Լրահոս

04.01.2011 17:49


Ճանապարհատրանսպորտային պատահարներ

2011 թ. հունվարի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, 55-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մասնավորապես, հունվարի 3-ին, ժամը19.00-ին, 1989 թ. ծնված Արթուր Հ.-ի վարած  «ԵրԱԶ-762» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան ճանապարհին' Մարմարաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Ազատ Առաքելյանին, որը տեղում մահացել է:

Հունվարի 3-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 20.55-ին, 1982 թ. ծնված Կարեն Խ.-ի վարած «BMW X-5» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40 տարեկան տղամարդու, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Հիշյալ ավտոմեքենան այնուհետև բախվել է 1982 թ. ծնված Մկրտիչ Բ.-ի վարած «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ՝ 1988 թ. ծնված Գառնիկ Թ.-ի վարած «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Մկրտիչ Բ.-ն և նրա 7 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունվարի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 5-րդ կմ-ին միմյանց են բախվել 1957 թ. ծնված Տիգրան Ամիրխանյանի վարած «ՎԱԶ-21063» և 1973 թ. ծնված Գեորգի Կ.-ի վարած «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վարորդներն ու «ՎԱԶ-21063»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 14.50-ի սահմաններում Տիգրան Ամիրխանյանը մահացել է:

Դեկտեմբերի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան-Գավառ ճանապարհի 11-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, որի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի ուղևորներ՝ 1971 թ. ծնված Անուշ Դավթյանը և 2009 թ. ծնված Մարիա Մելքոնյանը տեղում մահացել են, իսկ վարորդը, մյուս չորս ուղևորներն ու «Ֆորդ Տրանզիտ»-ի մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը