բագրատ Ասատրյան. «Ազգային ժողովը մատը մատին չխփեց  բյուջեն վերանայելու համար»

-Փաստը մնում է փաստ, որ անցած տարեվերջին արդեն նկատելի էին այն զարգացումները, որոնք պետք է պայմանվորեին 2009թ. արդյունքը։ Արդյունքը՝ կիսամյակը ցույց տվեց, որ մեր վատագույն կանխատեսումները՝ 20% անկումը, իրողություն է,- Հայաստանի Հանրապետության տնտեսական ներկայիս իրավիճակի մասին խոսելիս՝ ասել է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Նրա կանխատեսումների համաձայն՝ գալիք տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությանը լավ բան չի սպասվում, անկումը շարունակվելու է, չնայած որ անկման տեմպերը նվազելու են։

-Մյուս տարի սպասումները հետևյալն են. անկումը 1-1,5% է լինելու, ինչը հիմնականում պայմանավորված է լինելու առևտրի և սպասարկման ոլորտում սպասվող անկումով։ Շինարարության փոքր-ինչ աճ եմ կանխատեսում, ինչը իշխանության ներդրումների արդյունք է լինելու։ Արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը ևս որոշակի աճ են նախատեսում։ Սա լավատեսական գնահատական է, քանի որ 2010թ. 1,5%-ոց անկումը հնարավոր կլինի այն պարագայում, եթե 2009թ. ամերիկյան տնտեսությունը դրական կոր ցույց տա։ Սակայն հասկանալի է, որ Հայաստանի համար որոշիչ են լինելու այն զարգացումները, որոնք լինելու են Ռուսաստանում։ Եթե 2010թ. Ռուսաստանի տնտեսությունում դրական միտումներ նշմարվեն, և տնտեսական աճը կազմի առնվազն 3%, միայն այս պարագայում մենք կարող ենք սպասել, որ Հայաստանում դրական միտումները, տնտեսական աճը կվերականգնվեն 2011թ.,- ասել է Բագրատ Ասատրյանը։

Հակաճգնաժամային ծրագիր, նրա կարծիքով, գոյություն չունի, իսկ Ազգայի ժողովը «մատը մատին չխփեց բյուջեն վերանայելու համար»։

-Մեր տնտեսությունը հիվանդոտ տնտեսություն է։ Իսկ մենք հիվանդության պատճառը նույն հիվանդության միջոցներով ենք ուզում լուծել։ Մեր տնտեսությունը շեղվել է այն պատճառով, որ զարգացման որոշիչ գործոնը եղել են տրանսֆերտները, և այսօր փողի ներհոսքով չէ, որ պետք է իրականացնենք բուժումը։ Մեզ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ,- կարծում է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը