Հարցազրույց

24.11.2010 17:53


Ահարոն Ադիբեկյան.

Ահարոն Ադիբեկյան.

Հարցազրույց «Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ

-«Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերությունը հրապարակել  է Հայաստանի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների վերաբերյալ անցկացրած հարցման արդյունքները։ Ինչպե՞ս եք գնահատում այն։

-Ես կարծում եմ, որ որոշ հարցեր կոռեկտ չեն և անիմաստ են, որովհետև պարզ չէր հարցադրման նպատակը՝ հիմնականում կապված այն հարցի հետ, թե «եթե վաղը լինեն ընտրություններ, ո՞ւմ կընտրեիք»։ Ընտրությունը կախված է նրանից, թե կոնկրետ ի՞նչ թեկնածուներ են  ներկայանալու նախագահական ընտրություններին։ Կարող է՝ մնան միայն Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետորոսյանը, կամ Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը, կամ այլ գործիչ, կամ, ասենք, Ծառուկյանը չի մասնակցի ընտրություններին, և այս դեպքերում վերաբաշխումն այլ ձևով կլինի։ Այնպես որ, նման հարցերը իմաստ ունեն միայն նրանով, եթե կենտրոնը մոնիթորինգ է անում հասարակական կարծիքն ու տրամադրությունները, և ժամանակ առ ժամանակ փորձում  է հասկանալ փոփոխման օրինաչափությունները։ Դա մենք միշտ անում ենք։ Նման հարցում մենք  նրանցից առաջ արել ենք, և տվյալների մի մասն արդեն ներկայացրել ենք։ Այն վերաբերում էր հասարակության  վրա գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությանը։ Մնացածը դեռ մշակամնան ընթացքում է։ Մեզ համար կարևոր է որոշել՝ ազդեցությունը դրակա՞ն է, թե՞ բացասական, վստահության խնդիրն ինչ մակարդակի վրա է, քանի որ ավելի կարևոր է, թե ցանկացած հարցի վերաբերյալ՝ թեկուզ ղարբաղյան,  հայ-թրքական հարաբերություների վերաբերյալ որոշումներ կայացնողներին վստահո՞ւմ են, թե՞ ոչ։ Այդ առումով մենք գործնական ուսումնասիրություն ենք կատարում, իսկ նրանց նպատակը մեզ համար անհասկանալի է։

–Ի՞նչ նպատակ են հետապնդել։

–Եթե դա իրազեկում է, պետք է հանդես գալ հանրության համար կարևոր հարցերի վերաբերյալ։ Եթե այն օգնում է իշխանություններին, ապա ի՞նչ խնդիր է դնում։ Կամ եթե ուզում է՝ միջազգային հանրությունը պարզաբանի, թե ներկայումս Հայաստանում ինչպե՞ս են քաղաքական ուժերը հանրային կարծիքի գնահատման տեսանկյունից, ուրիշ խնդիր է, և հարցադրումներն էլ պետք է լինեին մի քիչ այլ ձևի, այլ տեսակի։ Բոլոր դեպքերում՝ մեր սահմանադրությունը թույլ է տալիս իրականացնել հարցումներ և հավաքել տվյալներ ու հրապարակել։ Տարբերությունն այն է, թե ինչ տեխնոլոգիաներով են աշխատում, ինչ որակավորման աշխատակազմ է աշխատում և այլն, և այլն։

–Մրցակցությու՞ն եք զգում։

–Իրենք հարցում են արել, բայց այդ տվյալը պերճախոս չէ, քանի որ իրենք համեմատական նյութ չունեն։ Եթե ես ասեմ, որ հանրությունը այս հարցին այսպես է վերաբերվում, ապա ես նաև կարող եմ ասել, թե այս 20 տարվա ընթացքում այդ չափանիշն ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել, իսկ նրանք նման բան չունեն։ Նրանք ընդամենը լուսանկարում են իրողությունը։ Իսկ մեզ մոտ տեսաֆիլմ է, որը շարժման մեջ ցույց է տալիս, թե ինչ կար, ինչ կա և ինչ կարող է լինել։ Մեկ հացմամբ անհնար է պատկեր ներկայացնել, և նրանք խոստովանում են, որ նման հավակնություններ չունեն։ Ուղղակի մեր եվրոպացի ընկերները եկել են ու փորձում են Հայաստանին չեմ իմանում ինչում օգնել։ Ես պատկերացում չունեմ։ Բայց, բոլոր դեպքերում, նման հարցումներ սովորաբար անում են, երբ բավական լարված քաղաքական կամ սոցիալական իրավիճակ է լինում, երբ սոցիալական խմբերը շարժման մեջ են լինում, և պարզաբանման կարիք կա։ Մենք գտնում ենք, որ ամենակարևոր ներկայացուցչական խնդիրը գլոբալ ճգնաժամն ու նրա հետևանքներն են  Հայաստանի վրա, ռուս-հայկական հարաբերությունները և Ղարաբաղի հիմնահարցի լուծումը։ Բոլորի վերաբերյալ մենք բավականին տվյալ ենք ստացել և տվյալներ ունենք այն մասին, թե ներկայումս ինչ վարկանիշներ և վստահության ինչ մակարդակ ունի քաղաքական վերանախավը, և՝ մի քիչ խորքային։ Ժամանակը կգա, մեզ կպատվիրեն ընտրարշավի համար հարցում անել, թե ինչ կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում իմիջը, ու հասկանանք, թե ինչու տվյալ ժամանակահատվածում նախընտրում են այս կամ այն գործչին, ինչո՞վ է նա վստահություն ներշնչում կամ ինչո՞վ է իր կողմը գրավում կամ վանում։

-Ձեր գործընկերները, քաղաքական դաշտի ներկայացուցիչները մեղադրում են Ձեզ ու ասում, թե Դուք հայ սոցիոլոգիան վերածել եք մանրա–մեծածախ առևտրի։ Ի՞նչ կասեք սրա մասին։

-Դե, այդ գործընկերներն իրականում շատ հեռու են սոցիոլոգիական ֆունկցիայից, որովհետև քաղաքական խաղացողը կամ բիզնեսմենը, մինչև շուկա կամ քաղաքական ասպարեզ մտնելը, պետք է հաշվարկի, թե ո՞նց կընդունեն իրեն, կընդունե՞ն, թե՞ չեն ընդունի, կո՞ղմ կլինեն, թե՞ դեմ, ո՞վ է կողմ, իսկ ո՞վ է դեմ, որպեսզի կարողանա կանխարգելել բացասական քայլերը։ Բայց մեր բիզնեսմենն այսօր կենտրոնում մի լավ տարածք է առնում, միլիոններ է ծախսում, բերում է խանութում շատ էլիտար ֆիրմային ապրանք է դնում, հետո էլ տեսնում է, որ 2 ամիս խանութ մարդ չի մտնում, սկսում է զեղչ անել՝ սկզբում 20%, հետո 50%, հետո 70%, ու փակվում է խանութը։ Դա նրանից է, որ պետք է ուսումնասիրել, թե այս շուկայում այս ապրանքը կվաճառվի՞, ի՞նչ ծավալներով, ի՞նչ գնով կվաճառվի, և  ո՞վ է ապագա գնորդը, որպեսզի գովազդելիս էլ շեշտադրումները ճշիտ արվեն։ Նույնն էլ քաղաքական գործիչը, եթե մտնում է ասպարեզ, պետք է իմանա, թե ովքե՞ր են նրա գաղափարները կիսում, կա՞ մեկը, ով այդ  գաղափարներն արդեն օգտագործում է, ի՞նչ նոր բան կարող է ինքն ասել, ո՞ր սոցիալական խմբի վրա է հենվելու, ինչպե՞ս մոտենա այդ խմբին, ինչպե՞ս գրավի և այլն, և այլն։ Իսկ այստեղ «բառադի» գալիս-մտնում են քաղաքական դաշտ, մի երկու հատ հեռուստահաղորդման են մասնակցում, պաստառներ են տպում, ծրագիր են գրում, մի երկու հատ էլ համաժողով են անում ու մտածում են, թե դարձան քաղաքական գործիչ, բայց այդպես չի լինում։ Գրագետ խաղացողը տարիների ընթացքում հետևում է հանրային կարծիքի փոփոխություններին, մասնակցում է բոլոր մակարդակի ընտրություններին, համայնքներում մեծ հեղինակություն է ունենում, այսինքն վերահսկում է ադմինիստրատիվ ռեսուրսը։ Եթե այդ ռեսուրսը չունենաս, Հայաստանում դու չես կարող հաջող քաղաքական նվաճումների հասնել։ Այսքան մի բան։

-Ինչո՞ւ է ստացվում այնպես,  որ Հայաստանում սոցիոլոգիական հարցումները չեն արտացոլում հանրային տեսակետը։

-Դա լրիվ սխալ կարծիք է։ Հարցումները 100%-ով՝ 1-2%-ի տարբերությամբ, արտացոլում են հանրային տրամադրությունները։ Ուղղակի ամեն մեկը կարծում է, որ իր պատկերացումը հանրային կարծիքի վերաբերյալ ավելի ճիշտ է, քան այն, ինչ ասում են սոցիոլոգները։ Դա պատրանք է։ Եթե մյուս ազգերն այդ հիվանդությունով տառապել-անցել են և արդեն վստահում են հարցումներին՝ հասկանալով, որ պրոֆեսիոնալներն են անում, ապա մեզ մոտ այդպես չէ։ Եթե սովորական մարդն իր շրջապատի կարծիքի վրա հիմնվելով՝ ասում է, թե ճիշտն այդ է,  ներելի է, բայց երբ դա քաղաքական գրծիչ է... Քաղաքական գործիչը զանգ է տալիս ու ասում, թե երբ ինքը փողոց է դուրս գալիս, հարյուրավոր մարդիկ իրեն շրջապատում են։ Բայց ես նրան հակադարձում եմ, որ մենք ունենք 1,5 մլն բնակչություն, նրանք բոլորն էլ հո չե՞ն շրջապատում։ Ուրեմն եթե հարյուրն են շրջապատում, նշանակում է, որ ձայներ կարելի է այդ հարյուրի շրջակայքում գտնել։ Ու այստեղ է, որ կռիվներ են գնում, թե այդպես չէ։ 1996թ. նախագահի 21 թեկնածու ունեինք, և բոլորն էլ ասում էին, թե հաղթելու են կամ երկրորդ փուլ են անցելու։ Երբ մենք նշում էինք, որ ընդամենը 3 կամ 4 հոգի կարող են վիճարկել առաջին և երկրորդ տեղերը, մնացածը զանգ էին տալիս, փնովում էին ու ասում, թե սխալ ենք ասում, սուտ ենք ասում։ Երբ ընտրություններն ավարտվեցին, ու պատկերը մեր ասածով եղավ, արդարացան, թե ընտրությունները կեղծվել են և եթե չկեղծվեին, իրենք կլինեին կա՛մ առաջին, կա՛մ երկրորդ տեղում։ Սա քաղաքական խաղի հայկական տարբերակն է։ Եթե մի բան չի համընկնում իրենց կարծիքի հետ, սուտ է, կամ ով որ դա գրել է, վաճառված է, կամ նրան ահաբեկել են և այլն, և այլն։ Այդպես չէ։ Ես վերջին ընտրությունների ժամանակ ունեցել եմ պատվիրատուներ, որոնց ասել եմ, որ պարտվելու են, բայց նրանք հրապարակավ ասել են, թե Ադիբեկյանը վատ սոցիոլոգ է։

-«Ով  վճարում է, նա էլ երաժշտություն  է պատվիրում» սկզբունքը սոցիոլոգիայի մեջ է՞լ  է գործում։

-Ոչ։ Դա նման է, որ գնաս բժշկին փող տաս ու ասես՝ ինձ ախտորոշի ու ասա, որ ես առողջ եմ։ Բժշկի մոտ գալիս են, որ իմանան, թե ինչ հիվանդություն ունեն, և բժիշկը պարտավոր է դա ցույց տալ։ Երբ ինձ մոտ գալիս են ու հարցնում, թե ի՞նչ շանսեր ունեն, մենք պետք է ճիշտն ասենք։ Մենք մենակ քաղաքական հետազոտություններ չենք անում, մենք նաև շուկայի հետազոտմամբ և գնահատմամբ ենք զբաղվում։ Եթե բիզնեսմենը հարցնի, թե ի՞նչ շանսեր ունի, կվաճառվի՞, արդյոք, իր ապրանքը, թե ոչ, ու մենք ասենք՝ հա՜, միլիոններով կվաճառվի, իսկ հետո պարզվի, որ այդպես չէ, վաղը նա  կթքի մեր երեսին։ Իսկ եթե ասում  եմ՝ գիտե՞ս, քո ապրանքը այս գնով չի վաճառվի, և պետք չէ շուկա մտնել, նա ինձ լսում է, որովհետև նա վստահում է, որ ես ճիշտ  և որակյալ մասնագետ եմ, և իմ կենտրոնը բավականին հեղինակավոր է այդ առումով։

–Ձեր անձի շուրջ տարբեր խոսակցություններ են շրջանառվում։

–Իմ առաքելությունն իմ պատվիրատուին նախազգուշացնելն  է, թե իրեն ինչ կարող է սպասել  ապագայում, և ինչ քայլերով նա կարող է կանխարգելել վտանգները։ Մի թեկնածու, որն ուզում  էր նախագահ դառնալ, ինձ մոտ եկավ, և ես ասացի՝ դուք չեք դառնա նախագահ։ Նա հարցրեց, թե ինչո՞ւ, և ես 12 գործոն թվեցի։ Նա ընդունեց և հարցրեց, թե ինչո՞վ կարող եմ իրեն օգնել։ Ես էլ նշեցի, որ նրա մինիմալ ձայները 6% է, իսկ մաքսիմալը՝ մոտ 20%, ու որ կաշխատեմ հասցնել նրան 20%-ի, և նա համաձայնեց օգտվել իմ առաջարկած օգնությունից։ Այսքան մի բան։

-Իսկ Ձեր անձնական քաղաքական նախապատվությունները չե՞ն խանգարում հարցման արդյունքներն օբյեկտիվ ներկայացնելուն։

-Սոցիոլոգիայում  գոյություն ունի մի էֆեկտ, երբ չափվող գործիքը կամ տեղեկությունը ազդում է օբյեկտի վիճակի վրա։ Դրա համար մենք մի հարցում անում ենք մեր անունով և զուգահեռաբար նաև մեկ ուրիշը՝ այլ կազմակերպության անունով։ Մինչև այսօր մեր անվանումը չի կաշկանդել և չի ազդում պատասխանողի պատասխանների վրա։ Մենք  չենք մոտենում ու բոլորին ասում՝  պատասխանի՛ր։ Մենք հարցնում ենք. «Դուք հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ»։ Եթե ասում է «այո», ուրեմն նա մեր կլիենտն է, և մենք շարունակում ենք հարցումը։ Դրա համար մեր տվյալները ոչ թե ամբողջ ազգաբնակչությանն են վերաբերում, այլ քաղաքական ակտիվ զանգվածին, և նույնն էլ մարքեթինգի առումով։  Եթե մենք պաղպաղակի շուկան ենք ուսումնասիրում, բոլորի տները չենք մտնում, այլ այնպիսի ընտանիք ենք մտնում,  որտեղ պարտադիր երեխա կա, որովհետև գիտենք՝ հիմնական սպառողները երեխաներն են։ Դրա համար մեր տեխնոլոգիաները տարբերվում են այն տեխնոլոգիայից, որը կիրառում է «Պոպուլուսը»։

-Իսկ Ձեր խիղճը մաքո՞ւր է, կարո՞ղ եք ասել, որ օբյեկտիվ եք ներկայացնում սոցիոլոգիական հարցման արդյունքերը։

-Մի պատվիրատու ասաց՝ կարո՞ղ ես մի ստորակետ այն կողմ դնել ու իմ վարկանիշը 10 անգամ բարձրացնել։ Ես էլ ասացի՝ այո՛, կարող եմ, բայց դա թանկ արժե։ Նա էլ հարցրեց, թե ինչքա՞ն։ Ես ասացի՝ իմ կենտրոնի 20 տարվա եկամուտը։ Որովհետև եթե ես 10 անգամ սխալվեմ, վաղն ինձ ոչ ոք պատվեր չի տա։ Դա նույնն է, որ դու գնաս բժշկի, ինքը քեզ սխալ բուժի, և պարզ է, որ դա կնշանակի, որ համբավը կընկնի։ Իմ խնդիրն այն է, որ մարդկանց, ովքեր ուզում են իմանալ, ես տալիս եմ վստահելի տվյալներ։ Մեր պայմանագրում էլ նշված է, թե արդյոք ես իրավունք ունե՞մ տվյալները գիտական նպատակներով կամ հանրությանն իրազեկելու համար օգտագործել։ Կա, որ ասում են, թե չեն ուզում հրապարակել, կա, որ ասում են, թե կարող ենք  հրապարակել, կամ էլ նշում են, որ լավ արդյունքների դեպքում կարելի է հրապարակել, որովհետև նա ինձնից գնում է ինֆորմացիան, և նա դրա սեփականատերն է։ Նա կարող է ինձ արգելել կամ թույլ տալ հրապարակել ինֆորմացիան, բայց նա չի կարող ասել՝ այս թիվը դզի, որովհետև դա նախ իմ էթիկային է դեմ, իմ գիտական պրոֆեսիոնալիզմին, և ես դրան երբեք չեմ գնա։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը 

Այս խորագրի վերջին նյութերը