Հարցազրույց

26.11.2013 15:50


Երվանդ Բոզոյան. «Դավիթ Շահնազարյանը կառավարվում է Բաղրամյան 26–ի կողմից»

Երվանդ Բոզոյան. «Դավիթ Շահնազարյանը կառավարվում է Բաղրամյան 26–ի կողմից»

ԵՄ–ի հետ ասոցացման հարցում Ուկրաինայի ու Հայաստանի «ոդիսականներին» է անդրադարձել Երվանդ Բոզոյանը։

–ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները կասեցրած իշխանության դեմ Ուկրաինայում սկսված զանգվածային բողոքի ալիքն ինչպե՞ս եք գնահատում, և ինչի՞ այն կարող է հանգեցնել։

–Ուկրաինայում բավականին անսպասելի զարգացումներ ընթացան՝ հաշվի առնելով, որ մինչև վերջին պահն այդ երկիրը կողմնակից էր եվրաինտեգրման ճանապարհով գնալուն։ Իր այս անսպասելի որոշումը, կարծում եմ, պայմանավորված է Ռուսաստանի կողմից ճնշումներով և նրանով, որ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո Ուկրաինան կհայտնվեր բավական ծանր սոցիալ–տնտեսական պայմաններում։ Արդյունքում էլ՝ 2015թ. նախագահական ընտրություններին, Յանուկովիչը կարող էր կորցնել իր աթոռը։ Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ նա ժամանակավորապես դադար տվեց, և, կարծում եմ, այդ դադարը կտևի մինչև 2015 թվականը, այսինքն՝ մինչև հստակ չիմանա, որ չի կորցնի իր աթոռը։

–Եթե համեմատենք Հայաստանն ու Ուկրաինան, ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ եք տեսնում։

–Նախ՝ Յանուկովիչը չհայտարարեց, որ Ուկրաինան 180 աստիճանով փոխում է իր ճանապարհը և միանում է Մաքսային միությանը։ Նա հայտարարեց, որ ժամանակավո՛ր է դադար տվել։ Իսկ Հայաստանը հայտարարեց, որ ոչ միայն դադարեցնում է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը կնքելու գործընթացը, այլ 180 աստիճանով փոխում է դիրքորոշումը, և միանում Մաքսային միությանը։ Բացի այդ՝ Յանուկովիչը ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացը և Ռուսաստանի հետ հարաբերությունները վարում էր բաց և Ուկրաինայի հանրությունը և քաղաքական բոլոր ուժերը տեղյակ են ամեն ինչից, մինչդեռ Սերժ Սարգսյանի պարագայում և՛ ԵՄ–ի հետ ասոցացման հարցում, և՛ Մաքսային միություն մտնելու որոշման դեպքում մենք ականատեսը եղանք փակ ու գաղտնի գործընթացի։

–Բայց անգամ այդ դեպքում, երբ Հայաստանը 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը, հայաստանյան «արևմտամետները», ովքեր մինչ այդ պաշտպանում էին «եվրաասոցացվող» Սերժ Սարգսյանին, այսօր ևս շարունակում են պաշտպանել։ Ոչ մի բողոքի գործողություն՝ երթ, ցույց և նմանատիպ այլ բաներ, տեղի չունեցան։ Ինչ էլ եղավ, հիմնականում «պետպատվերի» շրջանակում էր։

–Կարծում եմ՝ Հայաստանում իրականում «արևմտամետների վերնախավ» հասկացություն գոյություն չունի։ Դա արհեստածին մի բան է, որը ստեղծվել է իշխանությունների կողմից՝ զուտ տուրք տալու ԵՄ–ի հետ փոխհարաբերություններին։ Այսինքն, ձեր ասած «պետպատվերի» շրջանակներում ձևավորված այդ մարդկանց խումբը նպատակ է հետապնդում Սերժ Սարգսյանի և եվրոպացիների հետ հարաբերությունների կայացմանը նպաստել։ Միաժամանակ, փորձ էր արվում դրանով լեգիտիմացնել ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը։

–Լավ, բայց այդ մարդիկ որքա՞ն կարող են իրենց դիմակի ներքո շարունակել գործունեությունը. չէ՞ որ արդեն գրեթե բոլորին հասկանալի է, թե իրականում ովքեր են նրանք։

–Համաձայն եմ, որ մեծ մասի համար հասկանալի է, դրա համար էլ այդ մարդիկ քաղաքական դաշտում ներկայացվածություն չունեն։ Բայց իշխանության համար կարևորը ոչ թե հասարակության մեջ ներկայանալն է, այլ զուտ PR դաշտում, ԶԼՄ–ում ակտիվ լինելը։ Իշխանություններն այն կարծիքին են, թե նրանց գործունեությունը ֆեյսբուքերում և ԶԼՄ–ում որոշակի շղարշ են թողնում՝ արդարացնելու հայաստանյան իշխանությունների ներկայիս պահվածքը, ինչպես նաև ասելու, որ իշխանությունն ունի վատագույն այլընտրանք՝ ի դեմս խորհրդարանում ներկայացված այլընտրանքային ուժերի։

–Ի դեպ, մասնավորապես այսօր Դավիթ Շահնազարյանն էր հայտարարել, թե ԲՀԿ–ն և ՀԱԿ–ը ղեկավարվում են Ռուսաստանի կողմից։ Տարվում է նաև այն քարոզը, որ Սերժ Սարգսյանը չարյաց փոքրագույնն է, քանի որ նրա այլընտրանքն է՛լ ավելի ռուսամետ ուժերն են։ Եվ դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը Զորի Բալայանի շուրթերով իր հավատարմությունն է հայտնել Գյուլիստանի պայմանագրի ոգուն։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

–Դավիթ Շահնազարյանի այդ հայտարարությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա կառավարվում է Բաղրամյան 26–ի կողմից, և նրա հայտարարությունները հիմնականում Բ26–ի պատվերի շրջանակներում են իրականացվում։ Սա ներկայիս իշխանությունների պահպանման բանաձևի բաղադրիչներից մեկն է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը