Լրահոս

24.01.2011 12:53


ՊԵԿ դիտակետում շարունակում է մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերի հայտնաբերումը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում շարունակում է մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերի հայտնաբերումը:

Այսպես, Օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած համապատասխան միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի տաքսի ծառայություն' «Սիս տաքսի» ամվանմամբ: Այն գործել է մայրաքաղաքի Խաղաղ Դոնի 1 հասցեի հարակից տարածքում' առանց համապատասխան լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու: Պարզվել է, որ ապօրինի գործունեությունը ծավալել է ֆիզիկական անձ Պողոս Նազարյանը: Տաքսի ծառայության գործունեությունը դադարեցվել է: Պ.Նազարյանի մոտ իրականացվում է գործունեության օրինականության ստուգում:

Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում օրերս հայտնվել է նաև «OK ROOM» բար-սրճարանը: Ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի կենտրոնում' Թումանյան 25 հասցեի նկուղային հարկում  գործող սրճարանն ապօրինի է և չունի պետական գրանցում: Հարկային դաշտից դուրս գործունեությունն իրականացրել է Երևանի բնակիչ Հ.Սարգսյանը' այցելուներին սպասարկելով  հիմնականում գիշերային ժամերին: Բար-սրճարանի տարածքը շուրջ 40քմ է. հարկային մարմինների այցելության պահին այդտեղ եղել է երկու աշխատակից:

Ապօրինի գործունեությունն այս պահին կասեցված է, տարածքն էլ' կապարակնքված: Մյուս դեպքում էլ հայտնաբերվել է նորաձևության և կարի արտադրամաս. այն ևս գործել է մայրաքաղաքում: Ապօրինի ձեռնարկատերը Մհեր Դավթյանն է, ում հայտարարության համաձայն'  գործունեությունն իրականացվել է 2010թ.-ի սեպտեմբերից' 3 աշխատակիցների միջոցով: Փաստի վերաբերյալ կազմվել է վարչական վարույթ, ճշտվում են իրացման ծավալները: Օրերս հայտնաբերված մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրությունն էլ ծավալվել էր Գարեգին Նժդեհի 3 շենքի բակում, որտեղ քաղաքացի Դ.Նիկողոսյանն առանց պետական գրանցման  զբաղվել է խոշոր եղջերավոր կենդանիների ոսկրահանմամբ և մսամթերքի իրացմամբ: Գործունեությունն այս պահին դադարեցված է:

Նշված ապօրինի ձեռնարկատիրական գործողությունների հետևանքով տետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը