Լրահոս

14.08.2009 16:01


Հ. Խառատյան. «Այս պահին մենք տխուր հեռանկարների իրական հնարավորություն ունենք, ինչն ավելին է, քան սահմանի բացման դեպքում Հայաստանի տնտեսական ակնկալիքները»

Հ. Խառատյան. «Այս պահին մենք տխուր հեռանկարների իրական հնարավորություն ունենք, ինչն ավելին է, քան սահմանի բացման դեպքում Հայաստանի տնտեսական ակնկալիքները»

-Ես սահմանի բացման հետ կապված այլ խնդիրներ եմ տեսնում,- «7օր»-ին ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ չհամաձայնելով մի շարք մասնագետների այն կարծիքի հետ, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը հայ և թուրք հասարակությունները պատրաստ չեն։ Ազգագրագետն այս պահին դեմ է, որովհետև, օրինակ, Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմական գործողությունների բռնկման դեպքում Թուրքիայի բացած ճանապարհով 50-60 հազ փախստական կարող է ներգաղթել Հայաստան, և այդ ժամանակ մեր երկրում «լյումպենացված կոռումպացվածությունը, անբարոյականությունն ու բարոյազրկումն» է՛լ ավելի կաճեն։

Հ. Խառատյանը նաև համամիտ չէ, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար տնտեսապես շահավետ է.

-Նախ վստահ չեմ, որ դա՛ է բերելու մեր երկրի տնտեսական աճին։ Եվ հետո, ելնելով Թուրքիայի ընդհանուր քաղաքական ոճից և իր քաղաքական հեռանկարները հենց այսօր ծրագրավորելու սովորական գործելաոճից, ես տագնապ ունեմ, որ սահմանը բացվելու  դեպքում այդ ճանապարհը կարող է օգտագործվել թե՛ հայերի, թե՛ քրդերի դեմ։ Ի՞նչ մի դժվար բան է մի քանի քրդական հարձակումներ կազմակերպել հայկական բեռների վրա, և «խեղճ» Թուրքիան հարայհրոց դնի աշխարհում, որ տեսե՛ք՝ երկու կողմից էլ ես այսպես տառապում եմ՝ մի կողմից քրդերն են ինձ այս օրը հասցնում, մյուս կողմից ես հայի հետ ուզում եմ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, բայց տեսե՛ք՝ իմ վիճակն անընդհատ ինչ է։ Եվ հիմա ամբողջ աշխարհը վազելու է, որ օգնի «խեղճ» Թուրքիային,- նշել է Հ. Խառատյանը՝ ավելացնելով, որ այս պահին մենք տխուր հեռանկարների իրական հնարավորություն ունենք, ինչն ավելին է, քան սահմանի բացման դեպքում Հայաստանի տնտեսական ակնկալիքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը