Հարցազրույց

28.02.2014 21:20


Սարգիս Թամազյան. «Իշխանությունը ամբողջովին կորցրել է իր լեգիտիմությունը թե՛ ներսում, թե՛ դրսում»

Սարգիս Թամազյան. «Իշխանությունը ամբողջովին  կորցրել է իր լեգիտիմությունը թե՛ ներսում, թե՛ դրսում»

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Սարգիս Թամազյանի հետ

-Մարտի մեկին Կոնգրեսը հրավիրել է հանրահավաք, ի՞նչ եք կարծում, հասարակությունն ի՞նչ սպասելիքներ ունի հանրահավաքից:

-Հասարակության մեջ առկա է աննկարագրելի դժգոհություն իշխանության նկատմամբ և, որ լարված իրավիճակ է հանրապետությունում՝ ակնհայտ է: Իշխանությունները ձախողվել են բոլոր բնագավառներում, և այդ ձախողումները ավելի ու ավելի անմիջականորեն հարվածում են մարդկանց գրպանին, նրանց ազատությանը, կոռուպցիան հասել է աննկարագրելի չափերի: Արդյունքում՝ մեռնում է տնտեսությունը և ահագնանում արտագաղթը: Հետևաբար` հանրահավաքը լինելու է թե՛ մարտի մեկի զոհերի հիշատակի միջոցառում, թե՛ քաղաքական օրակարգով հագեցած հանրահավաք, որը կարող է որակապես նոր քաղաքական զարգացումների սկիզբ հանդիսանալ: Սա շատերն են հասկանում և հանրահավաքի մարդաշատությունը կասկածից դուրս է:

-2008թ. մարտի մեկից անցել է վեց տարի: Ի՞նչ փոփոխություններ են եղել հասարակական ընկալման մեջ այս վեց տարիների ընթացքում, արդյո՞ք մեր երկրում դեռ առկա է վախի մթնոլորտը:

-Որոշակիորեն փոխվել է: Մարդիկ հիմա շատ ավելի համարձակ են, քան 2008թ. մարտի մեկի դեպքերից հետո: Հասարակության բոլոր խավերը իրենց սոցիալական, քաղաքացիական իրավունքների ոտնահարման, իշխանությունների կամայականությունների պատճառով այնպիսի մի ներքին հոգեվիճակ են ապրում, որ այդ զայրույթը ինչ-որ տեղ հաղթահարում է վախը, և մեծ մասը այս իշխանությունների մասին արդեն արտահայտվում են բացեիբաց:

Սերժ Սարգսյանը սկզբում փորձում էր դրսում աջակցություն ստանալ, բայց ձախողվեց։ Ներքին լեգիտիմության դեֆիցիտ նա միշտ է ունեցել։ Ըստ Ձեզ՝ ո՞վ է աջակցում այս իշխանությանը, հանրության ո՞ր շերտի վրա է այն հենվում։

–2008թ. իշխանությունն ամբողջական էր, նրան էր սատարում խոշոր բիզնեսի մեծ մաս, իսկ միջին բիզնեսի և հասարակության մի հատված էլ հույս էր տածում, որ իշխանության եկած Սերժ Սարգսյանը որոշակի դրական փոփոխություններ կիրականացնի: Իսկ հիմա իրողությունը լրիվ այլ է: Իրողությունն այլ է նաև աշխարհաքաղաքական կենտրոնների իշխանություններին աջակցելու տեսանկյունից: Այսինքն՝ իշխանությունը ամբողջովին կորցրել է իր լեգիտիմությունը թե՛ ներսում, թե՛ դրսում:

Այդ դեպքում, կարո՞ղ ենք ասել, որ այսօրվա ընդդիմությունը ևս տարբերվում է 2008թ-ի ընդդիմությունից: Իշխանություններն ամեն ինչ արեցին Կոնգրեսի դեմ և փորձեցին թուլացնել այն։ Հաջողվե՞ց դա նրանց։

–2007թ-ին Լևոն Տեր-Պետրոսյանը իր վերադարձով կարճ ժամանակում կարողացավ ձևավորել հզոր ընդդիմադիր բևեռ, ինչը կոտրեց հասարակության մեջ այն պատկերացումները, թե քաղաքական դաշտում միայն իշխանություններն են:

Տեր-Պետրոսյանի դերը շատ կարևոր էր. նախ՝ իր իմաստնության շնորհիվ մարտի մեկի արյունահեղությունը չծավալվեց, երկրորդ` երկիրը զերծ մնաց հետագա անկանխատեսելի ցնցումներից, երրորդ`թույլ չտրվեց ռեժիմին վերջնականապես ոչնչացնել ընդդիմությանը:

Այսինքն, ռեժիմը չկարողացա՞վ լուծել իր համար ամենկարևոր` Հայ ազգային կոնգրեսը ոչնչացնելու խնդիրը:

–Իհարկե: Չնայած, հետագայում նրանք կարողացան գնել ընդդիմության որոշ ներկայացուցիչների, առանձին կուսակցություններ հանել ՀԱԿ դաշինքից, սակայն շատ արագ վերածվելով կուսակցության Կոնգրեսը առաջին իսկ համագումարում մի կառույցի մեջ համախմբեց 88-ի և 2008թ-ի համաժողովրդական շարժումների արդյունքում ստեղծված քաղաքական ուժերը, հիմք դնելով նոր քաղաքական գործընթացի:

Համագումարին նախորդել էր քաղաքագիտական վերլուծությունը, ինչը, կարելի է ասել, հիմք հանդիսացավ Կոնգրեսի հետագա քաղաքական օրակարգի համար և նպաստեց քաղաքական դաշտի համախմբմանը։ Համենայնդեպս նախադրյալներ ստաղծվեցին դրա համար: Ի՞նչ կասեք այդ մասին։

–Այո, համագումարին նախորդել էր քաղաքագիտական վերլուծությունը, ինչը ոչ միայն Կոնգրեսի համար, այլև ընդհանրապես հայաստանյան քաղաքական դաշտ բերեց նոր օրակարգ, և որի արդյունքները մենք այսօր ավելի ակնառու ենք տեսնում: Իհարկե, հնչեցին շատ քննադատություններ, մեղադրանքներ՝ կապված քաղաքագիտական վերլուծության հետ, սակայն փաստերի դեմ ոչինչ չես անի:

Հարցազրույցը` Տաթևիկ Պողպատյանի

Այս խորագրի վերջին նյութերը