Լրահոս

19.03.2014 13:16


Մերի Մովսիսյան.«Յուրաքանչյուր երկխոսություն պետք է լինի ժամանակին»

Մերի Մովսիսյան.«Յուրաքանչյուր երկխոսություն պետք է լինի ժամանակին»

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երկխոսության կոչ է արել և հրավիրել «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներին։ Երկխոսությունը, իհարկե, շատ դրական երևույթ է։ Սակայն յուրաքանչյուր երկխոսություն պետք է լինի ժամանակին և նպատակաուղղված՝ երկու կողմերի պահանջները բավարարելու։ Կարծում եմ՝ վարչապետը մի փոքր ուշացել է։ Երկխոսության կոչ պետք է արվեր օրենքն ընդունելուց առաջ, իսկ հիմա ավելի քան ուշ է։ Պետք է հասկանալ, որ վարչապետը չի կարող Սահմանադրական դատարանի «գլխից» թռչել, իսկ վերջինս էլ՝ Սերժ Սարգսյանի։ Նախագահը հստակ ասել է, որ բնակչության 80% դեմի պարագայում միևնույն է՝ օրենքը գործելու է։ Հիմա վարչապետն ի՞նչ է առաջարկելու։ Ներկա պահին նրա ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխանն է որոշիչ դեր խաղալու, գոնե մինչ Սահմանադրական դատարանի որոշումը։

Ընդհանրապես, ընդունված կարգ է, որ յուրաքանչյուր երկխոսություն միտված է խնդրի խաղաղ կարգավորման՝ երկուստեք զիջումների նախապայմանով։ Ի՞նչ զիջումների է գնալու վարչապետը՝ հասկանալի չէ։ Քաղաքացիական հասարակությունն էլ իր զիջումը վաղուց է արել՝ պայքարել բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով։ Իհարկե, քաղաքացիական հասարակությանն է մնում որոշել՝ նա ուզո՞ւմ է երկխոսել ձախողակ կառավարության հետ, թե՞ շարունակել պայքարը։ Այստեղ մեկ այլ նրբություն էլ կա՝ կառավարությունը երկխոսության կոչ է անում այն բանից հետո, երբ տեսնում է, որ քաղաքացիական հասարակությունը և ՀՀ ԱԺ խորհրդարանական 4 ոչիշխանական ուժերը համագործակցում են մեկ հարցի շուրջ։ Իրականում կառավարությանը կյանքում նման քայլի չէր գնա (ե՞րբ էր քաղաքացիական հասարակության կարծիքը հարցրել, որ հիմա է անում), եթե չլիներ վերը նշված դրվագը։ Իր բնույթով անգամ մեղմ ավտորիտար իշխանությունը երբեք հասարակությանը երկխոսության կոչեր չի անում։ Միայն մեկ դեպքում՝ երբ զգում է նրա որոշումներին հակադրվող լուրջ միասնական ճակատ։ Իշխանությունը քաղաքական վտանգ է զգացել, այդ իսկ պատճառով ձեռնամուխ է եղել «երկխոսության», հակառակ դեպքում նման բան չէր լինի։ Ճիշտ է՝ քաղաքացիական հասարակությունը զերծ է մնում խնդիրը քաղաքականացնելուց, սակայն պետք է նշեմ, որ ցանկացած քաղաքական էլիտա մի քայլ առաջ գիտի իր ընդունած որոշումների բնույթն, ու ինչի այն կարող է հանգեցնել։ Որպես կանոն՝ քաղաքացիական հասարակությունը նմանատիպ նյուանսների ընկալմանն է գալիս միայն գործընթացների զարգացման ընթացքում։ Մի խոսքով, յուրաքանչյուր պարագայում՝ կոչին կարձագանքեն, թե ոչ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները երկու քայլ առաջ պետք է մտածեն՝ խուսափելու հետագա պարտություններից։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը