Հարցազրույց

21.01.2014 09:26


«Դ!ԵՄ ԵՄ» անդամ. «ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին ՀՅԴ–ին և «Ժառանգությանը» ոչ թե պետք է զերծ պահել, այլ է՛լ ավելի ներգրավել պայքարի մեջ»

«Դ!ԵՄ ԵՄ» անդամ. «ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին ՀՅԴ–ին և «Ժառանգությանը» ոչ թե պետք է զերծ պահել, այլ է՛լ ավելի ներգրավել պայքարի մեջ»

Հարցազրույց թատրոնի և կինոյի դերասան, «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հարութ Մինասյանի հետ

Հունվարի 18–ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ ընդդեմ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի «Դ!ԵՄ ԵՄ»–ի հրավիրած հավաքը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ ոչիշխանական ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները։ Ի՞նչ տպավորություններ ունեք այդ հավաք–երթից։

Տպավորություններս շատ դրական են։ Նախ՝ շատ հաճելի էր տեսնել, որ քաղաքական ոչիշխանական ուժերը կանգնեցին ժողովրդի կողքին՝ առանց վարանելու։ Տպավորված եմ մեր ժողովրդի համախմբմամբ։ Կարծում եմ, որ սա իրոք ձնագնդիի էֆեկտ կստանա, և շատ շուտով կկրկնապատկվի, կեռապատկվի մարդկանց թիվը, որովհետև պետական մակարդակով կազմակերպված այս ռեկետախառը թալանը վերջակետն էր բոլոր տեսակի սահմանների։

Այդ հավաքից հետո իշխանական մամուլն ու դաշտում ներդրված «ականները» փորձում են պառակտում մտցնել քաղաքացիական հասարակության ու ոչիշխանական 4 խմբակցությունների միասնության միջև։ Հիմնական կոչն այն է, որ «կուտակայինի» պայքարից պետք է զերծ պահել ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին, ՀՅԴ–ին և «Ժառանգությանը»։ Փաստորեն, համամիտ չեք։

Իհարկե, իշխանությունները պիտի փորձեն նման կեղտոտ դեզինֆորմացիաներ հրապարակել, ցեխ շպրտել, ամեն առիթով մի բան մոգոնել, որպեսզի պառակտում մտցնեն։ Նույն ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» ժողովրդի մի մասնիկն են և կատարել են իրենց ընտրությունը՝ կանգնել են ժողովրդի կողքին։ Նրանց ոչ թե պետք է զերծ պահել, այլ է՛լ ավելի ներգրավել պայքարի մեջ։

–Կարծում եք, որ առանց այդ ոչիշխանական 4 խմբակցությունների՝ հնարավո՞ր չէ իշխանության վրա ճնշում գործադրել և ստիպել, որ կասեցվի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։

–Կարծում եմ, որ, առանց միասնության, հնարավոր չի լինի ինչ–որ բանի հասնել։ Ժողովուրդը՝ կուսակցությունների հետ միասին, միահամուռ, համախմբված պիտի ճնշում գործադրի իշխանությունների վրա, և չպետք է նրանց տարանջատել մեկը մյուսից։

–Այսինքն, ոչիշխանական ուժերի հետ քաղաքացիական հասարակության չմիավորվելը բխում է իշխանության շահերի՞ց։

–Իհա՛րկե։ Իշխանության նպատակը հենց բաժանելը, գժտություն մտցնելը, տարանջատելն է, և, բնականաբար, իշխանությունը ամենաշատը կուզի, որ ցեց ընկնի հասարակության ու կուսակցությունների միջև։

–Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս միասնությունը կոնկրետ «կուտակայինի» հարցից վերածվի է՛լ ավելի մեծ օրակարգի և հասնի ընդհուպ մինչև իշխանափոխություն։

–Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ։ Մենք շատ հանդուրժող, սպասող, համբերող ազգ ենք, բայց կա «համբերության բաժակ» հասկացությունը։ Այ այդ բաժակը վաղուց արդեն լցվել է։ Երբևիցե նման ապաշնորհ իշխանություն մենք չենք ունեցել։ Կարծում եմ՝ այս պարագայում միմիայն իշխանափոխությունը կարող է երկիրը փրկել կործանումից։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը