Տնտեսական

24.01.2011 12:34


ՏՄՊՊՀ–ն արձանագրել է՝ ուրբաթ օրն ալյուրը թանկացել է 8 դրամով

ՏՄՊՊՀ–ն արձանագրել է՝ ուրբաթ օրն ալյուրը թանկացել է 8 դրամով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դիտարկման ուրբաթ օրվա տվյալներով՝ գերիշխող սուբյեկտների մանրածախ և մեծածախ խանութներում 1 կգ ալյուրի գինը բարձրացել է 8 դրամով։ Այս մասին «7օր»-ին ասել է հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանը։ Թե ինչո՞վ է պայմանավորված նման թանկացումը, հանձնաժողովը դեռ տեղեկություն չունի։

-8 դրամն ընդամենը իր գնի 2-3%-ն է կազմում,-ասել է Ա. Սահակյանը,-եթե այդ բարձրացումը շարունակվի, էական, զգալի բարձրացում լինի, բնականաբար, մենք էլ կփորձենք պարզել՝ ինչից է։ Այս պահին հետևում ենք հետագա զարգացումներին։ Կարող է հենց վաղը նորից իջնի։ Օրենքի տեսակետից՝ բարձրացումն ինքնին խախտում չէ։ Խախտումը չհիմնավորվա՛ծ բարձրացումն է։ Իսկ թե դա հիմնավորվա՞ծ է, թե՞ հիմնավորված չէ, բավական երկար ուսումնասիրություն է պահանջում։

Զգալի բարձրավում ասելով էլ Ա. Սահակյանն անձնապես նկատի ունի 10%-ով թանկանալը։

Նշենք, որ ալյուրի թանկացումը հանգեցրել է նաև հացամթերքի թանկացմանը։ Ուրբաթ օրն արդեն մի շարք խանութներ հացը 10-20 դրամով թանկ են վաճառել։ Մյուսներն էլ, բնականաբար, հետևում են այդ օրինակին։ Մասնավորապես «Մուսալեռ» հացի փռից «7օր»-ին ասել են, որ իրենք հացի գինը թեև դեռ չեն բարձարցրել, բայց մոտ օրերին բոլոր հացատեսակները թանկացնելու են 10-20 դրամով։ Պատճառն էլ ալյուրի գնի բարձրացումը։ «7օր»-ի թղթակիցները շրջել են նաև մայրաքաղաքի մի շարք խանութներով և արձանագրել, որ բոլոր տեղերում հացն արդեն իսկ թանկ է վաճառվում։

ՏՄՊՊՀ-ի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանի խոսքերով՝ հացի շուկան իրենց լիազորություններից դուրս է, և այդ բարձրացման համար իրենք պատասխանատու չեն, քանի որ այդտեղ հարյուրավոր ընկերություններ են աշխատում, հետևաբար և հացի շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ չկան։ Սակայն Ա. Սահակյանն ավելացրել է, որ չի կարծում՝ 8 դրամով ալյուրի բարձարցումը պետք է հանգեցներ հացի 10-20 դրամով թանկացման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը