Հարցազրույց

19.10.2013 12:34


Ստեփան Դանիելյան. «Պարզ է, որ Բալայանը նամակը գրել է իշխանության պատվերով»

Ստեփան Դանիելյան. «Պարզ է, որ Բալայանը նամակը գրել է իշխանության պատվերով»

Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

–Զորի Բալայանի հայտնի նամակը ինչի՞ արդյունք եք համարում։ Արդյոք անկախ Հայաստանում նման նամակի գոյությունն արդարացվա՞ծ է։

–Անկախ Հայաստանում շատ ավելի վատ բաներ են կատարվում, քան այդ նամակը: Նամակն ընդամենը խորհրդանշական նշանակություն ունի: Ես ինքս այդ նամակին աձանձնապես շատ մեծ կարևորություն չեմ տալիս: Այդ նամակի իմաստը շատ հստակ է և թափանցիկ, որի բովանդակությունը կարող ենք կարճ ձևակերպել՝ գույք՝ իշխանության դիմաց:

Ի՞նչ եք կարծում՝ իրականում Զորի Բալայանի նամակը որտե՞ղ է ծնվել։

Պարզ է, որ Բալայանը նամակը գրել է իշխանության պատվերով, ինչը հիմնավորվեց նոմենկլատուրային անձանց կողմից նամակը հիմնավորող մի շարք հայտարարություններով: Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի ինքնավարության աստիճանը կտրուկ նվազել է, և այդ նամակով վարչախումբը Ռուսաստանին առաջարկում է գույք, այսինքն՝ Հայաստանը, իրենց իշխանությունը երկարացներու դիմաց: Մենք այս վարչախմբի ամենօրյա գործողություններով համոզվել ենք, որ Հայաստանն այդ մարդկանց համար ընդամենը գույք է, որը կարելի է գնել և վաճառել:

–Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հատկապես ղարաբաղյան ծագում ունեցող գործիչներն են (Զորի Բալայան, Իգոր Մուրադյան և այլք) Արցախի շահերին հարվածող հայտարարություններ, գործողություններ կատարում։ Եվ նշանակություն էլ չունի՝ նրանք արևմտամե՞տ են, թե՞ ռուսամետ։

–Ես մարդկանց ըստ ծագման չեմ դասակարգում, և առհասարակ, նամակն իրականում Ղարաբաղին չէր վերաբերվում, այլ Հայաստանին: Նրանք Հայաստանն են Ռուսաստանին առաջարկում, իսկ «Ղարաբաղն» այդ նամակում Հայաստանի կոդային անվանումն է: Ինչ վերաբերում է «արևմտամետներին» և «ռուսամետներին», ապա դա նույն երևույթն է տարբեր գարշոկներում: Մեկի համար Պուտինն է հեղինակություն, մյուսի համար՝ Օբաման, որոնցից նրանք ակնկալում են իրենց խնդիրների լուծումները: Դա 18-19–րդ դարերի հայ քաղաքական ավանդույթների վերականգնման փորձ է:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը