Լրահոս

25.01.2011 08:59


Մամեդյարովի հայտարարությունը կատարյալ նոնսենս է

Արձագանքելով հունվարի 24-ին Քուվեյթի Alrai թերթի հետ հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը.

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրելու համար:

Մամեդյարովի հայտարարությունը կատարյալ նոնսենս է: Բանակցային որևէ ձևաչափում չի քննարկվում և չի էլ կարող քննարկվել Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելու հարցը այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղը 1991թ-ից տիրապետում է անկախ պետության կարգավիճակի, ինչը ամրագրված է նաև երկրի Սահմանադրության մեջ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և որ ԼՂՀ կարգավիճակի ճանաչման հարցը կարող է ելնել միայն ներկա կարգավիճակի սկզբունքից:

Ադրբեջանի արտգործնախարարի իրականությունից իսպառ կտրված հայտարարությունը համարժեք է այն հնարավորությանը, որ պաշտոնական Երևանը կամ Ստեփանակերտը հայտարարեն, թե պատրաստ են քննարկել Ադրբեջանին ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրելու հարցը:

Նույն հարցազրույցում Մամեդյարովը նաև ցավ է հայտնել, որ չեն իրագործվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերը դուրս բերելու մասին 4 բանաձևերը:

Ցավալի է, որ Կիևի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը ավարտած և շուրջ 20 տարի ադրբեջանական ԱԳՆ համակարգում աշխատած նախարարը չգիտի, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր իրավական ուժ չունեն:

Ցավալի է նաև, որ Մամեդյարովը չգիտի, որ հայկական զորքեր հանդիսանում են ոչ միայն ՀՀ, այլև ԼՂՀ զինված ուժերը, իսկ ԼՂՀ-ից պահանջել, որպեսզի նա դուրս բերի իր զորքերն իր իսկ տարածքից, առնվազն անտրամաբանական է:

Վահան Դիլանյան

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը