Աշխարհ

28.09.2013 09:47


ՄԱԿ ԱԽ–ն ընդունել է սիրիական քիմիական զենքը ոչնչացնել պարտադրող բանաձևը

ՄԱԿ ԱԽ–ն ընդունել է սիրիական քիմիական զենքը ոչնչացնել պարտադրող բանաձևը

«Լենտա.ռու»–ի փոխանցմամբ՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 27-ի՝ լույս 28-ի գիշերն ընդունել է սիրիական քիմիական զենքը ոչնչացնել պարտադրող բանաձևը, որը ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը որակել է իբրև երկար ժամանակի ընթացքում առաջին հուսադրող լուր Սիրիայի մասին:

Ըստ «Ասոշիեյթեդ պրես»–ի՝ փաստաթղթին միաձայն աջակցել են ԱԽ բոլոր 15 անդամները: Բանաձևը Սիրիայի իշխանություններին խիստ հետևանքներով է սպառնում, եթե նրանք չկատարեն դրա պահանջները, թեև չի նախատեսում արտաքին ռազմական միջամտություն: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՄԱԿ ԱԽ-ն լրացուցիչ բանաձև ընդունի:

Միևնույն ժամանակ փաստաթղթում կոչ է արվում Բաշար ալ-Ասադի կառավարությանը և ընդդիմադիր խմբավորումներին երկխոսություն սկսել հակամարտության քաղաքական կարգավորման նպատակով:

Հիշեցնենք, որ Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև հակամարտությունը սկսվել է 2011թ. մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ընթացքում զոհվել է ավելի քան 100.000 մարդ: Իրավիճակը սրվեց հատկապես այս տարվա օգոստոսի 21-ից հետո, երբ Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհվեց մոտ 1.500 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը