Աշխարհ

18.03.2014 15:34


Պուտին. «Ուկրաինայի դեպքում մեր արևմտյան գործընկերներն անցել են սահմանը» (տեսանյութ)

Պուտին. «Ուկրաինայի դեպքում մեր արևմտյան գործընկերներն անցել են սահմանը» (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեին։ Տեղի ունեցածը Պուտինը պատմական իրադարձություն է անվանել։

–Մարտի 16–ին տեղի ունեցած հանրաքվեն դեմոկրատական գործընթացներին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան է անցել։ Արդյունքներն առավել քան համոզիչ են։ Հասկանալու համար, թե ինչու են այդպիսի ընտրություն կատարել, պետք է ծանոթ լինեն պատմությանը, իմանան, թե ինչ է նշանակում Ղրիմը Ռուսաստանի համար, և Ռուսաստանը՝ Ղրիմի համար։ Ղրիմն այնքան նման է Ռուսաստանին,–ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ մարդկանց սրտում և մտքում Ղրիմը միշտ եղել է Ռուսաստանի անբաժանելի մասը, իսկ ժամանակին Խրյուշչովի որոշումը կայացել է այն ժամանակ գործող սահմանադրական նորմերի անտեսմամբ.

–Մարդկանց կարծիքը հաշվի չեն առել, պարզապես փաստի առաջ են կանգնեցրել։ Երբ Ղրիմը հայտնվեց այլ պետության տարածքում, Ռուսաստանը հասկացավ, որ իրեն թալանել են։ Մարդիկ ասում էին, որ կարտոֆիլի պարկի նման իրենց փոխանցել են Ուկրաինային։ Եվ ի՞նչ էր արել Ռուսաստանը՝ գլուխը կախել էր և համակերպվել էր, կուլ էր տվել այդ վիրավորանքը։ Բայց մարդիկ չէին կարողանում համակերպվել պատմական անարդարության հետ։

ՌԴ նախագահը նաև հիշեցրել է, որ այս տարների ընթացքում Ուկրաինայում մի քանի իշխանություն է փոխվել, ովքեր «կթում էին Ուկրաինան», և նրանց չէր հետաքրքրում, թե ինչպես են ապրում սովորական մարդիկ։ Այժմ էլ ազգայնականները բռնագրավել են իշխանությունը՝ չկանգնելով ոչ մի բանի առաջ։

–Մենք չէինք կարող Ղրիմին և նրա բնակիչներին թողնել վտանգի առաջ. հակառակ պարագայում դա մեր կողմից դավաճանություն կլիներ,–նշել է Պուտինը՝ Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն համեմատելով Կոսովոյի անկախացման հետ.

–Իրավիճակը միանգամայն համահունչ է Կոսովոյի անկախացմանը։ Արևմուտքի համար, չգիտես՝ ինչու, ինչ կարելի է Կոսովոյում ալբանացիներին, արգելվում է Ղրիմում ռուսներին և թաթարներին։ Ինչո՞ւ։

ՌԴ նախագահը նաև սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ–ին՝ ընդգծելով, որ այդ պետությունը տուրք է տալիս միայն ուժին՝ գործում են՝ ինչպես մտքներով կանցնի, ներշնչել են, որ իրենք առանձնահատուկ են, և կարող են ճիշտ լինել միայն իրե՛նք, կարող են խաղալ մարդկանց ճակատագրերի հետ.

–Ուկրաինայի դեպքում մեր արևմտյան գործընկերներն անցել են սահմանը, գործել բռի և ցինիկ։ Այսօր պետք է դադարեցնել հիստերիան, սառը պատերազմի հռետորաբանությունը և հարգել ու հաշվի առնել տեղի ունեցած փաստը,–կոչ է արել ՌԴ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը