Հարցազրույց

04.04.2014 12:01


Երվանդ Բոզոյան. «Ոչիշխանական ուժերը շատ լուրջ են տրամադրված»

Երվանդ Բոզոյան. «Ոչիշխանական ուժերը շատ լուրջ են տրամադրված»

Երեկˋ ապրիլի 3-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Նշենք, որ ապրիլի 28-ին խորհրդարանական ոչիշխանական ուժերը պատրաստվում էին ԱԺ օրակարգ մտցնել կառավարության հրաժարականի պահանջը: Ո՞րն էր իշխանության կայացրած նման որոշման պատճառը, որո՞նք կլինեն քառյակի հետագա անելիքները: Այս և այլ հարցերի շուրջ NewsBook-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

-Պարո՛ն Բոզոյան, ինչո՞ւ իշխանությունը նման քայլի գնաց:

-Կարծում եմˋ բոլորի համար ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականը ժողովրդի, քաղաքացիական հասարակության, ոչիշխանական ուժերի համատեղ ջանքերի արդյունքն էր: Իշխանությունն, ըստ էության, խուճապահար իրավիճակի մեջ էր սպասվելիք պրոցեսներից և դրանց կուլմինացիայից, որը կլիներ ապրիլի 28-ին: Ինքըˋ Սերժ Սարգսյանը, ինքնակամ որոշում կայացրեց գնալ այս կոմպրոմիսին:

-Այսինքն, «հարձակումը պաշտպանության լավագույն միջոցն է» տարբերակը գործե՞ց:

-Ես կարծում եմˋ այո: Սերժ Սարգսյանը փորձեց սպասվելիք մեծ ալիքը կանխել, որպեսզի թուլացներ հասարակական դժգոհությունը: Այն թեզը, թե Տիգրան Սարգսյանը որոշել էր ավելի շուտ հրաժարական տալ, ես կարծում եմˋ հեքիաթի ժանրից է:

-Տիգրան Սարգսյանը չէ՞ր ուզում հրաժարական տալ:

-Եթե նա ուզենար հրաժարական տալ, ապա այդքան ակտիվորեն չէր մասնակցի գործընթացներին: Նա ամեն ինչ անում էր, որպեսզի մնար պաշտոնում: Այն հեգնական տոնը, լկտիությունը, որը կար նախարարների և անձամբ իր կողմից, ապացույցն էր այն բանի, որ իր համար ևս անսպասելի էր հրաժարականի որոշումը:

-Վերադառնալով քառյակին, ըստ Ձեզ, որո՞նք կլինեն քառյակի հետագա քայլերը:

-Այս պահին ես չեմ ուզում շտապել, բայց մի բան հասկանալի է՝ քառյակի օրակարգի մեջ փոփոխություններ կլինեն: Ինձ համար մի բան ակնհայտ է, որ բոլորը, այդ թվում` ոչիշխանական ուժերը, տեսան և հասկացան, որ ցանկացած խնդրի մեջ հաջողությունը միասնականության մեջ է: Այն միասնականության, որը, կոպիտ ասած, սարեր է շուռ տալիս: Այն միասնականության, որը Եղիշե Չարենցն էր ասել, այն միասնականության, որի դեմ այսօրվա իշխանությունն անզոր է: Ես ուզում եմ, որ բոլորն էլ հասկանան, որ փոփոխությունն ամբողջ ժողովրդին է պետք: Այս փակ համակարգը ոչ մեկին պետք չէր. փակ համակարգը երկրին ապագա չի խոստանում: Ես ուզում եմ ասել, որ, ի վերջո, ինչ որոշում էլ կայացնի քառյակը, պետք է գիտակցի, որ միասնական օրակարգով միայն կկարողանան թելադրել: Ներկա իրավիճակում, կարելի է ասելˋ քառյակն էր ձևավորում քաղաքական դաշտը, և Սերժ Սարգսյանն իր որոշումով փորձեց ինչ-որ խառնաշփոթ առաջացնել: Ինչ-որ իմաստով, բնականաբար, առաջացրեց, քանի որ քառյակի օրակարգը փոխվեց:

-Պարո՛ն Բոզոյան, իսկ, ըստ ձեզ, վարչապետի պաշտոնում ընդդիմության ներկայացուցի՞չ կլինի, թե՞ էլի իշխանության: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ ընդդիմությունից կլինի ներկայացուցիչը:

-Հասարակությանը չի հետաքրքրում` ՀԱԿ-ից, «Դաշնակցությունից», «Ժառանգությունից», թե ԲՀԿ-ից կլինի թեկնածուն: Հասարակությանը հետաքրքրում է, թե երբ իր կենսամակարդակը կբարելավվիˋ կոնկրետ ժամկետներով: Հիմա հասարակության կեսը խորտակված վիճակի մեջ է: Թեկնածուն ով էլ լինի, պետք է ներկայացնի ծրագիր, որը ժամկետ կունենա, և մենք կիմամանք, որ 5 ամիս, 6 ամիս հետո ինչ ենք ունենալու: Թեկնածուն խոստումը տալու է, իսկ մենք կհետևենք դրա կատարմանը: Եթե չի կատարի խոստումները, կասենքˋ ուրեմն թեկնածուն էր սխալ ընտրված, կամ ծրագիրը բավարար չէր:

-Հիմա ի՞նչն է կարևոր այս պարագայում, և ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանի համար:

–Կարևոր է, որ ներկայացվի այլընտրանքային ծրագիր: Հայաստանում նախկինում չկար միասնականության գիտակցումը, դրա պատճառով էլ տեղի չէր ունենում փոփոխություն: Իսկ հիմա ոչիշխանական ուժերը միասնական գիտակցում են և շատ լուրջ են տրամադրված: Հիմա կարևոր է, որ ոչիշխանականները հասարակությանը ներկայացնենˋ ինչ ծրագիր են պատկերացնում, որպեսզի այն լինի հավասարակշռված, կոմպրոմիսային: Ոչիշխանականները պետք է առաջարկեն այնպիսի փոփոխություններ, որոնք թթվածնի նման անհրաժեշտ են ժողովրդին:

Հարցազրույցը վարեց Քրիստինա Աղալարյանը:

Մանրամասները՝ Newsbook.am։

Այս խորագրի վերջին նյութերը