Հարցազրույց

27.12.2013 11:35


Արմեն Ռուստամյան. «Կատաստրոֆա է իշխանությունների համար ոչիշխանական ուժերի համախմբումը»

Արմեն Ռուստամյան. «Կատաստրոֆա է իշխանությունների համար ոչիշխանական ուժերի համախմբումը»

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ

Սերժ Սարգսյանն իր «ինքնաասուլիսի» ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը 2013-2017 թթ., տարվա արդյունքներով, եթե չապահովի 7% տնտեսական աճ, ապա պետք է հրաժարական տա։ Տարին մի քանի օրից ավարտվում է, 7% տնտեսական աճ չկա, բայց կառավարությունն իր տեղում է։

–Կառավարությունը վաղո՛ւց պետք է հրաժարական տար։ Մենք կառավարության անվստահության հարցը բարձրացնում էինք դեռ ԱԺ–ի այս գումարումից առաջ։ 2 անգամ բարձրացրել ենք այդ հարցը և շատ հստակ ապացուցել, որ կառավարությունն առնվազն մի քանի կետով ուղղակի պարտավոր է իր լիազորությունները վայր դնել։ Հիմա էլ մենք բազմիցս ականատես ենք լինում, որ կառավարությունն այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ և ծրագրեր է բերում, որոնք ուղղակի օր օրի ավելի են վատթարացնում մեր երկրի ընդհանուր վիճակը։ Մեր երկրի սոցիալ–տնտեսական վիճակը ծայրահեղ աստիճանի ողբերգական է։

–Այդ դեպքում ինչո՞ւ էին խոսում 7% տնտեսական աճի մասին։

–Դե եթե այդքան վստահ էին, գոնե իրենք, իրենց խոսքը հարգելով, ասել են՝ անեն։ Նորից այն տպավորությունը ժողովրդի մոտ չթողնեն, որ էս իշխանությունը բացարձակապես կապ չունի, թե ինչ է հայտարարում, ինչ ծրագրեր է ներկայացնում։ Միևնույն է, անում են այն, ինչ իրենց ձեռնտու է, խոսքով մի վիճակ է, գործով՝ բոլորովին այլ։

–Իսկ եթե չեն կարողանում իրականացնել, բարոյակա՞ն է հրաժարական չտալը։

–Ես չեմ զարմանա, որ հրաժարական չտան։ Մենք բազմիցս լսել ենք, թե ինչպես է այս կառավարությունը, իշխանությունը կարողանում ցանկացած իր խոսքն իր ուզած ձևով մեկնաբանել և առաջ գնալ։ Էդ որ ասում են՝ լեզուն ոսկոր չունի, հիմա իրենցն է։ Երևի կապացուցեն, որ այդ 7%–ը թիրախային ուղղությունը նշելու իմաստով է ասվել, ոչ թե փաստացի արձանագրման։ Բաղձալի թիվ է եղել, և չպետք է դա դիտել, որ անպայման այդ ցուցանիշով պետք է առաջնորդվել։ Մենք սովոր ենք, որ թվաբանությունն էլ չի աշխատում էս կառավարության խոսքերի մեջ։ Մենք հիշում ենք նոր գումարման ԱԺ–ի ժամանակ 12 հանձնաժողովների ստեղծումը։ Օրենքում գրված է, որ նույն խմբակցությունից պատգամավորները երկուսից ավելի հանձնաժողովում չեն կարող լինել։ Մենք ընդգծեցինք, որ, օրինակ, 5–հոգանոց խմբակցությունները չեն կարող բոլոր հանձնաժողովներում լինեն։ Բայց իրենք մեզ բացատրեցին, որ 2 անգամ 5–ը էդպես չի, որ միշտ 10 է, կարող է նաև 12 լինել։ Հիմա էլ հաշվիչ հանձնաժողովի դեպքում են բացատրում, որ 7–ի կեսից ավելին անպայման չէ՝ 4 լինի. կարող է նաև երկուսը լինել։

–Հատկապես վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում, որոնք հանրության շրջանում հայտնի են որպես վարչապետին պատկանող, հարձակում է սկսվել «Բարգավաճ Հայաստանի» դեմ։ Ինչո՞վ եք սա պայմանավորում։

–Նրանք արդեն ընդգծված քաղաքական հակառակորդներ են և, բնականաբար, քաղաքական հակառակորդների հետ պայքարի տարբեր մեթոդներ են ընտրում։ ԲՀԿ–ի այսօրվա հիմնական թիրախը կառավարությունն է, որը մեզ համար էլ ընդունելի ընթացք է, որովհետև ՀՅԴ–ն էլ այս կառավարության վերաբերյալ իր տեսակետը վաղուց ուներ։ Եվ բնական է, որ կառավարությունը համարում է՝ իրեն հիմնականում քննադատող և ԱԺ–ի երկրորդ քաղաքական ուժը ԲՀԿ–ն է, ու պետք է կենտրոնացնի իր հարվածներն այդ ուժի վրա։

–Այսինքն, ԲՀԿ–ի քննադատություններից վտա՞նգ է տեսնում կառավարությունը։

–Այո՛, իհա՛րկե։ Մեր նկատմամբ էլ էր նույնը, երբ քննադատում էինք։ Եղավ, չէ՞, լարվածություն մեր և վարչապետի միջև։ Այսինքն, դա քաղաքական պայքարի արդյունք է։

–Բայց հենց այդ նույն «անկախ» ԶԼՄ–ն տեսակետ է տարածում, թե ԲՀԿ–ն իշխանության հետ խաղ է խաղում։

–ԲՀԿ–ն ոչիշխանական ուժ է և իր քաղաքական դիրքորոշումների մեջ հստակ դեմ է արտահայտվում կառավարությանը։ Մենք այսօր ոչիշխանական դաշտում համախմբվելու խնդիր ենք լուծում, և այստեղ որևէ տարանջատում, պառակտում ինձ համար բացարձակապես անընդունելի է։ Երկրորդական պետք է դառնան հարցերը, թե ով է շիտակ, ով՝ կեղծ, որովհետև այս տրամաբանությունը պառակտում է քաղաքական դաշտը և, մասնավորապես, ընդդիմությանը։

–Այսինքն, կարծում եք, որ կառավարության կողմից ԲՀԿ–ի դեմ նման գործունեությունն ընդդիմադիր դաշտը պառակտելու համա՞ր է արվում։

–Բնականաբա՛ր, իհա՛րկե։ Այսօր մենք հաջողությունների ենք հասնում միայն այն պատճառով, որ միավորվում ենք։ Սա ինձ համար գերակա արժեք է։ Կատաստրոֆա է իշխանությունների համար ոչիշխանական ուժերի համախմբումը։ Դա ցանկացած իշխանության համար վերջ է նշանակում։ Եվ, բնականաբար, իրենք ամե՛ն ինչ անելու են, որպեսզի դա տեղի չունենա։ Մե՛ր դեմ կխոսեն, ԲՀԿ–ի՛ դեմ կխոսեն, իրա՛ր դեմ կլարեն, բոլոր մեթոդներն ու ձևերը կկիրառեն, բայց դրանց չպետք է տուրք տանք, սա՛ է խնդիրը։ Հենց մեր հմտությունն ու իմաստությունն այն է, որ հասկանանք, թե ինչ է կատարվում։

–Նաև մանդատները վայր դնելու պահանջն են շրջանառություն մտցրել։ Սա՞ ինչ նպատակ է հետապնդում։

–Այդ պահանջն էլ է իշխանության ջրաղացին ջուր լցնում։ Դա ձեռնտու է իշխանությանը, որովհետև վերջում ի՞նչ եզրակացության են բերում՝ եթե մանդատները վայր չեն դնում, ուրեմն իրենք էլ են նույնը։ Նպատակը բոլորին հավասարեցնել, սևացնելն է, որ այս սև ֆոնի վրա իրե՛նց սև լինելն ավելի ցցուն չերևա, և որ այդ գաղջ մթնոլորտում իրենց ավելի հարմարավետ զգան։

–Իսկ իրականում ի՞նչ դրական արդյունք կարող է տալ մանդատ վայր դնելը։

–Ո՛չ մի։ Նախ՝ Ընտրական օրենսգիրք գոյություն ունի, որտեղ շատ հստակ ասվում է, որ եթե որևէ մի խմբակցության ցանկը սպառվում է, և թափուր տեղ է առաջանում, դա պետք է բաշխվի մյուս խմբակցությունների վրա՝ ըստ իրենց համամասնության։ Խոսքը նրա մասին է, որ 4 ոչիշխանական խմբակցությունների ամբողջ ցանկի մարդիկ վայր դնեն մանդատները, որպեսզի, իբրև թե, առաջանա սահմանադրական ճգնաժամ։

–Բայց այդ դեպքում այդ 4 խմբակցությունների տեղերը կբաշխվեն ՀՀԿ–ի և ՕԵԿ–ի միջև։

–Այո՛, հենց այստեղ է խնդիրը։ Կառաջանա՞ ճգնաժամ։ Չի՛ առաջանա, որովհետև նախ իրենք արդեն մեծամասնություն ունեն (անկախ ամեն ինչից), և երկրորդ՝ այդ թափուր տեղերը կլրացվեն հօգուտ ՕԵԿ–ի և ՀՀԿ–ի։ Այսինքն, այդպիսով կստացվի, որ մենք ոչ թե մեր մանդատը վայր կդնենք, այլ կտանք կոալիցիոն ուժերին։ Հետևաբար, այդ քայլով չի շահի ընդդիմադիր դաշտը կամ ընդդիմադիր շարժումը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը