Հարցազրույց

25.08.2013 14:20


Կրոմվել Գրիրգորյան. «Փաստաբաններին խնդրում եմ քվեարկել ազատ իրավաբաններին արժանի մղումներով»

Կրոմվել Գրիրգորյան. «Փաստաբաններին խնդրում եմ  քվեարկել ազատ իրավաբաններին արժանի մղումներով»

Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիրգորյանի հետ:

- Պարո՛ն Գրիգորյան, սեպտեմբերի 14-ին տեղի են ունենալու ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Դուք առաջադրել եք Ձեր թեկնածությունը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք

- Ակնկալում եմ, որ ընտրությունները փոփոխություններ ու զարգացում բերեն փաստաբանական հանրույթին, ինչի կարիքը ներկայումս շատ ունենք: Իմ տպավորությամբ՝ փաստաբանների պալատը վաղուց գերապրում է պահպանողականության իր լիմիտը և դարձել է լճացած, «բյուրոկրատական» օղակ, որն իր խնդիրները փաստաբանների առջև իրականացնում է մասնակի ու չհամակարգված, իսկ, որն ամենավատն է՝ հասարակության խնդիրներին ընդհանրապես ադեկվատ չէ:

_ Որո՞նք են փաստաբանների ու փաստաբանների պալատի գլխավոր խնդիրները։ Չե՞ք գտնում, որ փաստաբաններն իրենց քննադատական խոսքով պետք է հանդես գան օրենսդրության և իշխանությունների գործողությունների առումով, ինչպես նաև հաղորդակից լինեն հասարակական խնդիրներին։

- Չնայած իր ինտելեկտուալ ու մասնագիտական տպավորիչ կարողություններին, փաստաբանական հանրույթը ավանդաբար անհրաժեշտ ազդեցություն չի ունեցել հասարակությունում ու պետությունում ընթացող իրավական գործընթացների նկատմամբ կամ այդ ազդեցությունը եղել է խիստ իրավիճակային կամ աննկատ: Բայց ամեն ինչի մասին հերթով. նախ` քննադատությունը միշտ էլ օգտակար է հասարակության համար, սակայն այն չի կարող դառնալ փաստաբանության գերակայություններից գլխավորը. անհնար է օգնել մարդուն, ով ուր որ է կորցնելու է սեփականությունը կամ ազատությունը, անընդհատ կրկնելով որ մեր դատավորները արդար չեն, իսկ օրենքներն անկատար են: Պետք է ինչ գնով էլ լինի օրենքի վրա հիմնվելով օգնել անօրինությունից տառապող քաղաքացուն, աջակցել արդարադատությանը: Այս իմաստով փաստաբաններն ավելի գթասիրտ ու օգտակար են, քան քննադատողները: Միևնույն ժամանակ հասարակության իրավական հիմնահարցերի լուծմանը փաստաբանները պետք է նպաստեն ինտելեկտուալ-իրավաբանական լոբբինգով կամ պոպուլյար հայցադիմումներ դատարաններ ներկայացնելով, որոնցից մեկը ենթադրում է մասնակցություն իրավաստեղծ գործընթացին, մարդու իրավունքների պաշտպանության համար կարևորագույն նշանակություն ունեցող օրինագծերի քննարկումներ նախաձեռնելով (հիմնվելով փաստաբանական հավաքական փորձի ու իրավակիրառական պրակտիկայի «կենդանի տվյալների» վրա)։ Մյուսը` պետական իշխանության ուշադրության կենտրոնացումը դատական այնպիսի վեճերի նկատմամբ, որոնցով շոշափվում են հարյուրավոր մարդկանց շահերը:

- Վերադառնանք ընտրությունների թեմային։ Փաստաբանները կարծես աչքի չեն ընկնում արդար ընտրություններ կազամակերպելու իրենց կարողություններով։ Ի՞նչ երաշխիքներ ունեք որ այս անգամ ընտրությունները չեն ընթանա առանց սկանդալի:

-Դուք ամենացավոտ հարցին անդրադարձաք։ Անկեղծ ասած ինձ այնքան սկանդալները չեն վախեցնում, որքան ընտրությունից ընտրություն պետական իշխանության կամ դատական համակարգի որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներից թեկնածուներից մեկին «սրբազան վստահություն» տալու վերաբերյալ շրջանառություն մեջ դրվող լուրերը: Այսօր այլևս չեն գործում փաստաբանությունը իշխանության վերահսկողության տակ պահելու ավանդական մեթոդներն ու ձևերը, փոխարենը լրիվ կենսունակ են մինչև հաջորդ հերթական ընտրություն փաստաբանների պալատի վերահսկելի նախագահ ունենալու հնարավորությունները: Եթե իմ մտավախությունները իրականություն դառնան, կարող ենք խաչ քաշել անկախ փաստաբանության գաղափարի վրա, որի հետևանքներն աղետալի կլինեն հասարակության ու պետության համար: Ես իմ բոլոր փաստաբան գործընկերներին զգոնության կոչ եմ անում, հորդորում չգայթակղվել նման թեկնածուին սատարելու նեղ, թայֆայական, մերկանտիլ հեռանկարներով: Մեր հեղինակությունը մեր իսկ ձեռքերում է, մենք հասարակության գրագետ ու ակտիվ շերտի ներկայացուցիչներ ենք և պարտավոր ենք ընտրությանը մասնակցել պրոֆեսիոնալ, գիտակցված, բարոյական, ազնիվ մղումներով: Պատասխանատվություն. ահա՛ թե մեզ ինչ է հարկավոր ընտրություններին:

-Պարո՛ն Գրիգորյան, որո՞նք են Ձեր ծրագրի հիմնական առանձնահատկությունները։ Ո՞րն է Ձեր առաքելությունը, ի՞նչն եք ուզում փոխել, ի՞նչն եք ուզում զարգացնել։

–Իմ ընտրական ծրագիրը, ինչպես դուք արտահայտվեցիք, բաղկացած է մի քանի պարզ թեզերից: Հարկավոր է շուտափույթ որոշակիություն մտցնել փաստաբանական գործունեության էության մեջ, այդ թվում՝ օրենսդրական լուծումներ առաջարկելով: Այսօր որակյալ իրավաբանական օգնության ցույց տալու գաղափարը որպես փաստաբանական գործունեության նպատակ կամ սկզբունք ունի շատ կարևոր, սակայն ոչ որոշիչ նշանակություն, քանի որ որակյալության չափանիշները այդպես էլ չհստակեցվեցին, ինչը վաղ թե ուշ պարտավոր ենք անել: Բացի այդ` հեռու եմ այն մտայնությունից, թե փաստաբանները անորակ իրավաբանական օգնություն ցույց չեն տալիս: Ցավոք սրտի նման դեպքերը քիչ չեն մեր իրականությունում: Հարկավոր է օրենսդրորեն զարգացնել ու գործնականում իրականություն դարձնել փատաբանական գործունեության իրավապաշտպան էությունը: Մի կողմից խոսվում է իրավաբանական օգնություն ցույց տալու մասին, մյուս կողմից խրախուսվում է փաստաբանության առևտրայնացումը. իրականում օգնության ցուցաբերումը և առևտրային շահը անհամատեղելի են: Որպես հանրային ինստիտուտ փաստաբանները չպետք է հարկվեն մասնավոր բիզնեսի հարկման կանոններով: Փաստաբանների պալատը պետք է անընդհատ կոորդինացնի փաստաբանական փորձը` պարբերաբար հանդես գալով վերլուծություններով ու զեկույցներով, որոնք կունենան ահռելի գիտագործնական նշանակություն և կբարձրացնեն պալատի հեղինակությունը: Անհրաժեշտ է վերանայել փաստաբանների կարգապահական պատասխանատվության պրակտիկան: Այն պետք է հիմնվի ոչ թե ինչ-որ անձանց կողմից ստեղծված էթիկայի վարքաբանական քարացած կանոնների, այլ նախադեպերի վրա, որոնցից ժամանակ առ ժամանակ կարող են մշակվել արգելված կանոններ: Որևէ պետական մարմնի ակտ, այդ թվում՝ դատական, չպետք է փաստաբանի իրավաբանական պատասխանատվության անքննելի հիմք հանդիսանա չէ՞ որ դատական ակտն էլ կարող է լինել անարդար: Ավելորդ չեմ համարում նշել, որ անհրաժեշտ է խստացնել որակավորման քննություններն ի հաշիվ փաստաբանական մասնագիտության կանոնների ստուգման ընթացակարգերի: Կարծում եմ հարկավոր է ստեղծել փաստաբանական պալատի ամսագիր, որն օգնելու է կապ հաստատել փաստաբանների և պալատի ղեկավարության միջև, լուծել ներփաստաբանական խնդիրները, բարձրացնել փաստաբանների իրավական իրազեկվածությունը: Ճիշտ կլինի վերանայել փաստաբանների վերապատրաստման պրակտիկան՝ նախատեսելով նաև կամավորության տարրեր, ուժեղացնել համագործակցությունը հայաստանյան և միջազգային իրավապաշտպան հասարակական միավորումների, ինչպես նաև այլ պետությունների փաստաբանական ինքնակառավարման մարմինների հետ և այլն: Թող շատ ռոմանտիկ չթվամ, բայց միասնական, համախմբված, ինքնորոշված և ազատ փաստաբանական հանրույթը ապագայում կարող է օգնել պետությանը լուծել նաև իր առջև ծառացած կադրային խնդիրները` դրանով իսկ վերջ դնելով, օրինակ, դատական կորպուսի և փաստաբանների միջև առկա անվստահությանը:

Գաղտնիք բացահայտած չեմ լինի եթե ասեմ, որ իրավապահ և դատական համակարգը բարոյական, ինտելեկտուալ, կամային և մասնագիտական էնթրոպիայի հակվածություն ունի: Ղեկավարին դուր գալը, ղեկավարների տրամադրությունը կռահելը, ուրիշի սխալի համար մեղավոր չդառնալը, չսխալվելը, այն շարժառիթներն են, որոնցից ձևավորվում են բյուրոկրատի վարքի կանոնները` ակտիվություն չդրսևորելը, պատասխանատվությունը ուրիշի վրա գցելը, ռիսկի չդիմելը, ղեկավարին չնեղացնելը, ապահովության կամ պատասխան չտալու նպատակով լավ նախաձեռնությունների հնարավոր «վտանգների» մասին վերադասին նախապես զեկուցելը և այլն: Շատ պաշտոնյաների համար մեղավոր չդառնալը կյանքի հիմնական սկզբունքն է: Այս իրավիճակից դուրս գալու արդյունավետ ելքերից մեկը պետական ապարատի և քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտների միջև կադրային փոխատեղումներն են:

–Ձեր ակնկալիքները Փաստաբանների պալատի ընտրություններից։

-Ես հաջողություն եմ մաղթում իմ բոլոր մրցակիցներին, որոնց նկատմամբ մեծ հարգանք եմ տածում. համոզված եմ, որ նրանք տրամադրված են ազնիվ մրցակցության: Փաստաբանության առջև այնքան շատ չլուծված խնդիրներ կան. հույս ունեմ, որ ընտրությունը անկախ նրանից, թե ով կընտրվի, նոր հեռանկարներ կբացի փաստաբանության համար: Միաժամանակ փաստաբաններին խնդրում եմ անտարբեր չլինել ընտրություններին և քվեարկություն կատարել ազատ իրավաբաններին, մտավորականներին արժանի մղումներով:

Հարցազրույցը՝ Հայկուհի Բարսեղյանի

Այս խորագրի վերջին նյութերը