Հարցազրույց

09.02.2014 18:40


Գալուստ Սահակյանը կարիք ունի՞ ցողունային բջիջների

Գալուստ Սահակյանը կարիք ունի՞ ցողունային բջիջների

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

–Դուք պատրաստվո՞ւմ եք հետևել ձեր առաջնորդի օրինակին և ցողունային բջիջների պատվաստում կատարել։ Եվ ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի այդ քայլը, որ երկրում առկա աղքատության պայմաններում հսկայական գումարներ է ծախսել իր երիտասարդանալու և այլ պրոցեդուրաների վրա։

–Անհեթեթ հարց եք տալիս։ Յուրաքանչյուր անձ ինքը կարող է իր առողջության, իր կենսակերպի, իր մոտեցումներով իր անձնական կարիքները հոգալ։ Այնպես որ, ձեր ըմբռնումը, ոնց ասեմ, ընդդիմադիր մոտեցում եք ցույց տալիս։ Ես հարցնո՞ւմ եմ՝ ձեր բարեկամը ոնց գնաց օպերացիայի ենթարկվեց։

–Բայց իմ բարեկամը ՀՀ նախագահի պաշտոնը չի զբաղեցնում։

–Հանրապետության նախագահը ձե՛ր բարեկամը չի, բայց իմ բարեկամն է։ Այնպես որ, մի՛ հարցրեք իմ բարեկամից բան։

–Որտեղի՞ց Սերժ Սարգսյանին այդքան գումար, որ այդքան թանկարժեք պատվաստումներ է իրեն թույլ տալիս։

Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ էդքան գումար որտեղից։ Նախ՝ ինձ համար էդ էդպես հետաքրքրությունների շրջանակ էլ չի, որ ես իմանամ՝ դա եղել է, թե չի եղել...

–Եղե՛լ է. Սերժ Սարգսյանի խոսնակն էլ հաստատել է։

–Առավել ևս, ես գրպանահատ չեմ, որպեսզի ուրիշների գրպանները մտնեմ, տեսնեմ՝ էդ գումարը որտեղից։ Գրպանահատներին հարցրեք, երևի թե ավելի նորմալ կլինի։

–Այդ գրպանը ոչ թե ինչ–որ մեկին, այլ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողի՛ն է պատկանում։ Եվ հետո, այդպես էլ չպատասխանեցիք՝ դուք ցողունային բջիջների պատվաստման կարիք ունե՞ք։

Ես չեմ հասկանում՝ այդ պատվաստումն ինչ է, ինչ չի։

–Սերժ Սարգսյանին հարցրեք, մանրամասն կպատմի։

–Մի՛ թողեք՝ ձեզ վիրավորեմ։

–Պետք չի վիրավորել, որովհետև ես վիրավորանքներից զուրկ հարցեր եմ տալիս։

–Չի կարելի։ Հայ լինելու համար պիտի մի քիչ պարծանք ունենալ, և մարդ իր երկրի նախագահին, ով էլ էդ նախագահն ուզում է՝ լինի, սիրի թե չսիրի, չի կարող նման մոտեցում ունենալ։ Դա ավելի շատ մուսուլմանական արժեքների արդյունք է։

–Դուք ցողունային պատվաստմանը վերաբերող հարցը վիրավորակա՞ն եք համարում։

–Իհա՛րկե։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը