Լրահոս

24.01.2011 17:52


Ալյուրի թանկացումը բնականո՞ն գործընթաց է

Ալյուրի թանկացումը բնականո՞ն գործընթաց է

«Հայելի» ակումբում խոսելով ալյուրի գների բարձրացման մասին՝ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, թե գների բարձրացումը պայմանավորված է մի քանի գործոններով։ Առաջին հերթին ալյուրի ստացման հիմնական հումքն արդեն իսկ աճ է արձանագրել։ Մյուս կողմից, գոյություն ունի արտաքին ազդեցություն, որի պատճառով ևս թանկացում կա, սակայն ոչ այն չափով, որ դիտարկվում է Հայաստանում։ Երրորդ խնդիրը փակ շուկան է։

Նա նշել է, թե արտաքին գնաճային ազդեցության նվազման համար անհրաժեշտ է, որ ցորենի գնագոյացումը լիներ բորսայական։ Որպես երկրորդ կարևոր գործիքակազմ նա նշել է պետության ինքնաբավության քաղաքականության առկայության անհրաժեշտությունը այնպիսի կարևոր ռազմավարական ապրանքատեսակի, ինչպիսին ցորենն է, ըստ որի պետությունը պետք է այդ պաշարները ձևավորեր ՝ ձեռք բերելով նաև դրսից ցորեն ներկրելու իրավասություն։ Երրոդ կարևոր գործողությունը, ըստ Ա. Մինասյանի, գյուղատնտեսության ակտիվ ծրագրերն են, այնինչ 2010-2011թթ. բյուջեներում գյուղատնտեսության ֆինանսավորումը նվազել է։

Նա նշել է, որ գնաճի զսպման փոխարեն պետությունում նպաստների, թոշակների կամ նվազագույն աշխատավարձի բարձրացման տեսքով իրականացվում է գների բարձրացման փոխհատուցում ցածր եկամուտներ ունեցող անձանց։ Սակայն պետությունը միշտ չէ, որ ի վիճակի է համարժեքորեն բարձրացնել կենսաթոշակները, նպաստներն ու նվազագույն աշխատավարձը։ Բացի այդ՝ պետության վերաբաշխման համակարգն այնքան անարդյունավետ է ու անհասցեական, որ երբեք չի կարող նվազագույն եկամուտներ ստացողներին արժանավայել փոխհատուցում ապահովել։

-Որքան էլ ես՝ որպես կոալիցիոն ուժ, ցանկանամ միայն վարդագույն ներկայացնել այս ամենը, հասկանում եմ, որ ունենք խոցելի պահեր։ Այդուհանդերձ, ես ուզում եմ մտածել, որ սա բնականոն գործընթաց է, չի կարող չլինել այսպես։ Պարզապես մնում է մեր մաքսիմալիզմը՝ որքան արագ ենք ուզում, որ ամեն ինչ ավելի լավ տեսնենք,-ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը