Հարցազրույց

04.08.2013 15:28


Տ. Զաքարյան. «Երթուղային տրանսպորտը մեզանում իշխանության սիմվոլն է»

Տ. Զաքարյան. «Երթուղային տրանսպորտը մեզանում իշխանության սիմվոլն է»

Հարցազրույց պատմաբան Տիգրան Զաքարյանի հետ։

-Ի՞նչ եք կարծում՝ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ընդվզումը տարբերվո՞ւմ էր նախորդ քաղաքացիական բողոքներից:

-Ընդվզում բառն արդեն խորհրդանշում է, որ տարբերություն կա: Ընդ որում՝ տարբերութունը ոչ միայն քանակական էր` այն կամաց-կամաց ձեռք բերեց մասսայականություն, բայց կարևոր էր որակը: Տրանսպորստի դեպքում քաղաքացին ուներ ընտրություն` վճարել կամ ոչ այդ 150 դրամը, այսինքն՝ բացառիկ դեպք էր, երբ պայքարի բանալին իսկապես քաղաքացու ձեռում էր: Դե իհարկե, տարբեր էր նաև երիտասարդության լայն մասնակցությամբ և նյութի յուրահատկությունից ելնելով՝ հնարավորինս լայն մասսաների մեջ ընդվզումը տարածելու և՛ հնարավորությամբ, և՛ անհրաժեշտությամբ: Պետք է նաև նկատել, որ այս ամենը մնաց հնարավորինս մաքուր քաղաքացիականության սահմաններում, ինչը որոշակիորեն ապահովեց շարժման մասսայականությունը: Շարժումն, ի դեպ, բավական ճկուն կոորդինացվում էր կամ, ավելի ճիշտ՝ ինքնակոորդինացվում էր ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ դրանցից դուրս` կենդանի հրապարակային ֆորմատում:

Մի կարևոր տարբերություն ևս. սա գործողության շարժում էր, ավելի քիչ խոսքի, թեև, իհարկե, խոսքը նրանում կարևոր դեր ուներ: Բայց տեքստը, որ մենք տեսանք, բառային չէր, վերբալ չէր, այն մատուցվում էր պատկերների, սիմվոլների լեզվով, ինչը որոշակիորեն բարդացնում էր գաղափարակիրներ-լսարան հաղորդակցությունը խաթարել փորձողների գործը: Այդ առումով կտրուկ առանձնանում է հուլիսի 26-ի (այն օրը, երբ այդ ապօրինի հրամանը կասեցրին) շատ լակոնիկ «հանրահավաքը» Ազատության հրապարակում, որում ճառ չասվեց, խոսքեր համարյա չեղան, և այդ ամենը խիստ տարբերվում էր հրապարակում մինչ այդ եղածից:

Ըստ Ձեզ՝ այս բողոքն, ինչպես ոմանք են փորձում ներկայացնել, ուղղորդվո՞ւմ էր, թե՞ այն ինքնակառավարվող էր:

Ցանկացած գործողություն ունի ինքնաբուխ և կառավարվող պահեր: Ի վերջո, բացարձակ չկառավարվող նման գործողություն չի կարելի պատկերացնել: Հասկանում եմ, շատերին հանգիստ չի տալիս բողոքի գործողության հետևում որևէ մեկի «ականջները» տեսնելու բուռն ցանկությունը, ինչով նրանք կնսեմացնեն շարժումը, սակայն եթե շարժումը դիտենք իր ամբողջության, դինամիկայի, որոշ թերությունների ու տակտիկական բացթողումների մեջ, ակնհայտ է, որ գործ ունենք կամաց-կամաց ինքնակազմակերպվող (դիտմամբ չեմ ասում` ինքնակազմակերպված քանի որ դա գործընթաց է), զուլալվող, միս ու արյուն առնող շարժման հետ:

Մեր հասարակության ո՞ր շերտերն էին ակտիվորեն մասնակցում քաղաքացիական այս ընդվզմանը:

Կարծում եմ՝ նրա միջուկը տեղեկացված ու գիտակից երիտասարդությունն էր, որն առանձին խավ կարելի է համարել, հատկապես՝ եկամտային տեսակետից: Դրանք չքավոր մարդիկ չեն, կարող էին, ի վերջո, վճարել 50 դրամը, սակայն նրանցից շատերն աշխատում են և գիտեն գնահատել իրենց վաստակը, ունեն արդարության ու արժանապատվության խորը զգացում: Ես բավական զարմացած ու տպավորված էի, երբ տեսնում էի շքեղ ու թանկարժեք մեքենաներ, որոնց վարորդներն ու ուղևորներն ակնհայտ համերաշխություն էին արտահայտում շարժմանը, ինչն իհարկե կարելի է ընկալել իբրև այդ խավի կողմից ևս որոշակի պատրաստակամություն՝ աջակցելու հնարավոր բուրժուա-դեմոկրատական հեղափոխությանը: Համենայն դեպս՝ մի բան ակնհայտ է՝ առավել չքավոր խավը, որն ամենաշատն էր տուժում այս որոշումից, առանձնապես աչքի չընկավ դիմադրությամբ, ինչը խոսում է սովածների բունտերով հեղափոխություն կատարելու տեսությունը առաջ քաշողների փաստարկների դեմ:

Ի վերջո՝ այս ընդվզման դրդապատճառը զուտ հիսուն դրամ վճարել չկարողանալը կամ չցանականա՞լն էր, թե՞ համբերության բաժակը լցվեց տրանսպորտի թանկացմամբ:

–Երթուղային տրանսպորտը մեզանում իշխանության սիմվոլն է, նրա վերարտադրումը տեղի է ունենում երթուղայինների, գծատերերի, դրանց մոտ կանգնած թաղային խաժամուժի ակտիվ մասնակցությամբ, այն ավազակապետության սիմվոլ է: Ուրեմն և երբ ավազակապետության հենասյուներն այժմ անթաքույց, մի կողմ նետելով «պետության» ցուցանակը կրող բուտաֆորիան, անցնում են գրոհի, հասարակությունը մեն-մենակ է մնում թալանչիների հետ ու դիմադրում է:

Այնուամենայնիվ, հասարակության ընդամենը մի մասը դիմադրություն ցուցաբերեց՝ փոքր մասը:

–Այստեղ դիմադրությունը, կարելի է ասել, տարերային էր, համարյա այնպիսին, ինչպիսին կլինի, եթե գիշերով, ասենք, մեզ վրա հարձակվի զինված մեկը ու մեզնից փող պահանջի. Ոմանք գուցե փախչեն, ոմանք դիմադրեն, իսկ թույլերն էլ, ու այդ թվում՝ ֆիզիկապես թույլերը, զուտ ֆիզիկապես վախենալով՝ հլու-հնազանդ տան պահանջված գումարը:

–Այստեղից բխո՞ւմ է, որ ՀՀ-ում քաղաքացիական հասարակություն ասելիս պետք է հասկանալ ընդամենը մի քանի հարյուր մարդ:

–19-րդ դարում, կարծեմ Հյուգոն էր ասում՝ Ֆրանսիան՝ մի քանի հարյուր հոգի են: Շատ բան չի փոխվել: Հայաստանն էլ դրանից ավելի չի՝ եթե նկատի ունենք նրա ակտիվ, մտածող, գործունյա, քաղաքացիական խորը գիտակցությամբ և դրա համար զոհողությունների պատրաստ խավին՝ մտավոր Հայաստանը: Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ մնացածը Հայաստան չեն, պարզապես նրանք այլ՝ ավելի շատ՝ գործողությունների Հայաստան են: Նրանք այն զանգվածն են, որ պիտի մտածածները իրագործեն, առանց որոնց այդ մի քանի տասնյակ կամ հարյուր հոգու գաղափարները կլինեն լոկ ցնորք:

Հասարակությունը, որ անվանում ենք քաղաքացիական, իհարկե, նեղ իմաստով՝ կա, բայց պարփակվում է իմ նշած մի քանի հարյուրով, որոնցից այդ գաղափարը երբեմն–երբեմն տարածվում է դեպի լայն հասարակություն: Կախված այդ նեղ միջուկի և շատ ավելի լայն կեղևի փոխհարաբերության ինտենսիվությունից՝ մենք կարող ենք ասել՝ կա՞ քաղաքացիական հասարակություն, թե՞ ոչ: Ցավոք, մեզանում այդ կապը բավական թույլ է բազմաթիվ պատճառներով, ինչպես, ասենք՝ հասարակության լայն հատվածի լյումպենացումը, նրա հոգևոր աշխարհի ուղղորդված ձևախեղումը իշխող վերնախավի կողմից, վախերն ու արմատացած ֆոբիաները, որ նույնպես ճարպկորեն մանիպուլյացիաների են ենթարկվում: Հույսն, իհարկե, ինչպես փորձը ցույց տվեց, գիտակից երիտասարդությունն է, որն է՛լ ավելի հասուն սոցիալական ու քաղաքացիական գիտակցություն դրսևորեց, քան շատերը կսպասեին՝ ազատ լինելով վախերից ու կաշկանդումներից:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Պողպատյանի

Այս խորագրի վերջին նյութերը