Լրահոս

29.01.2011 10:26


Լոռու մարզում դիզենտերիայի համաճարակ չկա

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Լոռու մարզում, մասնավորապես' Վանաձորում, դիզենտերիայի համաճարակ կամ բռնկում չի արձանագրվել:

Լոռու մարզում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությամբ վերջին 2 հիվանդից մեկը Լոռու մարզի Շահումյան համայնքից է, մյուսը' Վանաձորից: Այս դեպքերը համաճարակաբանական առումով միմյանց հետ ոչ մի կապ չունեն:

  Հարկ է նշել, որ վերջին 10 օրվա ընթացքում Վանաձորի հիվանդանոցի ինֆեկցիոն  բաժանմունքում բուժվել է ոչ աղիքային վարակով 2 և տարբեր աղիքային հիվանդություններով 18, հիմնականում պայմանական ախտածին հարուցիչներով հարցուցված, և դիզենտերիայով 3 հիվանդ, որոնք բնակվում են Վանաձորի տարբեր թաղամասերում և միմյանց հետ որևէ առնչություն չունեն:

Դիզենտերիայով հիվանդները հիմնականում կարող էին վարակվել ձեռքերի հիգիենայի ոչ պատշաճ պահպանման, սննդամթերքի հետ կեղտոտ ձեռքերով շփվելու, չլվացված որևէ մթերքով սնվելու, փողոցում, պատահական վայրերում վաճառվող սննդամթերքից օգտվելու, ոչ ճիշտ պայմաններում պահվող և վաճառվող սննդամթերքով սնվելու հետևանքով:

Դիզենտերիայի նշված դեպքերը ֆոնային բնույթ են կրում, քանի որ դիզենտերիայի հարուցիչը միշտ էլ շրջանառում է շրջակա միջավայրում, ինչի հետևանքով երբեմն բնակչության շրջանում արձանագրվում են հատուկենտ դեպքեր:

Դիզենտերիան կամ Շիգելլոզը աղիքային վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը մանրէ է: Գաղտնի շրջանը տևում է 2-7, միջինում' 3-5 օր, հիվանդությունը կարող է ընթանալ ցնցումներով, բարձր ջերմությամբ, լուծով, որը կարող է ունենալ տեսանելի արյան պարունակություն, գլխացավով, սրտխառնոցով, փսխումով: Հիվանդների մոտ կարող է լինել նաև միայն սուր ջրային լուծ' առանց տեսանելի արյան և այլ ախտանշանների' հատկապես հիվանդության սկզբում: Դիզենտերիայի դեպքը հաստատվում է, երբ կղանքից անջատվում է դիզենտերիայի հարուցիչը: Վարակի աղբյուրը դիզենտերիայով հիվանդները կամ վարակակիրներն են, որոնց շրջակա միջավայր են արտազատում դիզենտերիայի մանրէներ: Առողջ մարդու օրգանիզմ այս հիվանդության հարուցիչը թափանցում է բերանի խոռոչով: Վարակը փոխանցվում է ջրի, սննդամթերքի, կեղտոտ ձեռքերի միջոցով: Կոչվում է նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն:

Աղիքային վարակիչ հիվանդություններով, այդ թվում' դիզենտերիայով չհիվանդանալու համար անհրաժեշտ է.

  • մրգերը և բանջարեղենն օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրով,
  • սննդամթերքը պահել փակ տարաներում' աղտոտումից խուսափելու համար,
  • արագ փչացող սննդամթերքը պահել սառնարանում,
  • ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո լվանալ օճառով,
  • աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի,
  • չզբաղվել ինքնաբուժմամբ,
  • եթե տանը աղիքային վարակիչ հիվանդությունով չհոսպիտալացված հիվանդ կա'

ա/  հիվանդի սպասքը և մյուս պարագաներն առանձնացնել և ախտահանել (եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ժավելի կամ այլ ախտահանիչ լուծույթի մեջ),
բ/  խստորեն պահպանել  անձնական հիգիենայի կանոնները,
գ/  բնակարանում բոլոր մակերեսները սրբել ժավելի լուծույթում թրջված լաթով,
դ/   հիվանդի ներքնահագուստը և անկողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ժավելի լուծույթի մեջ:

Խմելու ջրի համի և գույնի փոփոխություն ու նստվածք նկատելիս, ինչպես նաև ջրմուղ-կոյուղու վթարների առաջացման դեպքում ջուրը չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգել համապատասխան կազմակերպություններին:

Այս խորագրի վերջին նյութերը