Հարցազրույց

11.03.2014 14:51


Համլետ Հարությունյան. «ՀՀԿ–ում անշո՛ւշտ «առնետներ» կլինեն»

Համլետ Հարությունյան. «ՀՀԿ–ում անշո՛ւշտ «առնետներ» կլինեն»

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ

–Ինչո՞ւ 2008թ. մարտի 1-2–ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քվեարկությանը չմասնակցեցիք։

Ուղղակի կոճակը չի աշխատել։

–Այդ դեպքում ինչո՞ւ քարտուղարությանը չեք զգուշացրել, որ դեմ եք եղել, քանի որ արձանագրության մեջ նշված է միայն, որ ՀՀԿ–ականներ Աշոտ Աղաբաբյանն ու Շուշան Պետրոսյանն են զգուշացրել «դեմ»–ի կոճակի չաշխատելու մասին։

Զգուշացրել եմ, ձեռքովս եմ զգուշացրել, երևի թյուրիմացություն է եղել։ Ես դեմ եմ։

–Ինչո՞ւ։

–Ֆրակցիայի որոշումն էր։

–Ձեր անձնական որոշումը, փաստորեն, նշանակություն չունի՞։

–Ֆրակցիոն կարգապահություն կա։ Կուսակցությունում էդպես է. եթե անկախ պատգամավոր չես, կա ֆրակցիոն և կուսակցական կարգապահություն։

–Բայց արդյոք ճի՞շտ է մարտի 1-2–ի դեպքերի բացահայտման ուղղությամբ իշխանության կողմից քայլեր չձեռնարկելը։

–Ես ընդհանրապես հույսեր չեմ կապում ԱԺ որևիցե՛ մի հանձնաժողովի հետ, որովհետև նրանց լիազորություններն այնքան սահմանափակ են, որ որևիցե գործունեության վրա ազդեցություն չեն կարող ունենալ։ Կարծես՝ հասարակական քննարկումների տեղ է դառնում, դե հենա քննարկում ենք էլի։

–Փաստորեն, կարելի՞ է ասել, որ գազի հանձնաժողովն էլ ստեղծվեց հարցը պարտակելու համար։

–100%–ով համոզված եմ, որ որևիցե փոփոխություն չի լինելու։ Այ կտեսնե՛ք։

–Այդ դեպքում ինչո՞ւ ստեղծեցիք, չէ՞ որ դա հենց քաղաքական մեծամասնության նախաձեռնությունն էր։

–Մենք նախաձեռնել ենք, բայց այդտեղ նաև որպես գազ սպառող եմ հանդես գալիս և գտնում եմ, որ ի՞նչ պիտի լինի, կալորիականությո՞ւնն են ուզում որոշեն։

–Ուզում են իմանալ այդ պարտքը որտեղի՞ց կուտակվեց, ինչո՞ւ է սահմանից մինչև սպառող այդքան տարբերություն կա սակագնի մեջ, 20%–ն ինչո՞ւ այդ գնով վաճառեցին...դո՛ւք եք օրինագիծը ներկայացրել, պիտի որ ինձանից լավ իմանայիք։

–Այո՛, գիտեմ, հա՛, գիտեմ, բայց ենթադրենք էդ բաները արեցին...Ես ընդհանրապես չեմ հավատում, որ ինչ–որ մի հանձնաժողով կարող է հասնել մի այնպիսի հաջողության, որ բոլորս բավարարված լինենք։

–Այսպես շարունակվելու դեպքում մտավախություն չունե՞ք, որ Ուկրաինայի դեպքերը կկրկնվեն նաև Հայաստանում։

–Ո՛չ։

–Ինչո՞ւ։

–Անգամ եթե ես Հանրապետական չլինեմ, այլ ուղղակի դիտորդի կարգավիճակում լինեմ, կգտնեմ, որ այդպիսի բան հնարավոր չէ։

–Բայց ի՞նչ տարբերություն կա, որ չի կարող մեզ մոտ կրկնվել։ Այնտեղի իշխանություններն էլ էին կտրվել իրականաությունից, մեր իշխանություններն էլ։

–Պետք է ուղղակի մի քիչ Ուկրաինայի պատմությունը իմանալ, որպեսզի կարողանալ տարբերություն դնել։ Ուկրաինան միատարր պետություն երբեք չի եղել. ամբողջ իր պատմության մեջ եղել է ձախափնյա և աջափնյա Ուկրաինա, որոնք միշտ հակամարտության մեջ են եղել, դեռ դարեր առաջ՝ Բոգդան Խմելնիցկիից, նրանից առաջ։ Էդպես բերել, հասարակ հավասարություն դնել, տարբեր պետությունների, տարբեր ազգերի միջև, մի քիչ ճիշտ չէ։

–Կրակելու Յանուկովիչի հրահանգը ի՞նչ կապ ունի ազգի միատարր–ոչմիատարր լինելու հետ։ Սա միայն առաջնորդի բնույթի մասին է խոսում։

–Յանուկովիչն ասում է, որ ինքը չի տվել կրակելու հրահանգ։ Եվ հանձնաժողովել են էնտեղ ուզում ստեղծել՝ սնայպերների գործունեության վերաբերյալ։

–Այսինքն, համամի՞տ եք Յանուկովիչի հետ, որ Ուկրաինայում զինված հեղաշրջում է տեղի ունեցել։

–Ես ինչքանով տեսնում եմ, չգիտեմ՝ ինչ է եղել։ Էդ կցկտուր տեղեկություններով՝ մարտական գործողություններ են տեղի ունեցել՝ ցույցերի հետ միասին։

–Բայց ո՞վ էր այդ մարտական գործողությունների հեղինակը։

–Ես չեմ կարող ասել, դա ինձ չի էլ հետաքրքրում ընդհանարպես։ Ուկրաինան՝ ուկրաինացիների համար է, Հայաստանը՝ հայաստանցիների։

–Տեսանք, որ Յանուկովիչի հարազատ կուսակիցները, երբ նրա դիրքերը թուլացան, իրենց առաջնորդի դեմ հայտարարությամբ հանդես եկան...

–Դա պոստսովետական երկրներում ընդունված կարգ է։

–Այսինքն, չի՛ բացառվում, որ ՀՀԿ–ն նույնպես այդպիսի հայտարարություն անի Սերժ Սարգսյանի դեմ։

–Չգիտեմ, Աստված չանի։ Բայց դե ընդհանրապես, ես չեմ կարծում, որ հիմա կուսակցական այսպիսի ուղտավորեն կան, որոնք...ցանկացած կուսակցության մեջ էլ, եթե իշխանությունը կորցնում է, առնետավազքը սկսում է։ Չգիտեմ՝ արտասահմանյան, դեմոկրատական պետություններում ո՞նց է, բայց պոստսովետական երկներում այդպիսի երկիր չկա, որ իշխող կուսակցությունը իր դիրքերը կորցնի և առնետավազք չլինի։

–ՀՀԿ–ում «առնետները» շա՞տ են։

–Ես չեմ կարող ասել, դա ասում են իշխանությունը կորցնելուց հետո, բայց, փա՛ռք Աստծո, մենք իշխանությունը չենք կորցրել։ Բայց կլինեն, անշո՛ւշտ, և դրա մեջ ես չեմ կասկածում։

–Բնականաբար, Դուք ձեզ այդ շարքերում չե՛ք տեսնում։

–Չգիտեմ, դա դուք պետք է իմանաք։

–Իշխանությունը կորցնելուց հետո՞ կերևա։

–Չէ՛, չէ՛, ուղղակի լրագրողներդ մեր կենսագրությունն ավելի լավ գիտեք, քան մենք։ Եթե դուք գտնեք, որ ես կարող է «առնետների» թվում լինեմ, դուք ավելի ճիշտ կիմանաք, քան ես։

–Չե՞ք կարծում, որ ինչպես Յանուկովիչը, այնպես էլ Սերժ Սարգսյանը կտրվել է իրականությունից։

–Ընդհակառակը, իրականությանը ոչ մեկն այնպես չի տիրապետում, ինչպես Սերժ Սարգսյանը։ Չի կարելի անգամ հեռավոր զուգահեռներ անցկացնել Սերժ Սարգսյան նախագահի և Յանուկովիչ նախագահի միջև։ Օրինակ, ես այն պատկերացումը ստացա իր պահելաձևից, որ ինքն Ուկրաինայի հետ ոչ մի կապ չունեցող մարդ է։ Բայց դուք միթե՞ պատկերացնում եք Սերժ Սարգսյանը...ես, օրինակ, որպես մարդ, քաղաքացի, չեմ կարող անգամ զուգահեռներ անցկացնել։

–Հենց ինքն է խոստովանում, որ 80%–ը դեմ է իր կայացրած որոշմանը։

–Ես չեմ տեսել, որ որևիցե նախագահի կայացրած որոշումները գրկաբաց ընդունեն, անգամ ամենազարգացած երկրներում։

–Բայց դա չի՛ նշանակում, որ պետք է զոռով անցկացնեն այդ օրենքը։

–Էդ հլը ո՛չ անց ենք կացրել, ո՛չ էլ գիտենք կանցկացվի, թե ոչ։

–Սերժ Սարգսյանն է ասում, որ կանցկացնեք...

