Կարծիք

30.07.2009 11:04


Անցյալի և ապագայի սահմանագծում

Անցյալի և ապագայի սահմանագծում

Ապագան այն հնարավորությունն է, որը վաստակվել է անցյալում և որդեգրվել ներկայում: Սեփական ժողովրդին չմոլորեցնելու համար, հասարակության մտածող մասը ծրագրում է այդ ապագան և դաստիարակչաբար իր որդիներին մղում կերտելու այն: Պետությունը խնդիրներ ունի լուծելու ոչ միայն ներկայում, այլ նաև ապագայի համար, հավերժացնելու իր հասարակության կյանքը և փառավորելու այն: Եվ մոլորյալ հասարակություններն են, որ չեն հասնում ոչ մի երազած տեղ, քանզի չեն մտածում այդ մասին՝ իմաստնաբար և չեն գործում այդ ուղղությամբ՝ իրապես: Ազգային համակարգերը, գործելով իրական ժամանակում, պետք է կարողանան կառուցել ապագայի պատկերը և հասարակության գիտակցության մեջ ներմուծել այդ ապագան իրական դարձնելու համար գործելու մղումը: Հայրենասիրությունը այդ մղման կարևոր բաղադրատարրն է, բայց՝ ոչ բավարար: Ներկա բարդ հասարակություններում միայն հայրենասեր լինելը բավարար չէ՝ արժանապատիվ քայլելու մարդկության համաշքերթում: Մարդու և հասարակության արժանապատիվ կեցության համար հայրենասիրությանը պետք է գումարել նաև արհեստավարժությունն ու ռացիոնալ գործելաոճը, որպես մի զենք՝ զգացականությունն իրականության վերածելու համար:

   Հայության ողբերգականությունը հայոց մտահայեցողության մեջ ամրացած փառավորության և նսեմացվածության միջնամասում է: Հայերը վերջին հազարամյակում արթնանում են հենց այդ միջանկյալ տարածության մեջ և չգիտեն, թե ցանկալի իրականությունը որտեղ է կորել: Յուրաքանչյուր հայ ամեն օր ապրում է փառավոր անցյալում, չերազված, երբեմն՝ ողբերգական ներկայում և երանելի, բայց իրապես անորոշ ապագայում: Հասարակության քրմերը, թաղվելով հակասականության լաբիրինթոսում, մե՛կ հանձնվում են թշնամու կամ Քրիստոսի ողորմածությանը, մե՛կ անզեն հասարակության մեջ պարզում են հեղափոխության դրոշը, մե՛կ քշվում անապատ և մորթվում կամ խելագարվում, մեկ տրվում են համաշխարհային ցնդաբանությունների, մեկ էլ դառնում պալատական ծաղրածուներ: Եվ նրանք իրական հաջողություններ գրանցեցին միայն 20-րդ դարի 60-80-ականներին՝ կրթելով մի սերունդ, որը վերանվաճեց հազարամյա երազանքից մի պատառիկ, այն էլ, սակայն, պատված վերահանձնման ներկա մտասարսափով:

Մտավորականները նրա համար չեն, որ աղոթեն աստծուն կամ թագավորին՝ խնդրելով հավերժ իշխանություն երկնքում և երկրի վրա: Նրանք հասրակության մղումների հյուսողն են և արժեքների պահապանները: Նրանք այն բարոյականն են, որը միշտ պակասում է բոլոր ժամանակների իշխանավորներին, այն արդարությունը, որը երբեք չի նահանջում նույնիսկ բիրտ ուժի առջև։ Եվ նրանք այն ցանկալի  իրականն են, որի կերտման համար արծաթասիրությունը հակացուցված է ամբողջությամբ: Եվ երբ ուզում են իշխել, հետևաբար նսեմացնել մի ժողովրդի, այս կամ այն ձևով լռեցնում են նրա մտավորականությանը: Այդպես հեշտ է վայելել հասարակության քրտինքն ու բարիքը:

   Բայց այդպես հեշտ է նույնիսկ կործանվել:

   Հայաստանի ներկա խնդիրների շարանում կարելի է առանձնացնել հատկապես երկուսը, որոնք, իրոք, արգելակում են զարգացումը: Առաջինը հասարակության գաղափարազրկումն է և հասարակական արժեհամակարգի նյութականացումն ու բարոյազրկումը, երկրորդը ապագայի անորոշությունն է: Հասարակությանը որոշակի արժեհամակարգը անհրաժեշտ է ներկայում՝ խաղի կանոններ օգտագործելու համար, ինչպես նաև՝ քայլելու առաջ: Եվ եթե արժեհամակարգերը խաթարված են ոչ բարոյական արժեքներով, ներկայում խաղի կանոնները կարող են կրել միայն ու միայն բիրտ բնույթ, իսկ ապագային միտված քայլերը կարող են լինել միայն անվստահ և մոլոր:

   Եվ մտավորականությունն է, որ անիմաստաբար հանդուրժում է այս իրականությունը՝ դառնալով մեղավորության մեղավոր: Խարխափող հասարակությունն ունի երեք ճանապարհ՝ կործանվելու, կազմակերպվելու և ենթարկվելու: Այսօր հասարակությանը պետք են իրական գաղափարներ և համառ դիմակայություն՝ խաղի կանոնները այդ գաղափարական արժեքների ուղեծիր տեղափոխելու համար: Եվ հայոց քաղաքական համակարգի անկատարությունն այդ ուղեծրից դուրս դեգերելու մեջ է: Ներկայումս հայ հասարակական-քաղաքական միտքը իրապես առճակատվում է գահի շուրջ և հասարակությանն «ազատում» արժեքային դավանաբանության մտահոգությունից: Գեղեցիկ մտքեր ասելն ու ճարտար խոսելը վերածվում են ձայնահնչյունների կույտի, երբ գիտակցվում է, թե ովքեր են արտասանում այդ խոսքերն ու մտքերը: Եվ հաճախ համեստ կյանքը գերադասվում է ակտիվ գործելու կերպից՝ վերջինիս տեսանելի մռայլ հեռանկարի պատճառով: Եվ բոլորն են նկատում, որ հատկապես մեղավորներն են խոսում մեղքից ու սրբություններից և համառորեն ամեն օր խաչում Փրկչին... Էլ ի՞նչ ապագա այս ներկայում...

Եվ, գտնվելով անցյալի ու ապագայի սահմանագծում, մենք ամեն օր արթնանում ենք մոլորված և զարմացած՝ ներկան վերափոխված դիմավորելու անվճռական երազանքով: Ու ակամայից սարսափում ենք՝ գիտակցելով, որ այս համառ քայլը իրական է ու, անտարակույս, տանում է չերազված ապագա, որի պայմաններում հայրենիքը դրսից ծովից ծով է թվում, ներսից՝ նեղ ու անհարմարավետ, իսկ այն աշխարհից՝ նահատակության օրրան: Բայց մենք վաղու՛ց ենք մեռել այս մահերով և հիմա պարտավոր ենք ապրել նորովի՝ կերտելով իմաստուն և գաղափարական հասարակություն՝ լի ապագայի հանդեպ վստահությամբ և այդ գիտակցված ապագան կերտելու վճռականությամբ:

Արտակ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը