Լրահոս

21.01.2011 16:40


Հ. Բերբերյանը նորանշանակ գյուղնախարարի հայտարարությանը միանշանակ չի վերաբերվում

Հ. Բերբերյանը նորանշանակ գյուղնախարարի հայտարարությանը միանշանակ չի վերաբերվում

2011թ. հուվարի 19-ին գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել էր, թե Հայաստանում գյուղատնտեսությունը կարելի է զարգացնել կամավոր սկզբունքով իրականացվելիք հողերի, տնտեսությունների խոշորացման միջոցով:

-Հատկապես Արարատյան դաշտավայրում մանր հողակտորներ են, որոնց վրա հնարավոր չէ մեխանիզացիա իրականացնել, մեխանիզացնել աշխատանքները,-ասել էր Ս. Կարապետյանը:

Նախարարի այս հայտարարությանը Արգրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը միանշանակ չի վերաբերվում։

-Ես այդ հայտարարությունը չեմ լսել, բայց զարմանում եմ, թե մեկշաբաթյա աշխատանքից հետո այդ ի՞նչ հայտարարություն է եղել։ Ի՞նչ է նշանակում՝ հողերի խոշորացում։ Ի՞նչ է նկատի ունեցել։ Կոլեկտիվացո՞ւմ են անում։ 30 թի՞վն է եկել,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Հ. Բերբերյանը՝ հավելելով,-եթե խոսքը գյուղացիական ասոցիացիաների՝ եվրոպական մոդելի մասին է, որին մենք ձգտում ենք և այդ զարգացման ուղղությունը մշակել ենք, իհա՛րկե, ողջունում ենք։

Դա, նրա խոսքերով, նշանակում է, որ ինչպես Եվրոպայում, ԱՄՆ-ում է, ֆերմերները միավորվում են ընդհանուր շահերի շուրջ՝ այդպիսով լուծելով իրենց ապահովագրության, դիզվառելիքի, թունաքիմիկատների, շուկաների և այլ հարցեր.

-Բայց եթե պետք է ինչ-որ օլիգարխ գյուղացիներից հողը, կոպիտ ասած, խլի, դրան, իհարկե՛, վատ ենք նայում և պայքարելու ենք դրա դեմ։ Եթե օլիգարխները պետք է Հայաստանի գյուղերը, հողերը դատարկեն, մենք, իհարկե՛, դեմ ենք,-ավելացրել է Հ. Բերբերյանը։-Ֆրանսիայի օրինակը կարող եմ բերել՝ ասոցիացիան է տնօրինում այդ հողը, որ հետագայում միայն օգտագործվի գյուղատնտեսական նպատակներով։ Թե չէ, մի օլիգարխ գալիս-առնում է, հետո այդ վարելահողի վրա պահեստ է սարքում։ Մենք սակավահող երկիր ենք և հողերը շաղ տալու իրավունք չունենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը