Հարցազրույց

25.11.2010 14:57


Դիանա Հովհաննիսյան

Դիանա Հովհաննիսյան

Հարցազրույց «Facebook» սոցիալական ցանցում վերջերս ստեղծված «Stop changes in maternity leave law» (Ո՛չ հղիության նպաստի նվազեցմանը) խմբի ակտիվիստ Դիանա Հովհաննիսյանի հետ

-Ձեր խումբն արդեն 1563 անդամ ունի, նախօրեին էլ ՀՀ նախագահի նստավայրի մոտ դուք ցույց էիք իրականացնում՝ ըննդեմ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի, որը Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է։ Ըստ ձեզ՝ այդ օրենքն ի՞նչ նպատակով է ընդունվել։

-Ճիշտն ասած, մինչև վերջին պահը չէինք հավատում, որ օրենքը կընդունվի, բայց փաստորեն նախագահը ստորագրեց։ Ինչո՞ւ է ընդունվել։ Միակ պատճառը, որ տարբեր կայքերից գտել ենք, խարդախությունների կանխումն է։ Այն խարդախությունների, երբ որ ինչ-որ մեկն իր բարեկամին հղիության վերջին ամիսներին աշխատանքի է ընդունում և հետո ստանալով հղիության նպաստը՝ ինչ-որ կերպ կիսում է կամ օգտագործում այլ նպատակներով։ Անշո՛ւշտ, այդպիսի խարդախություններ կարող են լինել, անշո՛ւշտ, դրանք Հայաստանում կան, բայց մյուս կողմից մայրերն են, մասնագետներն են, ովքեր աշխատում են, և աշխատող մասնագետ մայրերի հաշվին այդ խարդախությունների գումարը բյուջեից դուրս չտալը մեզ համար տարօրինակ է։ Եվ արդյոք այդ գումարը արժե՞, որպեսզի այդպիսի օրենքներ ընդունվեն։ Ու հետո, տարբեր շատ այլ ձևեր կան խարդախությունները կանխելու, ընդհուպ մինչև ինչ-որ պատիժներ, այլ ոչ թե այդպիսի օրենքներ ընդունելը։ Նշեմ, որ ես քաղաքականության հետ ընդհանրապես առնչություն չունեմ, ոչ էլ սոցիալական ցանցում մեր ստեղծած խումբը քաղաքականության կամ որևէ ՀԿ-ի հետ կապ ունի։ Պարզապես մեզ թվում է, որ հնարավոր է՝ սա ստվերային գումարներ հետ բերելու, բյուջեից ավելորդ գումարներ դուրս չթողնելու փորձ է, բայց սա նաև շատ տարօրինակ քայլ է և շատ անմտածված։

-Երեկ ձեր ցույցի ժամանակ պաստառների վրա նաև գրված էր՝ մի՛ լցրեք բյուջեն մայրերի հաշվին։

-Անշո՛ւշտ, որովհետև ի՞նչ է նշանակում այդ գումարները չտալը։ Նշանակում է, որ այդ գումարները բյուջեից դուրս չեն գալիս։ Օրինակ, եթե մեկը ստանում է մոտ 260 000 աշխատավարձ, նախորդ օրենքով ստանալու էր 140 օրվա աշխատավարձ։ Իսկ հիմա կստանա ընդամենը մոտ  162 500։ Այսինքն, ընդհանուր առմամբ  մոտ 450 000 պակաս կստանա։ Նշանակում է, որ բյուջեն լցվում է այս մայրիկի հաշվին։

-Ինչպե՞ս եք գնահատում այս օրենքի ընդունումը հատկապես այն համատեքստում, որ կառավարությունը հայտարարում է, թե սոցիալական ուղղվածության քաղաքականություն է վարում։

-Շատ զարմանալի է ինձ համար։ Օրինակ, ես հիմա հղիության 8-րդ ամսում եմ, փառք Աստծո, նախկին օրենքի համաձայն ես արդեն հասցրել եմ ստանալ այդ գումարը, բայց բազում խելացի երիտասարդ ընտանիքներ կան, ովքեր աշխատում են և ծրագրում են բալիկ ունենալ իրենց ուժերով՝ առանց որևէ այլ օգնության։ Փաստ է, որ եթե այդ գումարները չլինեն, այդ բալիկները չեն ծնվի մոտակա մի քանի տարում, քանի որ ծնողներն ուրիշ սոցիալական խնդիրներ ունեն լուծելու։ Նաև գաղտնիք չէ, որ Հայաստանում բալիկների համար շատ ապրանքներ՝ սկսած մանկասայլակներից, վերջացրած մահճակալներով, շատ ավելի թանկ են, քանի որ մեր երկիր ապրանք ներկրելը մաքսազերծման պատճառով դժվարությունների հետ է կապված, և նույն մակնիշի ապրանքը Հայաստանում ավելի թանկ արժե, քան արտասահմանում։ Առանց այդ գումարների շատ դժվար է որակյալ պայմաններում երեխա ունենալ։ Փաստ է նաև, որ մտավոր այդ խավը ավելի է մտածում, ծանրութեթև անում՝ ինչպե՞ս երեխա ունենա, ինչպե՞ս նրան պահի, մեծացնի և այլն։ Նշեմ նաև, որ շատ համեստ հաշվարկներով՝ հիմա երեխա պահելու համար միջին գումարը մոտ 80 000 դրամ է պահանջելու քո տան բյուջեից։ Դա արդեն մեծ գումար է, իսկ այս օրենքը մեզ թույլ է տալիս տանը մնալ ընդամենը 2 ամիս։ Այսինքն, կա՛մ մնում ես տատիկ-պապիկների օգնության հաշվին, կա՛մ էլ դայակ պետք է վարձես, ինչն էլի գումար է պահանջելու։ Այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանում ինչ-որ մեկն առաջարկել է, ԱԺ-ն էլ ընդունել է՝ առանց մտածելու, որ ունքը սարքելու փոխարեն ա՛չքն են հանել։

-Ձեր հետագա պայքարն ինչպիսի՞ն է լինելու, ի՞նչ եք պահանջելու ՀՀ նախագահից։

-Մենք հույս ունենք, որ մեր ձայնը կհասնի նախագահին։ Նախահագը կարող է հետ կանչել իր ստորագրությունը։ Իսկ մյուս ձևը Սահմանադրական դատարան դիմելն է և մյուս ատյաններ՝ ընդհուպ մինչև եվրոպական։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը