Հարցազրույց

18.02.2014 19:53


Էդվարդ Անտինյան. «Սերժ Սարգսյանը բոլորիս համոզեց, որ իշխանափոխությանն այլընտրանք չկա»

Էդվարդ Անտինյան. «Սերժ Սարգսյանը բոլորիս համոզեց, որ իշխանափոխությանն այլընտրանք չկա»

Հարցազրույց ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ, քաղաքագետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ

-Պարոն Անտինյան, ինչպե՞ս կգնահատեք երկրի ներքաղաքական իրավիճակը:

-Նախ, պարզաբանեմ, որ այս հարցազրույցից անմիջապես հետո ես ներկայացնելու եմ աշխատանքից ազատվելու դիմումս, ու մինչև այս հարցազրույցը տպագրվի, արդեն ազատման հրամանս պատրաստ կլինի:

-Ինչո՞ւ:

-Գործի բերումով առնչվում եմ հազար ու մի փաստաթղթի հետ, բացի այդ՝ ի պաշտոնե ունեմ գաղտնի փաստաթղթերի հետ ծանոթանալու թույլտվություն, և թեպետ երբեք անձնական շփման ժամանակ կամ էլ գործի բերումով ձեռք բերված ինֆորմացիան չեմ օգտագործել հրապարակային գործունեությանս մեջ, ու անկախ նրանից որտեղ էլ լինեմ պետական մտածողությունն ամուր նստած է իմ մեջ, այնուամենայնիվ, այն տեսակետները, որ պատրաստվում եմ հայտնել` երկրում տիրող վիճակի մասին, անհամատեղելի են նախարարությունում իմ պրոֆեսիոնալ գործունեության հետ:

-Իսկ ինչո՞ւ այսօր, ինչո՞վ է դա պայմանավորված: Կխնդրեի մի փոքր բացել փակագծերը։

-Որքան էլ երկրի վիճակը օր օրի վատթարանում էր՝ մի թաքուն հույս էի փայփայում, որ, այնուամենայնիվ, իշխանությունները կսթափվեն ու կգնան բարեփոխումների ճանապարհով: Բացի այդ չէի բացառում, որ ընդդիմությանը կհաջողվի պարտադրել իշխանություններին գնալ բարեփոխումների, բայց, երբ շաբաթ օրը երկրապահների համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հայտարարեց, որ մեզանում ամեն ինչ կարգին է, որ Տիգրան Սարգսյանը շարունակելու է «բարեշրջել» մեր տնտեսությունը, որ երկրում իրենք ինչ անում են լավ են անում, տնտեսությունը բարվոք վիճակում է, որ իրենց հեռահար ծրագրերն ի նպաստ ժողովրդի են, ու միակ թերությունը, որ մեզանում կա դա զօրուգիշեր իշխանություններին քննադատող ուժերն են ու սոցիալ-տնտեսական վիճակից նվնվացղող ազատամարտիկները, դրանից հետո բոլոր սպասելիքներս հօդս ցնդեցին:

–Փաստորեն Սերժ Սարգսյանի ելույթը համբերության բաժակը լցրե՞լ է։

–Այո՛։ Նախագահը ձեռնոց նետեց հասարակությանը, քաշելով բաժանարար գծեր, որ եթե չեք վստահում իշխանություններին կարող եք արտագաղթել, իսկ եթե մնում եք` մի նվնվացեք։ Իր լսարանին էլ հետևյալ կոչն ուղղեց, որ եթե ուզում եք երկրում վիճակը նորմալանա` նվնվացողների ու իշխանություններին քննադատողների բերանը փակեք, քանի որ նրանց գործունեությունն է խանգարում իշխանությունների կողմից երկրում իրականացվող բարեփոխումներին: Ահա և վե՜րջ: Այս պարագայում ընտրության հնարավորություն առանձնապես չունենք էլ` կամ պետք է արտագաղթենք, որի ուղղությամբ չեմ էլ ուզում մտածել, կամ ընդունենք նետված ձեռնոցն ու դուրս գանք պայքարի, կամ էլ պետք է ընդունենք իշխանությունների հանձնարարականը` պայքարել իշխանությունների դեմ պայքարողների դեմ: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը բոլորիս համոզեց, որ իշխանափոխությանն այլընտրանք չկա, և ես իմ որոշումը կայացրել եմ ու դուրս եմ գալիս հրապարակային պայքարի, հակառակ դեպքում չեմ կարող տալ այն հարցի պատասխանը, թե եթե տեսնում էի որ աչքիս առաջ կորցնում ենք մեր անկախ պետականությունը, ինչո՞ւ էի լռում: Մի՞թե պաշտոնս կարող էի ավելի թանկ գնահատել մեր անկախությունից, հետո էլ բաժակաճառեր ասել, թե անկախությունը գերագույն արժեք է, անգին ու անհամեմատելի, կամ էլ ուրիշների հրաժարականները պահանջենք, բայց ինքներս չգնանք այդ քայլին:

-Շաբաթ օրը մեկ այլ համագումար տեղի ունեցավ, կարծես ավելի տպավորիչ դարձնելով ջրբաժանը, երբ ԲՀԿ-ն կոչ արեց գնալ լայն քաղաքական ու քաղաքացիական կոնսոլիդացիայի ճանապարհով, որքանո՞վ են Ձեզ համար ընդունելի այս շեշտադրումները:

-Իհարկե ողջունելի է ԲՀԿ-ի կոնսոլիդացիայի ճանապարհով գնալու առաջարկը, և հուսով եմ, որ դրական արձագանքների պակաս չենք ունենա: Ճշմարտության առաջ չմեղանչելու համար նշեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր քաղաքագիտական վերլուծությունում առանձնահատուկ կարևորել է կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը: Բայց նրանք, ովքեր առաջիկայում դուրս են գալու պայքարի ու հայտնվելու են հրապարակում, չպետք է դա անեն հանուն Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամ մեկ այլ գործչի: Կարծում եմ, պետք է դուրս գալ պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության, իսկ դա ենթադրում է` մերժել այս իշխանություններին, որոնք տանում են երկիրը կործանման, մանավանդ, որ իրենց այդ ճանապարհից դույզն-ինչ շեղվել չեն էլ պատրաստվում: Շատ է խոսվում, որ այս տարիներին 88-ի ոգին չկա: Է՛հ, որտեղի՞ց լիներ։ 88-ից հետո պայքար է գնացել իշխանության համար. քաղաքական, գաղափարական, դասակարգային, ինչու չէ, նաև անձնավորված: Իսկ 88-ին փողոց էինք դուրս եկել հանուն Ղարաբաղի ու մեր երկրի անկախության, բոլորս հավասար էինք, նպատակներս նույնն էր, ազգովի մի բռունցք էինք դարձել: Եվ թեպետ անկախություն ստացանք ոչ միայն պայքարի արդյունքում, այլև կայսրության փլուզման հետևանքով, դա արդեն էական չէր, քանի որ փողոցում իրար կողք-կողքի կանգնած ճաշակեցինք հաղթանակի բերկրանքը: Այժմ դարձյալ հրապարակում պետք է թևածի 88-ի շունչը, սակայն ոչ լավ առիթով, քանի որ հիմա էլ պայքարելու ենք, որպեսզի չկորցնենք մեր անկախությունը, ու որպես հետևանք նաև Ղարաբաղը: Հիմա նույնպես բոլորս պետք է հավասար լինենք, կողք-կողքի կանգնենք ու մի բռունցք դառնանք:

-Դուք հավատո՞ւմ եք հաղթանակին:

-Իհա՛րկե, հավատում եմ, քանի որ հավատում եմ Հայաստանի ապագային և պատրաստվում եմ իմ համեստ կարողություններով աջակցել դրան, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է դուրս գայի աշխատանքից։ Համոզված եմ, որ իմ պես մտածում են պետական համակարգում աշխատող շատերը և ժամանակի ընթացքում նրանց մի մասն էլ իր վճռական խոսքը կասի և համապատասխան որոշում կկայացնի։ Այս, հաղթանակը բոլորս ենք կերտելու, ամեն մեկս մեր մասով, մեր ուժերի ներածի չափով։

Հուլիոս Կեսարին սենատը դավաճան էր հայտարարել, ու եթե հաշտվեր այդ մտքի հետ, այդպես էլ կմնար այդ պիտակով, բայց կայացրեց իր համարձակ որոշումը, լուծելով այդ բարդ դիլեման, ու ազդարարեց` «Alea Jacta Est», ասել է թե` վիճակը նետված է, որից հետո անցավ Ռուբիկոնը: Հիմա մեզ մոտ վիճակը նետված է։

-Հատկապես ո՞ր գործոններ են առավել մտահոգիչ, որո՞նք են առավել վտանգում մեր անկախությունը։

-Կա պատճառների համախումբ։ Միայն մեկ հարց չէ։ Որպես թարմ օրինակ բերեմ գազի պայմանագիրը, որով Հայաստանը զրկվեց այլընտրանքի հնարավորությունից և վասալային կախման մեջ հայտնվեց «Գազպրոմից»։ Բացի այդ՝ առանց լուրջ վերլուծությունների ու հաշվարկների՝ մի այնպիսի ինքնամոռացությամբ ենք մտնում Մաքսային միություն, որ դա արտառոց է թվում անգամ մեր ռուսական գործընկերներին, քանի որ ոչ մի կերպ չեն պատկերացնում, որ մի երկիր կարող է իր ինքնիշխանությունից այսպես հոժարակամ հրաժարվել:

Ու խոսքն ամենևին գազի գնի մասին չէ, թեպետ այն բավական բարձր է մեր սպառողի համար, ու դատելով գազի պայմանագրում որոշ ձևակերպումներից, կարող են էլ ավելի բարձրացնել, ու որևէ երաշխիք չկա, որ առաջիկա 5 տարիներին գինը կմնա անփոփոխ, դա այս պահին երկրորդական հարց է, քանի որ մեզ 30 տարով պարտադրում են գազ ստանալ ռուսական կողմից: Եվ եթե գազը մեզ այս տարիների ընթացքում անգամ ձրի տային, իմ գնահատականը դարձյալ կլիներ նույնը` մենք կորցնում ենք մեր անկախությունը, մեր այլընտրանքի հնարավորությունը:

–Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների առումով շաբաթ օրը կայացած երկու համագումարներում տրամագծորեն հակադիր կարծիքներ հնչեցին` իշխանությունները գովերգեցին, իսկ Ծառուկյանն այն անվանեց անմարդկային ու անարդյունավետ: Ո՞ր տեսակետի կողմնակիցն եք դուք:

-Եթե իրականացնում ես բարեփոխում, փուլային կանես, թե փաթեթային, դանդաղ կանես, թե արագ, դրա արդյունքում չի կարող բնակչության կենսամակարդակն անկում արձանագրել, և որևէ արդարացում չկա, որ դա արվում է ապագայի դրական սպասելիքների դիմաց: Հիմա էլ պետք է աճ գրանցես` ապագայում էլ, այլապես մինչև հիմա քարանձավում կապրեինք: Ու եթե ամեն տարի կենսամակարդակի աճ չի գրանցվում, ուրեմն կառավարությունդ անարդյունավետ կառավարիչ է: Իսկ եթե փորձում են հիմնավորել, թե դեռ չենք հաղթահարել ֆինանսատնտեսական ճգնաժամը, որ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, փակ սահմաններով բարդ տարածաշրջանում, ուստի պարտադիր կուտակայինը էքստրեմալ իրավիճակին համարժեք պարտադրված քայլ է, ապա ինչպե՞ս հասկանալ իշխանական վերնախավի այս խրախճանքը, պետական միջոցների այս հրեշավոր փոշիացումը, ինչի արդյունքում միայն վերնախավի բարեկեցությունն է շեշտակի աճ արձանագրում: Եթե չենք հաղթահարել ճգնաժամը, ապա բարի պետք է լինենք կյանքի կոչել հակաճգնաժամային ծրագիր, որն առաջին հերթին ենթադրում է խնայողության ռեժիմ, ինչի արդյունքում ուղղակի անխուսափելի է պետական վարչակառավարչական ապարատի ծախսերի կրճատումը: Մասնավորապես, եթե իշխանական վերնախավի համար մի քանի տարվա հարյուրավոր ծառայողական մեքենաներ ես ձեռք բերում, երբ մարդիկ ավելի քան 25 տարի տնակներում են ապրում` երկրաշարժից հետո, ապա այս պարագայում էլ որակվում ես անարդար կառավարիչ: Ու եթե սխալդ համառորեն չես ընդունում, մնում է հրաժարականդ պարտադրել հասարակական ընդվզման միջոցով:

-Դե ինչ, մեզ մնում է հաջողություն մաղթել ձեր գործունեությանը։

-Շնորհակալություն, հաջողությունը բոլորինս է լինելու, մեր գալիք սերունդներինը:

Հարցազրույցը՝ Կորյուն Մանուկյանի

Այս խորագրի վերջին նյութերը