–Իսկ Յանուկովիչի և Սերժ Սարգսյանի մեջ զուգահեռներ անցկացնելը ծիծաղելի է։ Յանուկովիչն ամենակրիտիկական պահերին չկարողացավ որևէիցե նորմալ որոշում ընդունել։ Սերժ Սարգսյանն իր գիտակցական կյանքը անց է կացրել այսպիսի կարևոր ճակատագրական որոշումներ ընդունելով։

–Ո՞ր կրիտիկական պահը նկատի ունեք։ Օրինակ, 1999թ. հոկտեմբերի 27–ին հանրապետությունում չէր։

–Հոկտեմբերի 27–ին վերադարձել է՝ հենց նույն օրը, աշխատանքի բերումով բացակայում էր երկրից։

–Ո՛չ էլ ղարաբաղյան պատերազմի հաղթական շրջանում է հանրապետությունում եղել։

–Ո՞վ է ասում՝ չի եղել։

–1993թ., երբ սկսեցին հողերն ազատագրել, Սերժ Սարգսյանը Ռուսաստանում էր։

–Նման բանը սխա՛լ են ասում։ Ես էլ եմ շատ Ռուսաստան գնացել–եկել էդ ժամանակ, ուրիշ գործիչներ էլ են գնացել։ Պատկերացրեք, որ այդ ժամանակ Ռուսաստանում հարցեր էին որոշվում, որոնք շատ ավելի կարևոր էին պատերազմի ընթացքի և ավարտի համար։ Բայց կարող է մի շաբաթով գնար, տասը օրով։

–Գուցե նկատի ունեք մարտի 1–ի՞ կրիտիկական օրը, երբ Սերժ Սարգսյանն արտակարգ դրության շտաբի ղեկավարն էր։

–Երկիրը կործանվում էր, բա պիտի՞ պահեին։

–Կարելի՞ է ենթադրել, որ կրակելու հրահանգը Սերժ Սարգսյա՛նն է տվել։

–Չեմ կարող ես ասել, հանձնաժողով ենք ստեղծում, այդ հարցերին կպատասխանեն։ Ես ձեզ պատասխանում եմ իմ իրավասության շրջանակում։

–Հանձնաժողովը չե՛ք ստեղծում, դուք էլ ասացիք, որ դեմ եք քվեարկել։

–Ո՞վ։

–ՀՀԿ–ն և Դուք։

–Բայց դա ասացի՝ կուսակցական որոշում էր, որին ես չեմ կարող չենթարկվել։ եթե ես չենթարկվեմ, մինչև այդ հանձնաժողովին քվեարկելը դիմում կտամ և կուսակցությունից կհեռանամ, և ոչ թե գաղտագողի ինչ–որ բաներ կանեմ կուսակցության դեմ կամ այն ֆրակցիայի դեմ, որի անդամ եմ։ Ես ձեզ հետ շատ ազնիվ եմ և ընդհանրապես շատ ազնիվ եմ բոլոր հարցերին պատասխանելիս։ Ոլորապտույտ ճանապարհներ չեմ փնտրում, ուղիղ պատասխանում եմ՝ եթե ես կուսակցության կարգապահությանը չենթարկվեմ, մինչև քվեարկելը պետք է դիմումս արդեն լինի կուսակցության նախագահի սեղանին։

–Իսկ եթե կուսակցությունը հակաօրինական և հակաբարոյական որոշումներ է կայացնո՞ւմ։

–Եթե ես իմանամ, որ դա հակաբարոյական է կամ հակաօրինական...դա սովորական խորհրդարանական աշխատանք է, որը կատարվում է։ Հանձնաժողովի ստեղծում–չստեղծումը ֆիվթի–ֆիվթի է։ Հիմա մենք գտնում ենք, որ չի կարելի, նրանք գտնում են, որ կարելի է, բայց անբարոյական և հակաժողովրդական ցանկացած օրենքի ես դեմ կքվեարկեմ, բայց նորից եմ կրկնում՝ սկզբից դուրս կգամ կուսակցությունից, ֆրակցիայից՝ նոր։ Քանի ես այդ ֆրակցիայի և կուսակցության անդամ եմ, պետք է ենթարկվեմ կուսակցական կարգապահությանը։ Այն կուսակցությունները, որոնք ձեր աչքի առաջ քայքայվեցին, պատմության գիրկը նետվեցին, հենց այդ կուսակցական անդամների ոչկուսակցական պահելաձևի հետևանքով էր։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը