Լրահոս

06.08.2013 11:35


Վարդան Մինասյան. «Մեր հավաքականին պակասում է միայն կայունությունը»

Վարդան Մինասյան. «Մեր հավաքականին պակասում է միայն կայունությունը»
Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որը պետք է նախապատրաստվի օգոստոսի 14-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպմանը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Վարդան Մինասյանը որոշ պարզաբանումներ տվեց կազմի հետ կապված, ինչպես նաև խոսեց առաջիկա հանդիպման մասին:

-Պարո՛ն Մինասյան, Դուք հրավիրել եք 29 ֆուտբոլիստի: Ինչո՞վ է պայմանավորված ֆուտբոլիստների այսպիսի մեծ քանակը:

-Նախ ասեմ, որ հրավիրված 29 խաղացողներից կընտրվեն 23 խաղացողներ, որոնք էլ կնախապատրաստվեն Ալբանիայի հավաքականի հետ հանդիպմանը: Մ-21 տարեկանների հավաքականն անցկացնելու է իր հանդիպումը օգոստոսի 11-ին, որից հետո այն խաղացողները, որոնք հրավիրվել են նաև երիտասարդական հավաքական, կմիանան մեզ արդեն Ալբանիայում:

-Հրավիրված բոլոր խաղացողները կժամանե՞ն Երևան:

-Քանի որ Կառլեն Մկրտչյանի և Արտյոմ Խաչատուրովի թիմերն իրենց հանդիպումներն անցկացնելու են ուշ, այդ երկու ֆուտբոլիստները մեզ կմիանան միանգամից Ալբանիայում: Հրավիրված ֆուտբոլիստերից կասկածի տակ է նաև Հրայր Մկոյանի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը մարզական հավաքին, քանի որ նրանք երկուսն էլ առայժմ վնասվածքներ ունեն:

-Ի՞նչ նպատակներ եք հետապնդելու Ալբանիայի հետ խաղում:

-Հիմնականում փորձելու ենք խաղալ այն նույն մարտավարությամբ, որով խաղալու ենք Չեխիայի հավաքականի դեմ: Խոսքն այստեղ կազմի մասին չէ, այլ հենց մարտավարության: Աշխատելու ենք խաղաժամանակ տրամադրել բոլոր այն խաղացողներին, ովքեր քիչ են հնարավորություն ունենում դրսևորել իրենց:

-Որքանո՞վ է կարևոր առաջիկա հանդիպման արդյունքը:

-Ցանկացած հանդիպման արդյունք էլ կարևոր է մեզ համար, լինի դա ընկերական, թե պաշտոնական խաղ: Սակայն բավականին երկար ընդմիջումից հետո մեզ համար ավելի կարևոր է տեսնել բոլոր խաղացողներին գործի մեջ, ստուգել նրանց համագործակցությունը: Հավաքականն արդեն ունի հստակ ձեռագիր, և այս կարճ ժամանակում մենք չենք պատրաստվում դիմել կտրուկ փոփոխությունների: Միակ բանը, որ պակասում է մեր հավաքականին, կայունությունն է: Բացի այդ, ես միշտ նշել եմ, որ շատ կարևոր է, որ չլինեն որակազրկումներ, ֆուտբոլիստները չունենան վնասվածքներ, և ամենակարևորը՝ մշտապես խաղան իրենց ակումբներում:

Այս խորագրի վերջին նյութերը