Հարցազրույց

04.08.2013 21:57


Վահե Գրիգորյանն անդրադարձել է ՀԱԿ–ի երիտասարդների գործին

Վահե Գրիգորյանն անդրադարձել է ՀԱԿ–ի երիտասարդների գործին

Հարցազրույց փաստաբան Վահե Գրիգորյանի հետ։

-Պարոն Գրիգորյան, Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի այսօրվա կարգավիճակը համապատասխանում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900 բանաձևով հաստատված «քաղբանտարկյալ» ձևակերպմանը: Ի՞նչ կասեիք այս թեմայով։

–«Քաղբանտարկյալ» հասկացությունն ի սկզբանե եւ առայսօր կիրառելի է միայն քաղաքական դրդապատճառներով հետապնդվող եւ փաստացի անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ, ինչպիսին Տիգրան Առաքելյանն է այս պահի դրությամբ: Սույն գործով մյուս երեք ամբաստանյալներն անմիջապես ձեռք կբերեն այդ կարգավիճակն անազատության մեջ հայտնվելու պահից: Բայց քաղաքական բանտարկյալ ունեցող ռեժիմի բնույթը քաղբանտարկյալների քանակով չի պայմանավորված: Նույնիսկ մեկ այդպիսի բանտարկյալն արդեն իսկ ռեժիմի բռնատիրության ուղիղ ապացույց է: Բանտարկյալների քանակն ուղակի ռեժիմի խուճապի ցուցիչն է։ Այն, որ Տիգրանը քաղաքական բանտարկյալ է, հիմնվում եմ Տիգրանի, Սարգսի, Դավիթի եւ Արտակի դեմ հարուցված եւ ընթացքի մեջ գտնվող քրեական գործի նյութերի վրա:

Իսկ որո՞նք են այդ հիմավորումները:

–Հիմնավորումներն այնքան շատ են, որ մեկ հարցազրույցի սահմաններում հնարավոր է դրանց անդրադառնալ ընդամենը նշումների ձեւով: Այդ պատճառով միայն այն խախտումների մասին մասին, որոնք առանցքային են. 1. ամբաստանյալներին ծեծի եւ բռնությունների ենթարկած որեւէ ոստիկան ոչ միայն պատասխանատվության չի կանչվել, այլ նաեւ երբեւէ որեւէ արդյունավետ քննություն տեղի չի ունեցել ոստիկանների կողմից ամբաստանյալներին ծեծի ենթարկելու այս հայտարարությունների կապակցությամբ: Ինքնին հասկանալի է, որ նման իրավիճակ հնարավոր է միայն քաղաքական իշխանության «բարձր հովանու ներքո»: Այլապես ինչն էր խանգարում ոստիկանությանը՝ ամբաստանյալներին ծեծի ենթարկած ոստիկաններին գոնե կարգապահական պատասխանատվության ենթարկել (նման հանցանքի համար) եւ ամիսներ շարունակ եթերը խլացնել ոստիկանության գործելաոճի թափանցիկության, օրինականության եւ ազնվության մասին մոնոտոն աղմուկով՝ չմոռանալով այդ ամենը համեմել աստվածաշնչյան մեջբերումներով, 2. հետապնդումներն ուղղակիորեն ուղղորդվել են ոստիկանության նախկին պետի՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, ինչի մասին նա հրապարակայնորեն հայտնել է մամլո ասուլիսի ժամանակ: Այսինքն, այն ժամանակ երբ դեռ ընթացքի մեջ էր սույն գործի նախաքննությունը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, հայտնվելով լրատվամիջոցների առաջ, սկսել է հանրությանը ներկայացնել տեղի ունեցածի արդեն իսկ հաստատված «սցենարը», երբ նախաքննությունը դրանից հետո դեռ երկու ամիս շարունակվել է: Այսինքն, հստակ է, որ «պաշտոնական վարկած» կոչվող սցենարը ոստիկանության պետի կողմից հայտարարվելու պահից ի վեր նույն անձին ենթակա ոստիկանները չէին կարող թույլ տալ դրանից որեւէ շեղում՝ թեկուզեւ իրենց վերադասին պաշտպանելու կորպորատիվ շահագրգռվածության բերումով, 3. բոլոր ամբաստանյալները դատապարտվել են բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Կրկնում եմ. նրանք դատապարտվել այն մարդկանց ցուցմունքների հիման վրա, որոնք՝ արդյունավետ, անկողմնակալ եւ ամբողջական քննության արդյունքում մենք դատարանում թեկուզեւ կունենայինք նույն անձանց տուժողների եւ ամբաստանյալների աթոռներին, սակայն հակառակ թեւերում նստած՝ Սարգիսը, Տիգրանը, Արտակը եւ Դավիթը տուժողի, իսկ տուժող ոստիկաններից ոմանք եւ նրանց հրամանատարը՝ ամբաստանյալի աթոռներին: Փորձ էր կատարվել նախաքննության ընթացքում ներգրավել նաեւ «քաղաքացիական» վկաների, որոնք ավելի շուտ պաշտպանության կողմի վկաներ դարձան դատաքննության ընթացքում, քան մեղադրող, քանի որ նրանց տված ցումունքներից հայտնի դարձավ, որ ոչ միայն ականատես չեն եղել դեպքին, այլ նրանցից ոմանք էլ ցուցմունքներ տվեցին իրենց նկատմամբ կիրառված սպառնալիքների եւ բռնության մասին, որը գործադրվել էր ոստիկանության կողմից՝ ցուցմունք կորզելու նպատակով, 4. Նախաքննության մարմնի աջակցությամբ գործից ուղղակիորեն անհետացել է այն ապացույցը, որով հնարավոր կլիներ պարզել իրողությունն առանց դեպքի մանրամասների կողմնակալ վերարտադրությունների։

Իրականում դեպքի վայրը սկզբից մինչեւ վերջ տեսագրվել է ոստիկանության կողմից, ինչի վերաբերյալ ուղղակիորեն ցուցմունք են տվել հենց ոստիկանները: Եւ կարո՞ղ էք պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել այս ապացույցի հետ։ Այն ուղղակի կորել է: Ոչ ավել, ոչ պակաս: Դուք պատկերացնո՞ւմ էք, այնպիսի խաղաղ քաղաքացիական ակցիաներ ինչպիսին նստադուլներն են կամ սովորական պիկետները, ոստիկանության կողմից անհասկանի նպատակով կատարվում են ամբողջական նկարահանումներ այնպիսի ուժերի եւ տեխնիկայի ներգրավմամբ, որ տպավորություն է ստեղծվում որ զուգահեռաբար ոստիկանությունը նաեւ արբանյակային նկարահանումներ է կատարում իրադարձությունների: Սակայն, հենց ոստիկանների խոսքերով, քաղաքի կենտրոնում կես ժամ տեւողությամբ եւ մի քանի տասնյակ ոստիկանների մասնակցությամբ իրադարձությունը, որի ընթացքում ամբաստանյալները իբր շարոնակաբար ծեծի են ենթարկել ոստիկաններին, մնացել է առանց որեւէ պաշտոնական արձանագրման: Իսկ միակ ձայնագրողը, եղել է մի խեղճ ոստիկան, որը, ծիծաղելի է նշել, իր տված եւ իր բարձրաստիճան հրամանատարների հաստատմամբ, կորցրել է այդ ձայնագրությամբ խորհրդավոր հեռախոսը, որի տվյալները արգելվել է հրապարակել՝ օրենքի հնարավոր բոլոր խախտումներով: Արդյունքում. ըստ ՀՀ դատարանների եւ ոստիկանության, Տիգրան Առաքելյանի նման փոքրամարմին երիտասարդն իր երեք ընկերների աննշան օգնությամբ շարունակաբար դիմադրել, ծաղրել, հայհոյել եւ ծեծի է ենթարկել մոտ մեկ տասնյակ կարմիր բերետավոր հաղթանդամ ոստիկանների, որոնք իրենց հրամանատարի գլխավորությամբ, ի զարմանս նույնիսկ հենց դատավորների, ոչ միայն քրիստոնեական խոնարհությամբ հանդուրժել են այդ ամենը, այլ նաեւ Տիգրանին եւ իր ընկերներին շարունակաբար կոչ են արել հանդարտության եւ խաղաղության: Որպեսզի մարդիկ կարողանան մոտավոր պատկերացում կազմել այս ոստիկանների եւ դրանց հրամանատարի հանդուրժողության աստիճանի մասին, ուղղակի պետք է նայել 2013թ-ի ապրիլի 9-ի դեպքերի տեսագրությունը Բաղրամյան փողոցում. Բռնության դիմող ոստիկաններն ու նրանց հրամանատարը նույն մարդիկ են (տե՛ս http://www.youtube.com/watch?v=m1FBU8sQmMQ):

Ինչո՞ւ են այս գործն այսքան ձգձգվում։ Հայաստանյան իրողությունները հաշվի առնելով՝ դա նորմա՞լ պրակտիկա է։

–Քաղաքական բանտարկյալների դատավարությունները նորմաների մեջ չեն տեղավորվում, դրանք աննորմալ դատավարություններ են: Եթե ռեժիմը մարդուն կարող է հետապնդել իր քաղաքական հայացքների կամ համոզմունքների համար, ապա ո՞ր նորմաները նկատի ունեք նման իրավիճակի գնահատման համար: Եթե նկատի ունեք դատավարական իմաստով սա նորմալ պրակտիկա է, ապա վստահաբար կարող եմ ասել, որ ոչ: Սակայն եւ չեմ կարող բացատրել, թե ինչ նկատառումներով կարող են դատավորները այսքան ձգձգել դատավարությունը կամ թույլ տալ այնպիսի դատավարական խախտումներ, որոնք հետագա ձգձգումների առիթ լինեն, ինչպես այս գործում: Իսկ չեմ կարող բացատրել, քանի որ այս ամենի հետեւում իրավունքի եւ քրեական արդարադատության նպատակներին առնչվող որեւէ նկատառում չկա: Ցանկացած իրավաբանի համար հնարավոր է առավել կամ պակաս չափով գործի զարգացման մոտավոր ուղղությունները եւ սցենարները կանխատեսել, եթե գործով լուծումը տրվում է դատավորների կողմից իրավունքի շրջանակներում: Սակայն, ինչպես արդեն հստակորեն ձեւավորված պրակտիկան է, քաղաքական բանտարկյալների դատավարությունները Հայաստանում (ինչպես եւ այլ երկրներում) ոչ հանգուցալուծվում են դատավորների կողմից եւ առավել եւս՝ ոչ էլ իրավունքի շրջանակներում: Այնպես, որ լավագույն դեպքում ձեր հարցին պատասխանել կարող են քաղաքական մեկնաբանները:

Ի՞նչ սպասումներ ունեք օգոստոսի 5-ին կայանալիք Վերաքննիչ քրեական դատարանի նիստից:

–Դատարնները չեն կայացնելու որոշումներ։ Նրանք ո՛չ ի վիճակի են այդ անել, ո՛չ էլ նրանց թույլ են տալու ինքնուրույն որոշումներ կայացնել: Սակայն սա չի նշանակոււմ, որ գործով ամբաստանյալներն իրենց իրավունքների շրջանակում չեն պաշտպանվելու իրավունքի տրամաբանությամբ: Պաշտպանության կողմն ամենայն պատրաստվածությամբ է շարունեակելու իր գործը:

Որեւէ ողջախոհ մարդ չի կարող սպասումներ ունենալ մի դատական համակարգից, որը, գրեթե անփոփոխ կազմով, շարունակում է պաշտոնավարել շուրջ հարյուր քաղաքական բանտարկյալների գործեր քննելու եւ դրանց լուծում չտալուց հետո: Որպեսզի պատկերացնեք, թե ինչ է նշանակում մոտ հարյուր քաղաքական բանտարկյալ ունենալ միաժամանակ, ապա ասեմ, որ ԵԽ անդամ պետություններում նման ցուցանիշ եղել է միայն Հունաստանում՝ սեւ գնդապետների ռազմական հեղաշրջումից հետո, սակայն նույնիսկ այս դեպքում բանտարկյալներին
անազատության մեջ պահելու գործերը մեծ մտահոգություններով էին փոխանցվում դատավորներին։ Նրանք փորձում էին մարդկանց անազատության մեջ պահել հիմնականում վարչական ընթացակարգերի միջոցով, քանի որ նույնիսկ ռազմական դիկտատուրայի շրջանում, ռազմական ղեկավարությունը կասկածներ ուներ, որ դատավորները չեն հնազադվի իրենց հանձնարարություններին: Խնդրում եմ ասեք, ո՞ր դատավորի նման անհնազանդության նկատմամբ Հայաստանում նման կասկած ունեք։

Փաստորեն, խնդրի լուծումը կրին մնալու է միջազգային կառույցների ճնշումների հույսի՞ն:

–Մասնավոր դեպքով այո, բայց սկզբունքորեն՝ ոչ: Նկատի ունեմ, Եթե խոսքը վերաբերում է կոնկրետ անձանց իրավունքների խախտումներին, ապա միջազգային դատարանները կարող են երբեմն խնդրին լուծում տվող ատյաններ դիտվել, ասենք օրինակ այս գործով խախտումները չվերացվելու դեպքում Եւրոպական դատարանը մի քանի տարի հետո կարող է ճանաչել դրանք եւ վարույթների վերաբացման հարց առաջ կգա: Բայց քաղաքական բանտարկայլներ ունենալու հանցավոր պրակտիկայի դեմ այն լուծումներ չի առաջարկելու, իսկ առաջարկելու դեպքում էլ դրանք ի կատար չեն ածվելու: Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ Եւրոպական դատարանի վճռի կատարման վերջնաժամկետից հետո չի կատարում վճռի մասնավոր եւ շատ պարզ պահանջները, ուր մնաց խնդիրներին սկզբունքորեն լուծումներ տա: Նայե՛ք, Թունյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի գործը, որով Էմմա Թունյանի ընտանիքը զրկվել է Բուզանդի փողոցի վրա գտնվող իր մեծ տանից եւ հողակտորից առանց փոխհատուցման արդեն ութ տարի, եւ նույնիսկ եւրոպական դատարանի վճռից հետո կառավարությունը չի վճարել այդ վճռով նախատեսված թեկուզեւ չնչին փոխհատուցումը: Պատկերացրեցի՞ք Եւրոպայի Խորհրդի նախագահող երկիրը չի կատարում այդ կազմակերպության դատական ատյանի ուժի մեջ մտած վճիռը: Եվ ոչ մի գնահատական, հետեւանք: Եւ ոչ էլ որեւէ մեկը նախանձախնդրություն կդրսեւորի այդ կազմակերպություններից՝ պատասխան պահանջել մարդու իրավունքերի ոլորտում ստանձնած ՀՀ պարտավորությունների խախտման համար, եթե, իհարկե, դրանում չլինի կոնկրետ քաղաքական շահագրգռվածություն՝ ամենայն հավանականությամբ խնդրից տարբերվող մեկ այլ հարցի վերաբերյալ: Բայց սա առանձին եւ ընդարձակ թեմա է:

Որո՞նք են ստեղծված իրավաիճակից դուրս գալու ելքերը:

–Քաղաքական բանտարկյալ ունենալը, ինչպես նաեւ այլ՝ ժողովրդի առջեւ ծառացած լուրջ խնդիրները (ժողովրդագրական, բնապահպանական, սոցիալական անապահովության, արտաքին հարաբերություններում փակուղային իրավիճակներում հայտնվելը և այլն) փոխկապակցված և ուղղակի միմյանց հետ կապ ունեցող խնդիրներ են, կասեյի նույնիսկ՝ նույն խնդիրն են: Կոնկրետ այս մասով. յուրաքանչյուրը պետք է զգա խնդրի կարեւորությունը: Ունենալ քաղաքական բանտարկյալ երկրում, նույնն է, թե ընտանիքին ծառայության համար վարձած ծառաներին թույլ տալ բռնանալ ընտանիքի անդամի վրա եւ հնազանդորեն լռել այդ մասին՝ մտածելով, որ նույն բանը քեզ հետ չի պատահի։ Չասեմ թե ինչ անբարո՝ ընտանիքի մակարդակում եւ հակասոցիալական՝ հասարակական մակարդակում ազդեցություն ունի նման վերաբերմունքը: Նման ծառաներից ուղղակի ազատվել է պետք առաջին հերթին ընտանիքի անդամներին եւ դա միայն ու միայն այդ ընտանիքի գործն է:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Պողպատյանի

Այս խորագրի վերջին նյութերը