Կարծիք

13.08.2009 18:18


Համահայկական խաղերն ու համազգային առիթը

Համահայկական խաղերն ու համազգային առիթը

Արդեն հինգերորդ անգամ է՝ Երևանում անց են կացվում Համահայկական խաղեր: Սակայն որքան էլ լրատվամիջոցները փորձեն գովազդել նախաձեռնությունը, «Հայաստան-սփյուռք կապերն ամրապնդող հրաշալի ձեռնարկ», «ազգային ոգին բարձրացնող ձև» կոչեն ու տան լսված ու չլսված ամենատարբեր որակումներ, ցավոք, խաղերը սպասված արձագանքը չեն գտնում:

Թերևս նաև սա էր պատճառը, որ երկու տարին մեկ երեք անգամ անցկացնելուց հետո (1999թ., 2001թ., 2003թ.) որոշում կայացվեց չորրորդ Համահայկականը կազմակերպել չորս տարի անց' 2007թ.: Հետո վճիռը վերանայվեց՝ երկու տարին մեկ, սակայն ոչ բոլոր մարզաձևերի ընդգրկումով:

Մի փոքր նախապատմություն:

Համահայկական առաջին խաղերի սկիզբն ազդարարող ջահը վառվեց Գառնիի տաճարում և փոխանցումավազքով բերվեց Հրազդան մարզադաշտ, որով էլ բացման արարողության ժամանակ օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը վառեց մեծ ջահը: Նման խաղեր անցկացնելու գաղափարն իրականացավ մասամբ սփյուռքի մարզական կազմակերպությունների, մասնավորապես՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության և Հայ մարմնամարզական միության կողմից, որոնք արտերկրի տարբեր քաղաքներում մշտապես անց էին կացնում նմանատիպ միջոցառումներ սփյուռքահայ պրոֆեսիոնալ, հիմնականում' սիրող մարզիկների մասնակցությամբ՝ առանց Խորհրդային Հայաստանի ու առավել ևս Լեռնային Ղարաբաղի իրենց հայրենակիցների: Մեկ նախադասությամբ նշենք, որ դեռևս 1926-ին (դարձյալ օգոստոսին) Երևանում տեղի է ունեցել Համահայկական սպարտակիադա, որն այնուհետև շարունակություն չի ունեցել. հետագա տարիներին հայ մարզիկները մասնակցել են միութենական նշանակության առաջնությունների, ժողովուրդների բարեկամության, երիտասարդական սպարտակիադաների և այլն:  Հայաստանի անկախացումից հետո հայրենիքում Համահայկական խաղեր անցկացնելու նախաձեռնության հեղինակ է համարվում  դիվանագետ Աշոտ Մելիք-Շահնազարյանը, ում ջանքերով էլ 1997թ. ապրիլի 30-ին սփյուռքի հայկական ավանդական միությունների և Իրանի Հայ մշակութային «Արարատ» միության աջակցությամբ Երևանում կայացավ հիմնադիր ժողով, որն ստեղծեց կառավարական կազմկոմիտե և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե: Կանոնադրության համաձայն՝ խաղերն իրականացան Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) «Սպորտ բոլորի համար» ծրագրի շրջանակներում, որին մասնակից դարձան աշխարհի 23 երկրների 62 քաղաքների մարզական պատվիրակություններ: Խաղերում, որոնք տևեցին մինչև սեպտեմբերի 5-ը, յոթ մարզաձև էր ընդգրկված' ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս և շախմատ: Ընթացքում անցկացվեց նաև «Միսս 1-ին Համահայկական խաղեր» մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Ալին Մարկոսյանը Հալեպից: Երկու տարի անց՝ 2001թ. օգոստոսի 18-ին, 9-ը մարզաձևով մեկնարկեցին Համահայկական երկրորդ խաղերը. ավելացել էին լողն ու մինի-ֆուտբոլը: Երևան ժամանեցին մարզական պատվիրակություններ 29 երկրների 86 քաղաքներից: Այս անգամ վերջին ջահակիրը օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանն էր: Համահայկական երրորդ խաղերը տեղի ունեցան 2003թ. օգոստոսի 16-24-ը, որոնց մասնակցելու հայտ ներկայացնողների թիվը նախորդի համեմատ ավելացել էր: Այս անգամ սահմանվեց երեք նոր մրցանակաբաշխություն' «Սփյուռքի լավագույն պատվիրակություն», «Արդարացի խաղ», «Մարզական ոգի և համբերություն»: 2007թ. 10 մարզաձևերով (ավելացել էր բադմինտոնը' շատ ազգային մարզաձև) կայացան չորրորդ խաղերը, որոնք անցկացվեցին ոչ միայն մայրաքաղաքի, այլև հանրապետության այլ քաղաքների մարզասրահներում ու մարզադահլիճներում. նպատակը մարզասերների շրջանակն ու սպորտի և Համահայկական խաղերի հանդեպ հետաքրքրությունն ընդլայնելն էր: Չորս համահայկական խաղերի ընթացքում տարբեր մարզաձևերում սահմանվել ու արձանագրվել են տարբեր ռեկորդներ, 150 ոսկյա, 150 արծաթե, նույնքան բրոնզե մեդալներ, ինչպես նաև իրենց արժանի տերերին են գտել 26 գավաթներ: Սա, ինչպես ասում են, պաշտոնական տեղեկատվությունն էր:

Որ Համահայկական խաղերը նպաստում են հայրենաճանաչողությանը, բարձրացնում են հայրենասիրությունը, ամրապնդում են կապը սփյուռքի ու հայրենիքի միջև, թերևս, չարժե հերքել: Բայց հիշենք, որ նախաձեռնությունն ամենից առաջ մարզական է և պիտի առանձնանա հենց մարզական հետաքրքրությամբ, լարված հանդիպումներով, խաղերով, պայքարով:

Ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ... չթվարկենք խաղերում ընդգրկված բոլոր մարզաձևերը, որոնցում, ցավոք, բացառությամբ շախմատի, վերջին տարիներին (այլև՝ տասնամյակներին) որևէ լուրջ ձեռքբերում չենք ունեցել: Օրինակ, Հալեպի ու Թբիլիսիի ֆուտբոլային, Լոս Անջելեսի ու Սիդնեյի բասկետբոլի կամ, ասենք, Թեհրանի ու Մարսելի վոլեյբոլային թիմերի թեկուզ եզրափակիչներն առանձնապես չեն հետաքրքրի մարզասերին, ու «ազգային», «համազգային», «համահայկական» որակումները միայն ժպիտ կառաջացնեն (չասենք' քմծիծաղ):

Հարկավոր է Համահայկական խաղերի համար գտնել մի առանձնահատուկ մարզաձև, որն իսկապես կտարբերվի մյուսներից, և իսկապես կլինի ազգային, կդառնա Համահայկական խաղերի այցեքարտը, բրենդ, որ հարկ եղած դեպքում կարող ենք ներկայացնել աշխարհին, այլոց:

Այդպիսի մարզաձև մենք ունենք. դա հայկական, ազգային, ավանդական, ժամանակին սիրված ու տարածված (կարող ենք էլի բնորոշումներ տալ) կոխն է: Մարզաձև, որ ժամանակին խորհրդանշել է ուժ, ճկունություն, հպարտություն, նախանձախնդրություն և այլն: Ո՞վ չի կարդացել կամ չի հիշում «Անուշը»:

Ինչու՞ հենց կոխը չներառել Համահայկական խաղերի ծրագրում:

Մարզիկ, մարզիչ, մասնագե՞տ  չունենք:

Աշխարհում ամենատարածված մենապայքարային մարզաձևերից են ազատ ոճի հունահռոմեական ձյուդո, սամբո ըմբշամարտերը, որոնցով զբաղվում են նաև մեր հայրենակիցները. սփյուռքի շատ մարզական ընկերություններ ու կազմակերպություններ խմբակներ ունեն: Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, Միջազգային «էքստա-կլասս» կարգի մրցավար, ժամանակին նաև կոխով զբաղված Լևոն Հայրապետյանի՝  նշված մարզաձևերով (նաև՝ քիքբոքսինգ, կարատեի շատ տարատեսակներ) պարապող մարզիկները կարող են մասնակցել կոխի մրցումներին։ Կանոնները պարզ են, հասու ցանկացած մարզիկի: Կոխի գոտեմարտերը իսկապես գրավիչ են, իսկ զուգահեռաբար հնչող զուռնա-դհոլը առանձնակի հմայք է տալիս պայքարին ու լարվածության մեջ պահում հանդիսատեսին:

Կոխը, եզակիության առումով, այս պարագայում իսկապես այլընտրանք չունի: Ազգագրագետները, բանահավաքները կբերեն այլ օրինակներ, կհիշեն նավասարդյան խաղերը, որ դարձյալ օգոստոսին էին անցկացվում, կնշեն «Սասնա ծռերը», բայց դրանք վերակենդանացնելը թերևս հնարավոր, բայց չափազանց բարդ է. ժամանակ և  միջոցներ են պահանջում: Կոխի պարագայում ժամանակը հաշվվում է մի քանի օր (կանոնների սերտում մարզիկների ու մրցավարների համար), ծախսերը չնչին են (հագուստ):

Ազգային ըմբշամարտին նոր կյանք տալու նախադեպն այլ ժողովուրդներն արդեն ունեն: Նույնիսկ ուզբեկները  (ասում ենք նույնիսկ, որովհետև մեկին «ձեռ առնելու» համար հաճախ ենք նրանց օրինակ բերում' «հո դու ուզբե՞կ չես»)։ Կուրաշ անունով ուզբեկական ըմբշամարտի աշխարհի առաջնություններ էլ են կազմակերպում, որոնցից մեկն էլ անցկացվեց Երևանում (այ քեզ բան):

Վրացիները, որոնց հետ հաճախ ենք փորձում չափվել ու համեմատվել, ավանդաբար անցկացնում են իրենց ըմբշամարտի' «չիդաոբայի» մրցումներ, որոնց մասնակցում են ըմբշամարտի, ձյուդոյի, սամբոյի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ, փորձում են մարզաձևը «արտահանել» միջազգային ասպարեզ:

Ո՛չ կուրաշը, ո՛չ էլ չիդաոբան կոխից լավը չեն, ու ոչ էլ մերն է նրանցից լավը, բայց մենք, օգտագործելով հայության՝ (այս բառը շատ ենք սիրում) աշխարհասփյուռ լինելու պարագան, կարող ենք ավելի արագ ներկայացնել այդ «էկզոտիկան» աշխարհին, մի քանի գիտական հոդվածներ տպագրել հեղինակավոր պարբերականներում, հղումներ անել այս ու այն անտիկ հեղինակից ու հնագույն ազգային ըմբշամարտի բրենդը մեզնով անել:

Ուշացրինք՝ ուրիշներն առաջ կանցնեն, ինչպես սովորաբար լինում է: Չէ, մի բացառություն ունենք' դուդուկը:

Թող երկրորդը լինի կոխը:

Փորձելու համար արժե Համահայկական խաղերից սկսել:

Փորձը հաստատ փորձանք չի դառնա:

Համ էլ ազգային բառը տեղին օգտագործելու լավ ու համազգային առիթ է, մեկ էլ  hանրապետության նախագահին անկեղծորեն ուրախացնելու եզակի հնարավորություն:

Վարդան Օնանյան

Հ.Գ. Եթե հարկ լինի, կարող եմ 40-50-ականների կինոկադրեր տրամադրել՝ «Լոռվա կոխի մրցումներ» վերնագրով:

Այս խորագրի վերջին նյութերը