Լրահոս

03.02.2014 18:09


Ռուբեն Հակոբյանի որոշումը կապված է քաղաքական լուրջ զարգացումների հետ

Ռուբեն Հակոբյանի որոշումը կապված է քաղաքական լուրջ զարգացումների հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ–ում գտնվող Զարուհի Փոստանջյանի փոխարեն «Ժառանգություն» խմբակցությունն այսուհետև կրկին կղեկավարի Ռուբեն Հակոբյանը։

Իր այս որոշումը լրագրողների հետ զրույցում նա պայմանավորել է քաղաքական առաջիկա լուրջ զարգացումներով։

–Հանգամանքներն այնպես են ձևավորվել, որ քաղաքական լուրջ զարգացումներ են սպասվում, բոլորի՛ն է դա տեսանելի, և խորհրդարանի ամբիոնը լինելու է այդ զարգացումների կիզակետերից մեկը։ Եվ այս առումով շատ բնական էր, որ «Ժառանգություն» խմբակցությունը պետք է ունենար գործող ղեկավար։ Այս հարցը մեկ ամիս քննարկվում էր,–ընդգծել է Ռ. Հակոբյանը՝ ավելացնելով, որ հենց այդ պատասխանատվությունից ելնելով էլ՝ ընդունել է թե՛ «Ժառանգություն» խմբակցության և թե՛ վարչության առաջարկությունը՝ ղեկավարել խմբակցությունը։

Ռ. Հակոբյանը հատկապես կարևորում է ԱԺ 4 ոչիշխանական ուժերի համագործակցությունը, որի արդյունքում խորհրդարանն ինչ–որ տեղ նոր որակով է ներկայանում։

–Ոչիշխանական ուժերը, այսպես թե այնպես, կարողանում են ասելիքը տեղ հասցնել՝ անկախ այն բանից, որ մեծամասնությունն իր քանակի պատճառով իր որոշումներն է ընդունում։ Պետության սոցիալական կյանքը հասել է մի վիճակի, որ այսպես շարունակել հնարավոր չէ։ Արդեն հակասահմանադրական քայլեր են կատարվում իշխանական համակարգի կողմից։ Այս համակարգն այլևս տեղ չունի գնալու, այսպես հնարավոր չէ ժողովուրդ պահել, պետություն ղեկավարել։ Իսկապես, սոցիալական կյանքը չափազանց ծանր վիճակում է, և այսօր ոչիշխանական 4 խմբակցությունների համագործակցությունն ինչ–որ տեղ ժամանակի պահանջ է։ Բոլորը պետք է հասկանան, որ միայնակ ոչինչ չեն կարող անել, և պետք է համախմբվել։

Նա վստահություն է հայտնել, որ խորհրդարանում ոչիշխանական 4 խմբակցությունների համագործակցությունը կտեղափոխվի նաև հրապարակ և կվերածվի հրապարակային պայքարի, որին շատ այլ ուժեր ևս կմիանան։

–Այն փաստը, որ ոչիշխանական 4 խմբակցությունները համագործակցում են, ոգևորություն է առաջացնում ժողովրդի մոտ։ Պետք է շարունակել այս ձևաչափը, ընդլայնել և գտնել օրակարգը, որը բացարձակ կոնսեսուսով ընդունելի կլինի բոլոր այդ քաղաքական ուժերի համար,–նշել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը