Հարցազրույց

24.09.2013 21:50


Արեգ Գևորգյան. «Հասարակական համախմբվածությունը ռեժիմի համար ամենավտանգավոր երևույթներից է»

Արեգ Գևորգյան. «Հասարակական համախմբվածությունը ռեժիմի համար ամենավտանգավոր երևույթներից է»

Հարցազրույց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արեգ Գևորգյանի հետ

–Արե՛գ, սեպտեմբերի 18-ին Վճռաբեկ քրեական դատարանին ներկայացվեցին Տիգրան Առաքելյանի խափանման մրջոցը փոխելու 100-ից ավելի երաշխավորագրեր, սակայն դատարանը կրկին մերժեց միջնորդությունը՝ փաստացի չհիմնավորելով մերժման հիմքը: Ի՞նչ եք կարծում՝ իշխանություններն ի՞նչ խնդիր են լուծում Տիգրան Առաքելյանին անազատության մեջ պահելով:

Նախ և առաջ՝ հարկավոր է ըստ արժանվույնս գնահատել ճանաչվածություն ունեցող ու վստահություն վայելող այս բազմաթիվ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, բժիշկների, իրավաբանների և մնացածների նմանատիպ ակտիվությունը տվյալ գործով: Սա խոսում է այն մասին, որ հասարակությունը` իր շերտերի բազմազանությամբ, այլևս չի հանդուրժում քաղաքական հետապնդումների առկայությունը Հայաստանում, և ավելին` պատրաստ է այդ արատավոր երևույթից ազատվելու համար անցնել գործնական քայլերի: Իշխանությունը` ի դեմս դատարանի, իր հերթին մերժելով այդ միջնորդությունները, այսուհետ գնում է բացահայտ առճակատման հասարակության հետ: Հասարակության արձագանքը նմանատիպ հակաժողովրդական դրսևորումներին պետք է լինի համարժեք: Իսկ ինչ վերաբերում է այս ապօրինությունով իշխանությունների կողմից լուծվող խնդրին, ապա կարելի է փաստել մեկ իրողություն՝ տվյալ իրավիճակում, երբ ակնհայտ է քաղաքացիական գիտակցության անհամեմատ բարձրացումը հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում, վախի մթնոլորտը սնուցող քաղաքական հետապնդումները ռեժիմի համար ունեն կենսական նշանակություն: Դրանք շարունակելու են լինել Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման կարևորագույն երաշխիքներից մեկը, քանի դեռ գործող հանցիշխանությունը չի փոխարինվել օրինակարգ իշխանություններով:

Թե՛ մամուլում, թե՛ սոցիալական կայքերում ավելանում են այն քաղաքացիները, ովքեր Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ են ճանաչում և պահանջում են նրան անհապաղ ազատել: Ըստ Ձեզ՝ հասարակական այս պահանջը որքանո՞վ կարող է ազդել դատարանի վրա:

Միայն հասարակական պահանջը կարող է ազդել դատարաններին որոշումներ թելադրող ռեժիմի վրա: Ինչպես տեղյակ եք, արդեն մեկնարկել է Տիգրան Առաքելյանի պաշտպանության համազգային կոմիտե ստեղծելու գործընթացը: Կոմիտեին միանալու համար հարկավոր է ընդամենը ստորագրել մեկ նախադասության տակ՝ «Մենք Տիգրան Առաքելյանին ճանաչում ենք քաղբանտարկյալ և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան»: Այս յուրատեսակ բողոքի գործողությունը իսկապես մեծ արձագանք է ստացել հասարակության շրջանում: Մոտավորապես երկու տասնյակ թերթեր և կայքեր միացել են այս նախաձեռնությանը, ստորագրահավաքին ամեն օր միանում են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քաղաքացիներ: Ելնելով սկզբնական աննախադեպ արդյունքներից՝ կարելի է վստահ ասել, որ նախաձեռնությունն ունի հավակնություններ՝ վերածվելու համազգայինի: Սա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի ցուցաբերած հանցավոր համառությունը Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու գործում արժանանում է հասարակության համարժեք արձագանքին: Եվ եթե համազգային ստորագրահավաքն անտեսվի, ապա մեզ մնալու է միայն բարձրացված պահանջը վերահաստատել մեր ներկայությամբ Երևանի փողոցներում: Իսկ այս լեզուն, ինչպես մենք համոզվեցինք 2011թ.–ի գարնանը, Սերժ Սարգսյանը հոյակապ է հասկանում:

–Սեպտեմբերի 21-ին Դուք ևս մասնակցում էիք մի խումբ քաղաքացիների կազմակերպած Անկախության երթին. ի վերջո, ի՞նչ նպատակ ուներ այդ երթը, և արդյոք այն կարելի՞ է համարել իրագործված:

Երթի նպատակը ՀՀ ինքնիշխանության վերահաստատումն էր, և կարծում եմ՝ մենք բավականին հաջող իրագործեցինք դա` շատ հստակ ցուցադրելով Հայաստանի անկախությունը վտանգող իշխանություններից ազատվելու մեր պատրաստակամությունն ու վճռականությունը: Հարկ է նշել, որ ուրախալի և հուսադրող է գաղափարական բազմաթիվ տարաձայնություններ ունեցող երիտասարդների միասնականության պահպանումը նմանատիպ կարևորագույն հարցերում, ինչպիսին ՀՀ անկախությունն է:

–Անկախության երթից հետո համացանցում ոմանք փորձում են պառակտում մտցնել՝ արհեստական օրակարգ առաջ քաշելով՝ երթը ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ էր ուղղված, այլ Մաքսային միության։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այսբովանդակ խոսակցությունները։

–Պառակտման փորձերը միշտ եղել են և կլինեն մեկ պարզ պատճառով՝ հասարակական համախմբվածությունը, միասնականությունը ռեժիմի համար ամենավտանգավոր երևույթներն են: Նման երևույթներից պետք չէ զարմանալ. ուղղակի հարկավոր է չտրվել սադրանքներին և չներքաշվել դատարկ բանավեճերի մեջ: Իսկ ինչ վերաբերում է անկախության երթի նպատակներին, ապա որքան որ կարելի էր հասկանալ երթի կազմակերպիչների նախնական հայտարարություններից, այն նվիրված էր, եթե ընդհանուր ձևակերպենք, ՀՀ ինքնիշխանության վերահաստատմանը: Եվ իհարկե, դժվար թե հարկ լինի որևէ մեկին բացատրելու, որ այսօր Հայաստանի առջև ծառացած բոլոր վտանգները, այդ թվում՝ ինքնիշխանության վտանգումը, արդյունք են բացառապես Սերժ Սարգսյանի ռեժիմի հանցավոր կառավարման: Հարկավոր է հասկանալ, որ, ամեն դեպքում, Հայաստանի պետականության, անկախության պահպանման միակ երաշխիքը Հայաստանի պետական շահը աճուրդի հանած Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունն է:

Հարցազրույցը վարեց Տաթևիկ Պողպատյանը

Այս խորագրի վերջին նյութերը