Հարցազրույց

08.04.2014 14:54


Ստեփան Մարգարյան. «Քառյակի առաջիկա նիստում կքննարկվի ղեկավարների հանդիպման ժամկետի ու օրակարգի հարցը»

Ստեփան Մարգարյան. «Քառյակի առաջիկա նիստում կքննարկվի ղեկավարների հանդիպման ժամկետի ու օրակարգի հարցը»

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը նախորդ շաբաթ հայտարարեց կուսակցությունների ղեկավարների մակարդակով հանդիպման հավանականության մասին: Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության հրաժարականից հետո «Ժառանգությունը» կրկնեց ղեկավարների հանդիպման անհրաժեշտությունը: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը iLur.am-ի հետ զրույցում վերահաստատեց հանդիպելու պատրաստակամությունը՝ հիշեցնելով, որ Կոնգրեսն ի սկզբանե համաձայն է եղել այդ ֆորմատով հանդիպմանը:

iLur.am-ը հնարավոր հանդիպման ժամկետների եւ օրակարգի շուրջ մեկնաբանություն վերցրեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանից:

-Պարո՛ն Մարգարյան, կուսակցությունների ղեկավարների հանդիպման ուղղությամբ գործնական քայլեր արվո՞ւմ են:

-Մենք հայտարարել ենք, որ խնդիր չունենք. պատրաստ ենք հանդիպմանը: Առայժմ հայտնի չէ, թե այն երբ կկայանա: Բայց մենք պայմանավորվածություն ունենք, որ քառյակի առաջիկա նիստի հիմնական քննարկելիք հարցերից մեկն այդ է լինելու: Հանդիպման անհրաժեշտությունը պնդում են «Ժառանգության» մեր գործընկերները. Կոնգրեսը պատրաստ է, մնում է՝ հաջորդ նիստին Դաշնակցության հետ էլ խոսենք:

-Քառյակի նիստը ե՞րբ կկայանա: Հաշվի առնելով հավանականությունը, որ ՀՀԿ-ն հինգշաբթի վարչապետի թեկնածուի անունը կհայտարարի, քառյակը շտապելու խնդիր չունի՞:

-Քառյակի նիստը շատ չի ուշանա, հստակ չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ այսօր-վաղվա խնդիր է: Վստահաբար, դա չի կարող լինել, ասենք, հաջորդ շաբաթ. կլինի ավելի շուտ:

-Ո՞րն է լինելու չորս ուժերի ղեկավարների հնարավոր հանդիպման օրակարգը:

-Օրակարգը շատ բազմազան է լինելու, որովհետեւ երկիրը կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ, եւ, փաստորեն, գտնվում ենք նոր կառավարության ձեւավորման նախաշեմին: Կարծում եմ, որ այդ «մեծ» հանդիպման օրակարգային որոշ հարցեր եւս քառյակի նիստում պետք է համաձայնեցնենք:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը