Լրահոս

16.07.2009 16:53


Կենսաթոշակներն անկանխի՞կ կստանան

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով, սկսած 2009թ. մայիս ամսից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կստեղծվի նաև այլ համակարգերի կենսաթոշակառուների տեղեկատվական բազա, ինչը կնպաստի միասնական կենսաթոշակային քաղաքականության մշակմանը, հնարավորություն կտա մեծացնել սոցիալական պաշտպանության ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաև հետագայում ներդնել կենսաթոշակի անկանխիկ վճարման միասնական համակարգ։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, փոփոխություն է կատարել նախկինում ընդունած իր որոշումներից մեկում, որով մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը Երևան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում և Տերյան փողոցի N 107 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող 53 փախստական ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար Երևան քաղաքի տարածքում ապահովվելու է մեկ բազմաբնակարան շենքի շահագործումը։ Նույն օրենքին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել նաև իր ընդունած մեկ այլ որոշման մեջ, որի համաձայն Հայաստանի ազգային գրադարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Երևանի Վ. Պետրոսյանի անվան N 51 միջնակարգ դպրոցի, Երևանի Բ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի հիմնանորոգման համար նախատեսված կասեցված գումարները ամբողջությամբ կամ մասնակիորեն հատկացվելու են 2009թ. 3-րդ եռամսյակում։

Այս խորագրի վերջին նյութերը