Մեկնաբանություն

21.12.2013 13:47


Երեկ ԱԺ–ում տեղի ունեցավ սարսափելի մի բան

Երեկ ԱԺ–ում տեղի ունեցավ սարսափելի մի բան

Սարսափելին այն էր, որ խորհրդարանում քննարկվում էր Հայաստանը «Գազպրոմ» ընկերությանը վաճառելու պայմանագիրը։

Խորհրդարանական մեծամասնությունը և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հուսահատ փորձեր էին անում պաշտպանել Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի կնքած գաղտնի և քրեական հանցագործության հետ նույնացվող գործարքը։

Գալուստսահակյանների վրա դրված էր սուտը, կեղծիքը և հանցագործությունն արդարացնելու գործը։ Փաստարկներ չունենալով՝ նրանք անցան անձնական վիրավորանքների։ ԱԺ մեծամասնության վարքագիծը հիստերիկ բնույթ ուներ։

Հարցի քննարկումն ու քվեարկությունը հետաձգվեց մինչև երկուշաբթի։ Երբ ԲՀԿ–ն հայտարարեց քվեարկությանը չմասնակցելու մասին, Բաղրամյան 26–ում վախեցան քվորումի ապահովման հարցում և որոշեցին հետաձգել հանցագործության դակումը։

Երեկ, սակայն, միայն դա չէր սարսափելին։

Գեբելսյան քարոզչամեքենան տարիներ շարունակ կերակրել էր «հավերին» այն թեզով, թե, իբր, Սերժ Սարգսյանն արևմտամետ է, և ուզում է Հայաստանը տանել դեպի լուսավոր Եվրոպա։

«Ճիշտ է, Սերժ Սարգսյանը կեղծիքներով է ընտրվել և կոպտագույն սխալներ արել, բայց փոխարենը նա, ի տարբերություն ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի, ռուսամետ չէ, և ասոցացնելու է մեզ ԵՄ–ի հետ»,– բլեֆ էին անում Բաղրամյան 26–ի տակ աշխատող «անկախ» լրատվամիջոցներն ու վարձկան «փորձագետները»։

Սեպտեմբերի 3–ից հետո, սակայն, «Արևմտամետ Սերժի» մասին փչած փուչիկը պայթեց։ Գեբելսյան քարոզչամեքենան մնաց իր իսկ կիրառած «պրյոմի» տակ։

Այլ տարբերակ չունենալով՝ հիմա սրանք շրջանառության մեջ են դրել մեկ այլ՝ ոչ պակաս բլեֆային թեզ, ըստ որի՝ Սերժ Սարգսյանից ավելի ռուսամետ են նույն ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը։ Որպես ապացույց իրենց խոսքերի՝ լրատվական դաշտի գեղամյանները համոզմունք–կանխատեսում էին ներկայացրել, թե, իբր, գազի ու ՌԴ–ի հետ կապված հարցում իշխանությանը չեն հակադարձելու խորհրդարանում ներկայացված ոչիշխանական ուժերից ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ինչպես նաև ՀՅԴ–ն (վերջինս ողջունել է ՄՄ մտնելու գաղափարը)։

Երեկ տեղի ունեցած խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ գեբելսյան քարոզչամեքենայի հերթական կուտը եթե որոշ մարդիկ կերել էլ էին, ապա իրենց աչքով տեսան, որ դա մեծագույն բլեֆ է։

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» համատեղ ուժերով քարը քարի վրա չթողեցին Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի համատեղ գործած հանցանքի ապացույց հանդիսացող պայմանագրից և հստակ դեմ արտահայտվեցին ՀՀ քաղաքացու թիկունքում կնքած «կաբալային» այդ փաստաթղթին։

Այսպիսով, պետք է արձանագրել, որ երեկվա քննարկումները և խորհրդարանական գործընթացները սարսափելի էին նաև գեբելսյան քարոզչամեքենայի, մասնավորապես «Lragir.am»–ի ու «1in.am»–ի համար։ Հիմա քանի՞ ոչխարի է հնարավոր համոզել, որ դեպի Գյուլիստան սլացող Սերժ Սարգսյանից ավելի ռուսամետ են ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը։

Եվ ընդհանրապես, արևմտամետ–ռուսամետ դիլեման և բաժանումը կեղծ կատեգորիա է։ Այդ արհեստական թեման դաշտ է նետվել իշխանական քարոզչամեքենայի կողմից քաղաքական դաշտը լղոզելու և պղտոր ջրում ձուկ բռնելու նպատակով։ Ընդամենը։

Երեկ «անկախներն» իրենց իսկ փորած փոսն ընկան։ Բայց դե, դրանց շատ չկա։ Կշարունակեն, էլի, ավանակի համառությամբ թմբկահարել «ռուսամետ» ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի մասին կեղծ թեզերը։ Սակայն զարմանալ պետք չէ։ Նրանք հենց դրա համար էլ ստեղծված են։ «Պոռնիկներ են, սը՛ր», ինչպես ասվում է հայտնի անեկդոտում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը