Հարցազրույց

26.10.2013 12:20


Արմեն Ռուստամյանը ՀՅԴ–ի դիրքորոշման, Վահան Հովհաննիսյանի «ականության» և այլնի մասին

Արմեն Ռուստամյանը ՀՅԴ–ի դիրքորոշման, Վահան Հովհաննիսյանի «ականության» և այլնի մասին

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ

–Զորի Բալայանի նամակի մասին ի՞նչ կարծիք ունեք։

–Ես չեմ կարդացել, բայց, ամեն դեպքում, ես դա դիտում եմ Զորի Բալայանի անձնական տեսակետը։ Չեմ կարծում՝ դրա շուրջ պետք է ինչ–որ մեծ աղմուկ բարձրացնել։

–ՀՀԿ–ակաների դրական արձագանքն արդյոք չի՞ գալիս ապացուցելու, որ Բալայանն իրականում այդ նամակը համաձայնեցրել է իշխանությունների հետ։

–Չեմ կարող ասել։ Ես այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում։

–Ղարաբաղը Ռուսաստանին միացնելը ՀՅԴ–ի արտաքին քաղաքականության մեջ որքանո՞վ է տեղավորվում։

–Ոչ մի կերպ։ Մեր համար Ղարաբաղը Հայաստան է։ Հայկական հող է, հայկական տարածք։ Այս փուլում, բնականաբար, մենք առաջնորդվում ենք ԼՂՀ–ի միջազգային ճանաչման տրամաբանությամբ, բայց, ի վերջո, մենք նորից դա դիտում ենք որպես 2–րդ հայկական պետություն՝ կա՛մ անկախ հայկական պետություն, կա՛մ Հայաստանին միացած։ Ուրիշ կերպ մենք չենք պատկերացնում։

–«Արևմտամետ» դեգերումներից հետո Սերժ Սարգսյանը հիմա դարձել է ռուսամետ, ու չի բացառվում, որ նույնիսկ Բալայանի առաջարկին էլ համաձայնվի։ Ինչպե՞ս եք նրա դիրքորոշման այս փոփոխությունը գնահատում։

–Ես հստակ ասել եմ, որ սեպտեմբերի 3–ից հետո մեզ մոտ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել արտաքին քաղաքականության ուղեգծի մեջ, և դա պայմանավորված է առնվազն երկու հիմնական հանգամանքով։ Առաջին՝ սա աշխարհաքաղաքական ընտրության խնդիր է, երկրորդ՝ մեր ազգային անվտանգության եղած համակարգն ամրապնդելուն է ուղղված։ Որովհետև եթե մենք այս ընթացքում չենք կարողացել (իհարկե, շատ քննադատելի է, որ չենք կարողացել) ստեղծել նոր այլընտրանքային անվտանգության համակարգ, ուրեմն պետք է ամրապնդենք այն, ինչ ունենք։ Սա այն է, ինչը որ ստիպված կատարեց Սերժ Սարգսյանն այս իրավիճակում։ Եվ այդ պատճառով ես չեմ կարծում, որ ստեղծված վիճակում որևէ այլ ընտրության հնարավորություն կար։ Սա անվտանգության խնդիր էր, լինելիության հարց էր, և, այդ իմաստով, այդ քայլը կատարվեց։

–Բայց Սերժ Սարգսյանի մեղքո՛վ է այս իրավիճակը ստեղծվել։

–Այ, ուրիշ հարց է, որ միշտ մեր պատմության մեջ լինում են վիճակներ, երբ քո առաջ դրվում է «կա՛մ, կա՛մ»–ի ընտրության հարց։

Ո՞վ էր նրան խնդրել բոլորին «այո» ասել։ Այդ «կա՛մ, կա՛մ»–ի հարցն արդյոք Սերժ Սարգսյա՞նը չի առաջացրել։

–Չէ, դա կարող է նաև իրենից անկախ առաջանա, բայց խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է՝ «կա՛մ, կա՛մ»–երի արանքում մենք ի՞նչ ենք արել, որ կարողանանք մեր ռեսուրսն այնքան մեծացնել, որ մեր կենսական անհրաժեշտության հետ կապված հարցերը կարողանանք ինքնուրույն լուծել։

–Չե՛նք կարողացել։

–Այո՛, չենք կարողացել։ Դա՛ է նվազագույնի հասցվել։

–Ո՞ւմ մեղքով։

–Իշխանությունների՛, բնականաբար։

–Բայց ո՞չ Սերժ Սարգսյանի։

–Իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Հո իրարից անջա՞տ չեն։ Խոսում ենք այն մասին, որ մենք չենք կենտրոնանում նրա վրա, որ մեր սեփական ռեսուրսը մեծացնենք, այլ հույսներս դնում ենք ինչ–որ օտարների աջակցության վրա, նրանց հետ ծրագրեր ենք կապում։ Կարծում եմ՝ սա ամենասխալ, անհեռանկար քաղաքականությունն է, որը մինչև հիմա կատարվել է։ Եվ քանի երկիրը չի կանգնում այն ուղեգծի վրա, որի մասին մենք ասել ենք, որ պետք է առաջնորդվի «Զարգանալ՝ չզիջելո՛վ» կարգախոսով, հենց դրանից շեղվում ենք, ունենում ենք կորուստներ։

–Հետևաբար, այս իրավիճակում որքանո՞վ է տրամաբանական Վահան Հովհաննիսյանի՝ դեսպան նշանակվելուն համաձայնվելը։ «Օտարների աջակցության» վրա քաղաքականություն վարող իշխանության մաս կազմելը որքանո՞վ է տեղավորվում ընդդիմադիր դիրքորոշման մեջ։

–Վահան Հովհաննիսյանը... այս իրավիճակը նկատի ունենալով, որ ոչ թե փոխվելու է Վահա՛ն Հովհաննիսյանը, այլ փոխվելու են արտաքին քաղաքականության չափորոշիչները և ուղղությունը... և դա մենք տեսնում ենք արդեն։ Վահան Հովհաննիսյանի տեսակետները գիտեն այս իշխանությունները։ Եթե նրանք որոշում են և դիմում են, որ նա գնա և այս ճակատն ամրացնի, նշանակում է՝ իրենք պետք է այդ բոլոր հարցերի մասին մտածեին։ Այո՛, Վահան Հովհաննիսյանին եթե նույն հարցերը տան, ինչ որ տալիս էին մինչև դեսպան լինելը, նա նույնն է կրկնելու։

–Բայց չպետք է մոռանալ, որ Վահան Հովհաննիսյանին դեսպանի պաշտոնն առաջարկել էին այն ժամանակ, երբ մեր իշխանությունները դեռ, այսպես ասած, արևմտամետ էին։ Հիմա մոլի ռուսամետ են դարձել ...

–Չի կարելի ասել՝ էդ ժամանակ են առաջարկել, որովհետև ես չեմ կարծում, որ իշխանությունների մոտ այդ փոփոխությունը տեղի ունեցավ հենց ամսի 3–ի առավոտյան։ Դրանից առաջ էլ են քննարկումներ եղել, և որոշումը չի կայացվել մեկ օրում։

–Բայց ե՞րբ են քննարկել. որևէ մեկը տեղյա՛կ չէր Սերժ Սարգսյանի գիշերային որոշումից։

–Օրինակ՝ օգոստոսի 31–ին Եվրոպայի ներկայացուցչին էստեղ տեղեկացրել են, որ փոփոխություն կա։ Ուրեմն, ամսի 3–ի՛ն չի որոշվել։

–Վահան Հովհաննիսյանին ե՞րբ են դեսպանի պաշտոնն առաջարկել։

–Չեմ կարող ասել՝ երբ են առաջարկել, բայց դա էական չէ։

–Չէ, շա՛տ էական է։

–Իրենք եթե որոշում են...ամիս–ամսաթիվն ո՞վ գիտի, որ...չգիտեմ..ինչո՞վ է էական, որ։

–Էական է նրանով, որ Վահան Հովհաննիսյանին այդ պաշտոնն առաջարկել են արևմտամետության փուլում։

–Որտե՞ղ է երևում, որ իրենք այդ ժամանակ արևմտամետ էին։

–Նախ՝ ԵՄ–ի հետ էին բանակցում, և հետո իրենք էին իրենց էդպես ներկայացնում։

–Ես էլ ասում եմ՝ ամսի 3–ից առաջ էլ էր այդ փոփոխության հարցն առկա։ Գոնե գիտենք, որ ամսի 31–ին տեղյակ են պահել ԵՄ ներկայացուցչին։

–Ընդամենը մի քանի օրվա տարբերություն է. դա էական նշանակություն չի կարող ունենալ։

–Ուրեմն, օրվա վրա ֆիքսվելը սխալ է, չէ՞։

–Ինչևէ, եթե մտափոխվեն ու այս ռուսամետության փուլում Վահան Հովհաննիսյանին չնշանակեն դեսպան, կպահանջե՞ք Սերժ Սարգսյանի հրաժարականը։

–Մենք Վահան Հովհաննիսյանի նշանակել–չնշանակելով որևէ բան չենք փոխելու և ասել ենք, հիմա էլ ասում ենք՝ կոալիցիայի մեջ էլ ենք եղել, կոալիցիայից դուրս էլ ենք եղել, Դաշնակցությունը նո՛ւյն տեսակետներն է արտահայտել, դրանք չեն փոխվել։

–Պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը։

–Մենք պահանջում ենք ամբողջական իշխանափոխություն, փոփոխություն թե՛ իշխող վարչակազմի, թե՛ համակարգի, որը ծնում է այսպիսի իշխանություններ։ Դրա մեջ ամե՛ն ինչ մտնում է։

–Միևնույն է, կոնկրետ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին չե՛ք խոսում։

–Ես ձեզ ավելի մեծ բան ասացի՝ ամբողջական իշխանափոխություն։

–Այնպիսի տպավորություն է, որ պարզապես խուսափում եք անմիջապես թիրախավորել Սերժ Սարգսյանին։

–Ես երբեք չեմ սիրում ուրիշի կողմից թելադրված տերմիններով խոսել։ Ինձ մոտ էլ այն տպավորությունն է, որ դուք եք ուզում անպայման ընտրեմ այն, ինչը որ դուք եք ինձ առաջարկում։

–Արդյոք չե՞ք խուսափում Սերժ Սարգսյանին անմիջապես թիրախավորելուց։

–Իսկ արդյոք դուք չե՞ք հետևել մեր բոլոր ելույթներին, որտեղ մենք դուրս էինք եկել ամբողջական իշխանափոխության գաղափարներով, և ասել ենք, որ պետք է ընդհանրապես հրաժարվել նախագահական աթոռից։ Մենք ասում ենք՝ նախագահական համակարգն է մեր դժբախտությունների հիմքում ընկած։ Ով էլ լինի Սերժ Սարգսյանից հետո, նույն էս համակարգի բերած բարիքներից և նրա տված հնարավորություններից փորձելու է օգտվել։ Մենք ավելի լուրջ բաներ ենք ասում, բայց ասողին լսող է պետք։ Սերժ Սարգսյանի հրաժարականը դրա մեջ մտնո՛ւմ է։ Մենք ասում ենք՝ հրաժարվենք նախագահի աթոռից, նախագահ լինելն այս երկրին օգուտ չի բերել, երեք նախագահ ենք ունեցել, երեքն էլ իրենց հերթին իրենց թերություններն ունենալով՝ ամեն ինչ խորացրել են։

–Ամբողջական իշխանափոխություն եք պահանջում, բայց, փաստորեն, գնում եք համագործակցության այդ իշխանությունների հետ։ Սա ո՞ր տրամաբանության մեջ է տեղավորվում։

–Այն պարզ տրամաբանության մեջ, որ մենք դրսում արդե՛ն համագործակցում էինք այս իշխանության հետ, և՛ նախորդի հետ, և՛ նախորդի հետ։ Մենք դրսում միշտ էլ ունեցել ենք համագործակցության եզրեր։ Դուք պարզապես շփոթում եք այն, որ Դաշնակցությունը մյուս կուսակցությունների նման չէ։ Չկա՛ մեկ այլ կուսակցություն, որ աշխարհի 30–ից ավելի երկրներում իր կազմակերպական ներկայությունն ունենա։ Եվ չկա մեկ այլ այդպիսի կուսակցություն, որ Հայ դատի իր գրասենյակների ցանցով աշխատի արտաքին դաշտում։ Իսկ արտաքին դաշտում աշխատել նշանակում է համագործակցել, ուզես թե չուզես։

–Այսինքն, Վահան Հովհաննիսյանին Հայաստանում չի՛ կարելի իշխանության հետ համագործակցել, բայց հենց դուրս գա երկրի սահմաններից, կարելի՞ է։

–Վահան Հովհաննիսյանն անելու է այն, ինչ որ արել է։ Նա մեր 7 կետերից, որ հրապարակել էինք, չի շեղվելու։ Նորից եմ ասում՝ դա նշանակում է, որ իշխանությունների՛ մոտ է ինչ–որ բան փոխվել։

–Ձեր խոսքերից ստացվում է, որ «ակա՞ն» եք ներդնում իշխանությունների մեջ։

–Եթե երկրին ծառայելն ական ներդնել է...այսինքն, մենք ական ենք դնում Ցեղասպանության հարցն առաջ մղելո՞վ։

–Դե, լա՛վ իմաստով ական։

–Լավ իմաստով ականը ո՞րն է։ Պայթելուց ծաղիկնե՞ր ստացվեն։

–Չէ՛, ամբողջական իշխանափոխություն լինի։

–Ակա՞ն է դա։ Էլի եմ ասում՝ դուք ուզում եք, որ ես ձեր տերմիններով խոսեմ։ Լավ իմաստով ականը չեմ պատկերացնում՝ ինչ է։ Եթե պայթելուց բեկորներ չպետք է թռնեն, այլ ծաղիկներ բուսնեն, այո, դա կարող է լավ իմաստով ական լինել։ Եթե կա այդպիսի ական, այո՛, ներդնում ենք։

–Նույն տրամաբանությամբ 2008թ. ՕԵԿ–ը ական դրեց իշխանության մեջ, բայց ծաղիկներ չբուսնեցին։ Ինչպե՞ս եք գնահատում ՕԵԿ–ի այդ քայլը։

–Դա թող ինքը գնահատի, գնահատել է ժողովուրդը. իմ գնահատականը հետին թվով ոչ մի նշանակություն չունի։

–Բարոյակա՞ն եք համարում ՕԵԿ–ի այդ քայլը, որ լինելով ընդդիմադիր՝ համագործակցեց Սերժ Սարգսյանի հետ։

–Ես հավատաքննիչ չեմ և ոչ էլ բարոյախոս։ Մարդկանց բարոյական խրատներ տալուց ես միշտ զերծ եմ մնացել մի՛ դատիր, որ չդատվես տրամաբանությամբ։

–Չե՞ք կարծում, որ ՀՅԴ–ի այսօրվա համագործակցությունը նման է ՕԵԿ–ի քայլին։

–Ո՛չ, բացարձա՛կ։

–Ինչո՞վ նման չէ։

–Ինչով նման չէ՞...դե, նախ՝ Վահան Հովհաննիսյա՛նը նման չէ որևէ մեկին, երկրորդ՝ այստեղ այլ տիպի համագործակցության մասին խոսքը չի գնում։ Մենք մեր դաշտում ենք, մենք ընդդիմության դաշտից դուրս չենք եկել, իսկ ՕԵԿ–ը դուրս եկավ այդ դաշտից զուտ քաղաքական առումով։ Հիմա մյուս ավելի մեծ տարբերությունները նշեմ՝ մենք կառավարության կազմում չենք։ Դեսպանության մեջ աշխատանքի մասին է խոսքը, իսկ այդ համագործակցությունը եղել է դարե՛ր ի վեր և լինելո՛ւ է ցանկացած իշխանության ժամանակ։ Եղել է նաև Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակ, երբ որ մենք արմատական ընդդիմություն էինք։

–ՕԵԿ–ի հետ համեմատությունից վիրավորվո՞ւմ եք։

–Չէ, ես վիրավորականի մասին չասացի։ Ես ասացի՝ կոռե՛կտ չի համեմատությունը, և սար ու ձորի տարբերություն կա։ ՕԵԿ–ը Դաշնակցություն չի՛, որ 30–ից ավել երկրներում ներկայություն ունենա։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը