Հարցազրույց

26.10.2013 17:10


Կարապետ Ռուբինյան. «Հեսա կստեղծենք ՀՀՇ–ն, նոր կերևա՝ կպահանջե՞նք Սերժ Սարգսյանի հրաժարականը»

Կարապետ Ռուբինյան. «Հեսա կստեղծենք ՀՀՇ–ն, նոր կերևա՝ կպահանջե՞նք Սերժ Սարգսյանի հրաժարականը»

ՀՀՇ կուսակցության հիմնադիր համագումարին ներկա էր նաև Կարապետ Ռուբինյանը, ով տևական ժամանակ Հայաստանում չէր։ Խոսակցություններ էին տարածվել, որ նա արտագաղթել է։ Բայց «7օր»–ի հետ զրույցում Ռուբինյանը պնդել է, որ ընտանեկան հարցերով էր մեկնել Բեյրութ։

–Այժմ վերադարձել եմ նախկին կնոջս թաղմանը մասնակցելու, և ամենայն հավանականությամբ նորից հետ կգնամ։

Մեր հարցին, թե ե՞րբ է վերջնականապես վերադառնալու Հայաստան, Ռուբինյանը նշել է.

–Երբ որ ցորենի հատիկները...(ծիծաղում է.՝ հեղ), չգիտեմ, ընտանեկան հանգամանքները երբ որ կվերանան, կարծում եմ ոչ ավելի, քան մեկ տարի։

Նրանից հետարքրքվեցինք նաև, թե իրեն չի՞ կաշկանդում, որ ընդդիմադիր ներկայացող այս ՀՀՇ–ի հիմնադիրներից Արարատ Զուրաբյանի ծննդյան տարեդարձի թամադան վարչապետ Տիգրան Սարգսյանն էր։

–Չէ, դա անձնական, կենցաղային հարց է, ախր։ Դա ինձ ինչի՞ պիտի կաշկանդի։

–Իսկ այս նորաստեղծ ՀՀՇ–ով Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջո՞ւմ եք։

–Հեսա կստեղծենք, նոր կերևա՝ կպահանջենք, թե չէ։

–Այսինքն, դեռ չե՛ք որոշել։

–Ես անձամբ պահանջում եմ արդեն վաղուց, ուղղակի լսող չկա։

Կարապետ Ռուբինյանը նաև արժանահավատ չի համարում վարչապետ Տիգրան Սարգսյանի պնդումները, թե «օֆշորային սկանդալի» հետ ինքը որևէ առնչություն չունի.

–Ես չեմ հավատում դրան։ Ընդհակառակը, համոզված եմ, որ առնչություն ունի և մեղավոր է։

Ի դեպ, «7օր»–ի հետ զրույցում ՀՀՇ նախաձեռնող խմբի մյուս անդամ Արարատ Զուրաբյանը նշել է, որ չպետք է խախատել Տիգրան Սարգսյանի անմեղության կանխավարկածը և նրան շանս պետք է տալ։

–Դա իրենց կարծիքն է, ես էլ իմ անձնական կարծիքն ունեմ այդ հարցի վերաբերյալ։ Մեր համագործակցությունն ուղղված չի լինելու վարչապետին սպիտակացնելուն կամ սևացնելուն։ Մենք պիտի օբյեկտիվ գնահատականներ տանք՝ որպես կուսակցություն։ Հիմա ով ինչ ասում է, իր անձնական կարծիքն է ասում,–ավելացրել է Կ. Ռուբինյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը