Լրահոս

24.01.2011 15:06


Արծվիկ Մինասյան. «Ինչո՞ւ պետք է 15 առևտրային փոքր օբյեկտներ փակվեն, որ մի սուպերմարկետ բացվի»

Արծվիկ Մինասյան. «Ինչո՞ւ պետք է 15 առևտրային փոքր օբյեկտներ փակվեն, որ մի սուպերմարկետ բացվի»

Անդրադառնալով բացօթյա առևտուրն արգելելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշմանը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, թե որքանով էլ դա օրենքի պահանջը լինի, այս պահին չի կարող իրեն արդարացնել, քանի որ չունենալով առևտրականների եկամտի ստացման այլ հնարավորություններ՝ այսպիսի քայլերը հանգեցնելու են գործազրկության ծավալների մածացման և եկամուտների անկման, ինչպես նաև աղքատության խորացման։

-Որքան էլ գնահատելու լինեմ կանոնակարգելու ուղղությամբ ձեռնարկվող գործողությունները, կարծում եմ՝ դա ժամանակավրեպ քայլ է, ավելի ճիշտ՝ ժամանակից շուտ ձեռնարկված քայլ։ Դրան պետք է նախորդեր աշխատատեղերի ստեղծման կամ համարժեք աշխատատեղերով ապահովելու կամ եկամտով փոխհատուցելու մեխանիզմը, այնուհետև միայն այս քաղաքականության իրականացումը,-ասել է Արծվիկ Մինասյանը և հավելել, թե երկրում վարվող առևտրային քաղաքականություն չկա, չկա հայեցակարգ սուպերմարկետների զարգացման, տոնավաճառների, առևտրային կետերի վերաբերյալ։

Դրանք, Ա. Մինասյանի խոսքերով, տարերայնորեն և անբռնազբոսիկ ձևով առաջ են գնում։

-Ինչո՞ւ պետք է այսօր 15 առևտրային փոքր օբյեկտներ փակվեն, թե ինչ է՝ մի սուպերմարկետ է այնտեղ բացվում։ Մենք դրանով ինչի՞ ենք գնում։ Ամեն ինչ բարձիթողի վիճակում է։ Հետևանքն այն է լինում, որ ոչ միայն առևտրական այս փոքր քանակի մարդիկ են զրկվելու այդ հնարավորությունից, այլև հետագայում մեծ վնաս է հասցվելու Երևանի զարգացմանը,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը։

-Այսինքն խոցելիության պարագայում պետությունը պետք է համակերպվի այն ինստիտուտի հետ, որ ամեն մեկը մի անկյունում կանաչի ծախի հակահիգիենիկ պայմաններում։ Ես հասկանում եմ, որ մարդ արարածն ըստ էության պետք է ապրի, բայց դա ընդհանուր պրոգրեսդի հետ չեմ ուզում կապել։ Ես չեմ ուզում, որ հայ ժողովուրդը մնա ստրկամիտ, խեղճուկրակ, մի մեշոկի շրջանակներում կանաչի ծախողի հոգեբանությամբ,-հակադարձել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը և ասել, թե ինքն առաջընթաց է ցանկանում տեսնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը