Լրահոս

22.01.2011 20:29


Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին

Այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Նախագահ Սաակաշվիլիին ուղեկցող պատվիրակության կազմում են Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միխեիլ Սաակաշվիլին այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերության Երևանի գիտաարտադրական կենտրոն, որտեղ մասնակցել են հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների մրցանակաբաշխությանը:

Օլիմպիադայի կազմակերպման գաղափարը Հայաստանի և Վրաստանի նախագահներին է և նպատակ ունի երկու պետությունների համագործակցությունն ավելի ամրապնդել ու խորացնել ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային, այլ նաև գիտակրթական ոլորտներում: Հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադային, որն անցկացվել է մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա առարկաներից, յուրաքանչյուր երկրից մասնակցել է 30-ական աշակերտ: Պայմանավորվածության համաձայն,  օլիմպիադան կլինի շարունակական, և երկու երկրները հաջորդաբար կհյուրընկալեն մասնակիցներին' ընդլայնելով նաև առարկաների ցանկը:

Երկու երկրների նախագահները յուրաքանչյուր առարկայից հաղթողներին հանձնել են համակարգիչներ: Մրցութային առարկաներից յուրաքանչյուրում ամենայուրօրինակ լուծում ներկայացրած Հայաստանի եւ Վրաստանի մասնակիցները խրախուսվել են նաև «Ամենայուրօրինակ լուծում» անվանակարգում:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել են օլիմպիադայի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթել' հաջողություններ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.

«Սիրելի´ դպրոցականներ,

Հարգելի´ ներկաներ,

Նախ շնորհակալ եմ, որ մասնակցեցիք այս օլիմպիադային: Իհարկե, շնորհավորում եմ հաղթողներին, բայց ինչպես օլիմպիական կարգախոսն է ասում'կարևորը մասնակցությունն է:

Հայ-վրացական բարեկամությունը մենք չենք սկսել և բնական է' մեզնով չի ավարտվելու: Բայց մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է նոր շունչ հաղորդել, իր մասնակցությունը բերել, որպեսզի կարողանանք այդ թանկ ժառանգությունը փոխանցել մեր զավակներին: 

Բայց ի՞նչ հայ-վրա­ցական բարեկամություն առանց մրցակցության: Այս կատակի մեջխորը իմաստ կա: Եւ այս իմաստը, ըստ իս, կայանում է նրանում, որ մենք հազարամյակներ ապրելով կողք-կողքի' երբեք իրար դեմ զենք չենք հանել: Մենք մրցել ենք գրականությամբ, մենք վիճել ենք, թե ում թատրոնն է ավելի հինը, ավելի լավը, ո՞վ է ավելի լավ ֆուտբոլ կամ շախմատ խաղում:  Սա է եղել մեր մրցակցության հիմքը և սա շատ լավ պատգամ է, որպեսզի մենք կարողանանք փոխանցել մեր զավակներին: 

Սիրելի´ դպրոցականներ, առաջին հերթին ձեզ է վերաբերում, ես վստահ եմ, որ այս պատգամները ձեզ մոտ խորը արմատներ են ունենալու: Այսինքն' մրցել գիտելիքով, ստեղծագործությամբ, մրցել արդար պայքարում և հաղթողին շնորհավորել ու այդ պարագաներում համարել, որ երկուսս էլ հաղթել ենք:

Ձեզնից շատ բան է կախված: Հայաստանում, ես վստահ եմ' նաև Վրաստանում, մենք ցանկանում ենք ունենալ պետություն, հասարակություն, որտեղ առանցքային անձը գիտելիք ունեցող անձն է, հասարակություն, որի առանցքը գիտելիքն է, հասարակություն, որտեղ գիտելիք ունեցող մարդը կարողանում է արժանապատիվ ապրել:

Սիրելի´ դպրոցականներ,

Ասում են, թե Մաքս Պլանկն ուսանող ժամանակ գնացել է իր զառամյալ պրոֆեսորի մոտ  և ասել, որ ցանկանում է իր կյանքն ամբողջովին նվի­րել տեսական ֆիզիկային: Եւ ասում են, որ այդ պրոֆեսորն ասել է. «Երիտասա´րդ, տեսական ֆիզիկայում ամեն ինչ համարյա  թե ավարտված է: Եւ արժե, արդյո՞ք, որպեսզի դու քո ամբողջ կյանքը նվիրես մի այդպիսի անհեռանկար գործի:  Բայց ինչպես շատ-շատերդ գիտեք, Մաքս Պլանկը դարձավ քվանտային տեսության հեղինակը, ստացավ Նոբելյան մրցանակ, այսինքն հասավ իր նպատակին:  Միգուցե, մի քիչ ավելի հեռու գնացի: Ես ուզում եմ բերել Վրաստանի նախագահի օրինակը. ընդամենը 28 տարեկանում նա դարձավ գիտությունների դոկտոր, նոր էր բոլորել 36 տարին, երբ դարձավ Վրաստանի նախագահ: Այս օրինակները գալիս են ապացուցելու, որ եթե մարդ իր առջև նպատակ է դնում և իրեն ամբողջովին նվիրում է այդ նպատակին, ապա հաջողությունը երաշխավորված է: Եւ ես վստահ եմ, որ դուք ձեր առջև մեծ նպատակներ եք դնելու և կարողանալու եք հասնել այդ նպատակներին: Ես ձեզ հորդորում եմ այդ նպատակների մեջ մի փոքր տեղ էլ հատկացնել հայ-վրացական բարեկամությանը, որովհետև, իրոք, այս տարածաշրջանում մենք ամենամոտ բարեկամներն ենք և  պետք է այդ բարեկամությունը փայփայենք, գուրգուրենք, փոխանցենք մեր զավակներին, և այդ բարեկամությունից մեր ժողովուրդները պետք է օգուտ քաղեն:

Ես շատ ուրախ եմ Վրաստանի բուհերում ուսումը շարունակելու ցանկություն ունեցող Հայաստանի ուսանողներին Նախագահի կրթաթոշակ տրամադրելու նոր գաղափարի, առաջարկության համար և վստահ եմ, որ մենք էլ հնարավորություն կգտնենք, և վրացի երիտասարդներն էլ հետաքրքրություն կունենան Հայաստանի բուհերում սովորելու, այսինքն' այս առիթները որքան ավելացնենք, մեր նպատակներն ավելի լավ կարող ենք իրականացնել: Որքան շուտ իրականանան մեր նպատակները, մեր երկրները դառնալու են ավելի անվտանգ:

 Կեցցե´ անվտանգ Հայաստանը,

 Կեցցե´ անվտանգ Վրաստանը»:  

Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ևս իր ողջույնի խոսքում գոհունակությամբ է խոսել օլիմպիադայի անցկացման գաղափարի իրականացման և դրա արդյունքների մասին, նշելով, որ երկրորդ օլիմպիադան անցկացվելու է Վրաստանում:

«Ես ուզում եմ ասել, որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր երկու երկրներն ավելի մոտիկանան, և մեր հարաբերություններն ավելի ամուր դառնան: Ուզում եմ այստեղ հայտարարել, որ ապագայում մենք նախատեսում ենք Նախագահի կրթաթոշակ տրամադրել Հայաստանի ուսանողներին, ովքեր կարող են ուսումը շարունակել Վրաստանի բուհերում: Ես համոզված եմ, որ տարածաշրջանի այս երկու երկրներն անպայման միշտ կողք-կողքի կլինեն, և ձեռք-ձեռքի բռնած կմտածենք մեր ապագայի մասին, որովհետև մեր ապագան պայմանավորված է հենց մեր երկու ժողովուրդների բարեկամությամբ:

Ես մեծ հաճույքով պետք է խոսեմ Հայաստանի Հանրապետության նախագահի' պարոն Սերժ Սարգսյանի մասին, որովհետև ես ընդունում եմ նրան որպես իմ մեծ բարեկամ, լավ գործընկեր, որպես եղբայր, որովհետև ես գիտեմ, որ բոլոր հարցերը մենք միմյանց հետ ենք որոշում: Հիշում եմ անցյալ անգամ, երբ ես այցելեցի Հայաստան, չեմ մոռանում պարոն Սարգսյանի աջակցությունը մեր երկրին: Պարոն նախագահի դիրքորոշումն ու նրա աջակցությունը ես չեմ կարող մոռանալ և չի կարող մոռանալ նաև վրաց ժողովուրդը:

Հայ և վրացի ժողովուրդները շատ խելացի ժողովուրդներ են, և այս դահլիճում մենք կրկին դրանում համոզվեցինք»,- ասել է Նախագահ Սաակաշվիլին:

Հայաստանի և Վրաստանի նախագահները շրջել են նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության Երևանի գիտաարտադրական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին ու ծրագրերին, որից հետո մեկնել են ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի է ունեցել նախագահների առանձնազրույցն ու երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը