Հարցազրույց

20.12.2013 10:16


Դիզայներ. «Տոնածառի 204 տարբերանշանը նման է 3-ներով սովորող չարաճճի տղայի թելադրության» (լուսանկարներ)

Դիզայներ. «Տոնածառի 204 տարբերանշանը նման է 3-ներով սովորող չարաճճի տղայի թելադրության» (լուսանկարներ)

Հարցազրույց դիզայներ Վադզ Ղազարյանի հետ

Հանրապետության գլխավոր տոնածառի տարեթվի գրառումը համացանցում լայն քննարկումների, նույնիսկ հումորի առարկա է դարձել։ Իրո՞ք այն այդքան վատն է։

–Ամբողջ խնդիրն այն է, որ այն, ինչ կատարվում է մեր քաղաքում, բացարձակ ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։ Ի դեպ, զուտ տոնածառի հետ կապված՝ ասեմ, որ բավակա՛ն է հյուսեր անենք՝ ոտքից գլուխ ներքև սլացող։ Ախր միջազգային փորձ կա, համացա՛նց, վերջիվերջո։ Կարելի է մի քիչ փնտրել և տեսնել՝ ինչեր կան աշխարհում։ Առհասարակ, մտածել, մի հետաքրքիր բան անել։ Եվ, իհարկե, դեմ եմ ամեն տարի այդ քանակությամբ եղևնիներ հատելուն ու որպես ճյուղեր օգտագործելուն։ Փոխարենը կարելի է արհեստական պատրաստել, ծախս անել մե՛կ անգամ և օգտագործել անվերջ։

–Այսինքն, Հանրապետության հրապարակի ամբողջ տոնածառի ձևավորո՞ւմն էլ սիրուն չէ։

–Ես տոնածառին, որպես էդպիսին, դեմ եմ։ Նման տեսքի տոնածառ ընդունելի է միայն «տամոժնիյ սոյուզի» շրջանակներում։

–Քաղաքապետարանը, Ամանորի հետ կապված, զարդարում է նաև ամբողջ Երևանը։ Դրա մասի՞ն ինչ կասեք։

–Ամանորի հետ կապված զարդարման մասին անդրադարձել եմ դեռ անցած տարի։ Դրսում մեծ փորձեր են արվում, հնարավորինս սիրուն և յուրօրինակ ձևավորումներ մտածում։ Ահա՛ առաջին իսկ որոնման արդյունքում բերած հղումը՝http://dailynewsdig.com/christmas-decorations-cities/։ Մեծ մասամբ, շատ գեղեցիկ լուծումներ կան այդտեղ։

Քննադատության արժանացավ նաև Երևանի տոնին նվիրված քաղաքապետարանի մշակած խորհրդանիշի դիզայնը։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է քաղաքապետարանն անընդհատ հայտնվում նման անհարմար իրավիճակներում։

–Օրինակ՝ տոնածառի 204 տարբերանշանի մասին ասեմ, որ դիլետանտական մոտեցում է ցուցաբերվել։ Ես չեմ փորձում որևէ մեկին վիրավորել. հասկանում եմ, որ ցանկացել են սահմաններից դուրս մտածել։ Ինչպես ասում են՝ ողջունելի է, բայց անհույս։ Գլխավոր խնդիրը կրկին փորձի բացակայությունն է, կարծում եմ։ Դժվար է մեկ բառով բացատրել, բայց այդ տարբերանշանը, որն արվել է, մեծ վահանակ չէ, որին նայելու են շատ մոտիկից և գնահատելու նրա գեղեցկությունը։ Դրան նայելու են հեռվից, և հեռվից հենց 204 էլ կարդացվում է։ Նույնիսկ եթե ցանկանում էին տառերն իրար մեջ անել և դրանով հետաքրքրություն մտցնել, պետք է հաշվի առնեին որոշակի կանոններ։

–Օրինա՞կ։

–Ասենք՝ բոլոր տառերը լինեին նույն տրամաբանությամբ կառուցված։ Կամ եթե թիվը չէին ցանկանում պատկերել, նույնպես խնդիր չէր. գուցե 20 գրեին, հետո պատկերեին տոնածառ՝ 1 թվանշանի տեղը, և հետո գրեին 4։ Այդ դեպքում էլի կդիտարկվեր որպես 2014։ Իսկ էսպես նման է 3-ներով սովորող չարաճճի տղայի թելադրության, որ բառը չի տեղավորվում տողի մեջ, տողադարձ չանելու համար լուսանցքից անցնում և շատ քիփլիկ գրում է ամբողջ բառը։ Իսկ եթե ավելի լուրջ՝ պարզապես պետք էր դիմել փորձառու մասնագետի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Հ.Գ. Ստորև ներկայացնում ենք Հանրապետության հրապարակի տոնածառի լուսանկարը ու դրա տարբերանշանի թեմայով համացանցում տարածված ծաղրանկարներից մի քանիսը։

Այս խորագրի վերջին նյութերը